Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը պատասխանում է «Առավոտի» հրապարակմանը («Քաղաքապետն՝ ընդդեմ ՓՄՁ-ի»,

Փետրվար 16,2010 00:00

Զանգվածային լրատվության միջոցներում տարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ են տրվում Երեւանի ավագանու նախորդ տարվա դեկտեմբերի 2-ի որոշման առնչությամբ (Երեւան քաղաքում տեղական տուրքերի եւ վճարների 2010 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին 46-Ն որոշում): Խոսքը, մասնավորապես, հիշյալ որոշման 4-րդ եւ 5-րդ կետերի՝ ոգելից խմիչքի եւ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքերի մասին է։ Տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով նշենք, որ իրականում, եթե որոշ վարչական շրջանների գլխավոր փողոցներում տուրքը բարձրացվել է, ապա ավելի քան 10 վարչական շրջանների 2-րդական փողոցներում եւ բակային հատվածներում տեղակայված տաղավարների համար այդ նույն տուրքը իջեցվել է, այդ մասին ավելի մանրամասն հետո, մինչ այդ՝ շահարկվող մեկ այլ հարցի մասին:
Ինչո՞ւ է կրպակը սուպերմարկետի չափ տուրք վճարում: Հարցադրումն իսկապես տեղին է, փորձենք բացատրել, թե ինչու. միանգամից նշենք, որ դա որեւէ կապ չունի ավագանու վերը նված որոշման հետ:
Դեռեւս 1997 թ.-ին գործող «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինները համայնքներում իրավասու են սահմանել տեղական տուրքեր, այդ թվում՝ նաեւ ծխախոտի ու ոգելից խմիչքի վաճառքի համար, ընդ որում, օրենքը դրույքաչափերի տարբերակում նույն համայնքի նույն գոտու համար չի նախատեսում: Սա նշանակում է, որ անկախ նրանից՝ այդ տուրքը կլինի 1000, թե 30000 դրամ, նույն փողոցում գտնվող փոքր կրպակն ու սուպերմարկետը վճարելու են նույն տուրքը, այդպես եղել է միշտ, որը, անկախ վճարվող գումարի չափից, քննադատելի մոտեցում է: Նախկինում, երբ մայրաքաղաքը բաժանված էր 12 համայնքի, բնականաբար, թաղային համայնքներից յուրաքանչյուրում սահմանված էր առանձին դրույքաչափ:
Այժմ արդեն Երեւանը 1 համայնք է, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս նույն համայնքի նույն գոտում տարբեր դրույքաչափեր կիրառել: Երեւանի ավագանին «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն կիրառել է գոտիավորման սկզբունքը, որի նպատակը առավել բանուկ հատվածներում գործող տնտեսվարողներին եւ իսկապես ծայրամասում գործող կրպակներին տարանջատելն է եղել: Իրավական այս պայմաններում սա
դիտարկվել է որպես փոքր ու միջին բիզնեսին պաշտպանելու առավել օպտիմալ տարբերակ: Երեւանի գլխավոր փողոցներին հարակից առեւտրային տաղավարները ներառվել են 1-ին գոտում, 2-րդական փողոցները՝ 2-րդ գոտում, բակային տարածքները, փակուղիներն ու նրբանցքները՝ 3-րդ գոտում: Հաշվի է առնվել, որ փոքր կրպակներն ու խանութները հիմնականում տեղակայված են 2-րդական փողոցներում եւ բակային տարածքներում: Ինչ վերաբերում է գլխավոր փողոցներում կամ 1-ին գոտում գտնվող փոքր խանութներին, ապա դրանց համար տարբերակված մոտեցում օրենքը չի նախատեսում: Այնուամենայնիվ, որպեսզի սուպերմարկետն ու կրպակը հավասարաչափ չվճարեն, պետք է փոխել նախ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքը, հետո նոր միայն ավագանու որոշումը: Երեւանի քաղաքապետարանը ընդունում է օրենքի անկատարությունը եւ արդեն ցուցաբերել է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն՝ առաջարկելով կիրառել դրույքաչափերը սահմանելու նոր սկզբունք, այն է՝ բացի գտնվելու վայրից, հաշվի առնել նաեւ առեւտրային օբյեկտի մակերեսը:
Տեղական տուրքի օրենքով նախատեսված առավելագույն դրույքաչափը կիրառվում է 1-ին գոտում. ինչպես ծխախոտի, այնպես էլ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվությունը յուրաքանչյուր եռամսյակի համար կազմում է 30612 դրամ: Նախկինում՝ մինչեւ 2009 թ. վերջը, այս դրույքաչափը կիրառվել է Կենտրոն համայնքում, այսօր այն կիրառվում է ողջ Երեւան համայնքի 1-ին գոտում, որտեղ ընդգրկված է 154 համաքաղաքային նշանակության գլխավոր փողոց եւ պողոտա:
2-րդ գոտում ներառված է 267 փողոց, որի համար սահմանված տուրքը 15000 դրամ է կազմում: 3-րդ գոտում ընդգրկված են մայրաքաղաքի մնացած բոլոր 761 փողոցները, որտեղ տուրքը սահմանված է նվազագույն շեմով՝ 7500 դրամ: Այսինքն, Երեւանի 1182 փողոցից 1-ին գոտում ներառված է մոտավորապես 14%-ը, մոտ 21%-ը ներառված է 2-րդ գոտում, իսկ 65 %-ից ավելին ընկնում է 3-րդ գոտում: Նկատի առնենք. մինչեւ 2009 թ. նախկին թաղային համայնքների կողմից թե՛ ծխախոտի, թե՛ ոգելից խմիչքի համար սահմանված տուրքի նվազագույն շեմը 7500 դրամ է եղել, ինչը նշանակում է, որ այսօր ծխախոտի եւ ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը մեծ մասամբ ոչ միայն չի բարձրացել, այլ առանձին տեղերում իջել է: Այսպես, օրինակ՝ նախկինում Դավիթաշեն համայնքում սահմանված է եղել 25000 դրամ տուրք: Այստեղ այժմ 1-ին գոտում ներառված է 3 փողոց, որտեղ աշխատող տնտեսվարողների համար տուրքը, փաստորեն, մոտ 5000 դրամով բարձրացել է, ինչը տարվա կտրվածքով 1-ին խմբի ապրանքատեսակի համար կազմում է մոտ 20000 դրամ: Փոխարենը՝ Դավիթաշեն համայնքի մնացած փողոցները հայտնվել են 2-րդ եւ 3-րդ գոտում, ինչը նշանակում է, որ նրանց համար տուրքը նվազել է, համապատասխանաբար, տարվա կտրվածքով՝ 40000 եւ 70000 դրամի չափով: Տուրքերը թեթեւացել են նաեւ Էրեբունի վարչական շրջանում, Կենտրոն վարչական շրջանի 2-րդական հատվածներում աշխատող տնտեսվարողների համար: Նշենք նաեւ, որ նվազագույն 7500 դրամ դրույքաչափը կիրառվել է մայրաքաղաքի նախկին թաղային համայնքներից ընդամենը 2-ում, մնացած տեղերում գործել են 10000-ից մինչեւ 30000 դրամ դրույքաչափեր:
Բայց, ի վերջո, ո՞վ է ասել, որ, ասենք, Մալաթիայի տոնավաճառում եւ նրա շրջակայքում կենտրոնացված խանութներն ու շքեղ սուպերմարկետները պետք է նույն ապրանքը վաճառելու համար ավելի քիչ վճարեն, քան, օրինակ, Խորենացու փակուղու խանութները, ո՞րն է տրամաբանությունը, որտե՞ղ է առեւտրային շրջանառությունը ավելի մեծ, եւ, ընդհանրապես, ի՞նչ չափորոշիչներով պետք է սահմանել առեւտրային գոտին: Այն, ի դեպ, անշարժ գույքի կադաստրային գոտու հետ չի կարող լիովին համատեղելի լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել