Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

30% ԿԱՆԽԱՎՃԱՐԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ

Փետրվար 16,2010 00:00

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը երիտասարդ ընտանիքների համար ամենեւին էլ մատչելի չէ

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը ՀՀ կառավարությունում հաստատվելուց հետո՝ միանգամից մեծ արձագանք առաջացրեց հատկապես երիտասարդության շրջանում: Ծրագրի մասին արդեն պաշտոնապես հայտարարելուց հետո՝ արձագանքը միանշանակ դրական էր, երիտասարդ ընտանիքների մեծամասնությունը կարծում էր, թե ծրագիրը «գտած բան է», վերջապես իրենք կկարողանան ձեռք բերել բնակարան, ուստի՝ վե՛րջ վարձով ապրելուն: Սակայն, երբ սկսվեց ավելի մանրամասն եւ փակագծերը բաց խոսվել ծրագրի մասին, շատ երիտասարդներ հասկացան, որ դա այնքան էլ հասանելի չէ իրենց: «Առավոտի» հետ զրույցում 2 անչափահաս երեխաների հայր Նորիկ Հակոբյանը, որն իր ընտանիքով վարձով բնակվում է 2 սենյականոց բնակարանում, ասաց. «Ծրագիրը ընդհանուր առմամբ գովելի է, հատկապես այն, որ վարկի համար վճարվելիք տարեկան տոկոսադրույքը նկատելիորեն ցածր է ֆինանսական համակարգում գործող տոկոսադրույքների համեմատությամբ: Սակայն ծրագիրն անհասանելի է դարձնում 30% կանխավճարի վճարումը, ինչը դժվար թե երիտասարդ ընտանիքը, որը վարձով է ապրում եւ չունի շատ բարձր աշխատավարձ, կարողանա հավաքած լինել»:
Երիտասարդների շրջանում առաջացած այս եւ այլ մտահոգություններ «Առավոտը» փոխանցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանին: Կանխավճարի մասին մտահոգությանը նա արձագանքեց այսպես. «Կանխավճարի գաղափարը ընդունված նորմ է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ընդհանուր ֆինանսաբանկային շուկայում: Այն պիտի դիտարկել՝ որպես կարեւոր հանգամանք: Ի վերջո, ցանկացած պետական նպատակային ծրագիր չի կարող վատթար ազդեցություն թողնել ֆինանսաբանկային ընդհանուր համակարգի վրա: Իսկ կանխավճարը, ըստ էության, շահառուի վճարողականությունը հավաստող եւս մեկ քայլ է: Եվ եթե բնակարանը ձեռք է բերվում կանխավճար անելով, ապա որոշակիորեն մեծանում է բնակարանի լիկվիդայնության խնդիրը, որ եթե մի օր շահառուն այլեւս վարկունակ չլինի, հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունենալու բնակարանի հետ»:
Դառնալով միջազգային ֆինանսական շուկային՝ փոխնախարարը նկատեց. «Աշխարհի շատ երկրներում այսօր բանկերը այլեւս չեն տրամադրում 0% կանխավճար ենթադրող հիփոթեքային վարկեր: Ամերիկյան տնտեսության փլուզման հիմնական գործոնը հենց պետք է դիտարկել այդ վարկերը, որոնք հասան վտանգավորության մի աստիճանի, որից հետո տեղի ունեցան մեզ հայտնի դեպքերը: Իսկ մեր ծրագրի պարագայում 30% կանխավճարի չափաբաժինը նորմալ է հաշվարկված ե՛ւ շահառուների շահերի, ե՛ւ բանկային համակարգի առողջ ընթացքի տեսանկյունից»:
Ներկայումս հասարակության մեջ տարածված է, որ ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդ ընտանիքները, որոնց հաշվեհամարին կա 5 միլիոն դրամ: Պարոն Քարամյանն այս առնչությամբ ասաց. «Կանխավճարի չափը 30% է, բայց գումարի արտահայտվածություն այն ստանում է՝ նայած թե երիտասարդ ընտանիքը ինչ արժողության բնակարան է ձեռք բերում: Եթե անգամ ձեռք բերի առավելագույն՝ 16 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, ապա դրա 30%-ը կարող է լինել ընդամենը 4.8 միլիոն դրամի տիրույթում: Իսկ ծրագրում նախանշված է, որ շահառուն չի կարող ձեռք բերել 16 միլիոն դրամից ավելի արժողությամբ բնակարան»: Քանի որ տոկոսադրույքի բարձրացման մասին էլ են խոսակցություններ պտտվում, Ա. Քարամյանը շեշտեց. «9% տոկոսադրույքի մեջ ներառված են բոլոր տեսակի վճարումները՝ կյանքի, գույքի ապահովագրության վճարը, բանկի ծառայությունների միջնորդավճարները: Ուստի գործ ունենք մաքուր 9%-ի հետ»: Առաջիկա օրերին պատրաստ կլինեն նաեւ ուղեցույցները, որոնցից շահառուները կարող են տեղեկանալ ընթացակարգերին, թե ինչ փաստաթղթեր են իրենց պետք՝ ուր եւ ինչի համար, ինչ ժամկետներում պիտի դիմեն: Մինչեւ փետրվարի 20-ը պարզ կլինեն նաեւ այն 6 բանկերը, որոնք կկատարեն գործարքները:
Սակայն հատկապես մարզերի երիտասարդները փոքր-ինչ երկմտնում են՝ կհաջողե՞ն, թե՞ ոչ, նաեւ վրդովված են փոխնախարարի այն ելույթից, թե մարզերում 7-8 միլիոն դրամով էլ կարելի է բնակարան ձեռք բերել: Նրանց կարծիքով՝ փոխնախարարի ձայնը տաքուկ տեղից է գալիս: Սրան ի պատասխան՝ Ա. Քարամյանը պատասխանեց. «Տաքուկ տեղի խնդիր չունեմ: Ինքս ապրում եմ ընդամենը 60 քմ տարածքով հանրակացարանային մասնաշենքում, 2 անչափահաս երեխաներիս եւ կնոջս հետ: Ուստի իմ ասածի տրամաբանությունն այն էր, որ եթե բնակարանը ավելի էժան լինի, կանխավճարն ու ամսական վճարվող գումարն էլ փոքր կլինեն, եւ բնակարան ձեռք բերելը ավելի հասանելի կլինի երիտասարդ ընտանիքին»: Կես կատակ-կես լուրջ հարցրինք՝ գուցե փոխնախարարն է՞լ դիմի ծրագրին: Նա պատասխանեց. «Չեմ կարծում, երբ ծրագիրը շատ ավելի ընդլայնված տեսքի մեջ լինի, եւ իմ անձը չազդի գոնե մեկ շահառուի վրա, գուցե»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել