Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵԲԵԴԸ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ

Փետրվար 16,2010 00:00

Փետրվարի 14-ին Լոռու մարզի Դեբեդ գյուղում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ: Առաջադրվել էր 2 թեկնածու՝ անկուսակցական Կամո Պետրոսյանը եւ ՕԵԿ-ական Արարատ Քոչարյանը: 450 տնտեսություն ունեցող Դեբեդ գյուղում կա 613 ընտրող, որից 60-ը արտագնա աշխատանքի պատճառով գյուղից բացակայում է: Այս գյուղը հայտնի է ընտրությունների անկանոն գրաֆիկով: Մոտ 4 տարի առաջ գյուղապետ Ֆելիքս Պապինյանը մահացավ եւ նշանակված արտահերթ ընտրությունների ժամանակ համայնքապետ ընտրվեց Գարիկ Նազլուխանյանը: Ներկայիս թեկնածուներից Կամո Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում, 1991-2003թթ. եղել է գյուղապետ, որից հետո անընդհատ առաջադրել է իր թեկնածությունը, սակայն չի ընտրվել: Իսկ Արարատ Քոչարյանը շուրջ 10 տարի աշխատել է գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ: Նշենք, որ 613 ընտրողից ընտրությանը մասնակցեց 519 մարդ: Կ. Պետրոսյանի օգտին քվեարկել են 271, Արարատ Քոչարյանի՝ 235 ընտրող: 13 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: 36 ձայնի առավելությամբ Կ. Պետրոսյանը դարձավ Դեբեդ գյուղի համայնքապետ:
Ըստ 31/1 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վահան Վանյանի՝ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում. «Ժողովուդը իրազեկված էր ընտրություն կատարելու իր իրավունքից, գյուղացիների ակտիվություն նկատվեց հատկապես կեսօրից հետո, արտառոց դեպքեր չեղան, տեղամասը վերահսկվում էր ոստիկանների կողմից: Եվ ամենակարեւորը՝ ոչ ոք չբռնացավ ընտրողի կամքին, այն ազատ էր եւ թափանցիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել