Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԽԺՌԵԼ Է ԵՐԵՎԱՆԸ»

Փետրվար 16,2010 00:00

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Կարինե Դանիելյանի գնահատմամբ` Երեւանում այսօր խախտված են բնության բոլոր օրենքները:

\"\"– Տիկին Դանիելյան, Երեւանն ունի նոր քաղաքային իշխանություն, որն ընտրվելիս խոստացել է ընդարձակել Երեւանի կանաչ տարածքները: Ձեր դիտարկմամբ, անցած ամիսներին այդ ուղղությամբ քաղաքապետարանը որեւէ քայլ կատարե՞լ է:
– Անցած ամիսների նկատելի քայլերից մեկն այն էր, որ քաղաքը այս տարի ծաղկաշատ էր, ինչը շատ դրական էմոցիոնալ ֆոն էր ստեղծում: Սակայն բնապահպանական առումով դա մեծ նշանակություն չունի, անհրաժեշտ են մեծ ծառեր, ռեալ կանաչ զանգված: Եվ այս առումով շարժի մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի որ քիչ ժամանակ է անցել: Սակայն ցանկություն ես տեսնում եմ եւ նաեւ փորձում եմ աջակցել: Մասնավորապես, ցանկություն կա ձեւավորել Երեւանի էկոլոգիական խորհուրդ, որտեղ \"\"ներգրավված կլինեն առաջատար մասնագետներ ու հ/կ ներկայացուցիչներ, եւ այդ խորհրդի ջանքերով փորձել շտկել այն սխալները, որոնք իրականացվել են վերջին տարիներին: Այս գարունը կբացվի, կտեսնենք: Մենք բոլոր բնապահպանական հարցերը կդնենք քաղաքապետարանի առջեւ: Եթե դրանց գոնե մի մասը լուծվեց, ուրեմն ինչ-որ բան փոխվում է, եթե ոչ՝ ուրեմն ամեն ինչ շարունակում է մնալ անհույս: Մասնավորապես, մենք պատրաստվում ենք բարձրացնել ծառերի էտման խնդիրը, ինչը, մասնագետների գնահատմամբ, վտանգում է ծառերը: Ըստ իս, դա ավելի շատ արվում է տարբեր օբյեկտների գովազդային վահանակներն առավել տեսանելի դարձնելու համար: Ահա այս խնդրի վերաբերյալ քաղաքային իշխանությունների վերաբերմունքն էլ կլինի այն ինդիկատորը, որը ցույց կտա՝ հակվա՞ծ են նրանք քաղաքի կանաչապատմանը, թե՞ ոչ:
– Ձեր գնահատմամբ, որո՞նք են այն բնապահպանական սխալները, որոնք հնարավոր է շտկել մայրաքաղաքում:
– Բոլոր քաղաքներում փորձ է արվում բեռնաթափել կենտրոնը, մեզ մոտ արվում է ճիշտ հակառակը՝ կենտրոնը անվերջ խտանում է, կանաչ տարածքները վերացվում են, փակվում է Գետառի հունը, որը նաեւ սելավատար է, կատարվում է կառուցապատում՝ առանց հաշվի առնելու ընդերքի առանձնահատկությունները եւ սեյսմիկ վիճակը, ծառահատվում եւ կառուցապատվում են քաղաքը փոշիներից պաշտպանող Նորքի լանջերն ու Մոնումենտի բարձունքը: Երեւանը, տեղակայված լինելով գոգավորության մեջ, կառուցված էր այնպես, որ քամիները պիտի մաքրեին մեր օդային ավազանը, սակայն այսօր կենտրոնում բարձրահարկ շենքեր կառուցելով՝ փաստորեն խոչընդոտում ենք նաեւ այդ բնական մաքրման գործընթացին: Ուստի, այսօր նախեւառաջ պետք է կասեցնել Նորքի լանջերի եւ Դալմայի այգիների կառուցապատումը եւ վերականգնել Մոնումենտի ու Նորքի անտառները: Պետք է իսպառ բացառել կանաչ տարածքի հաշվին կառուցապատումը:
– Ի դեպ, քաղաքի հենց սրտում նման կանաչ տարածքի հաշվին նախատեսված ծրագրին՝ «Հին Երեւանին» Դուք կողմ եք արտահայտվել: Ինչո՞ւ:
– Ես այդ ծրագրի մասին դրական կարծիք ունեմ, քանի որ կարեւորում եմ այն՝ քաղաքի պատմամշակութային դեմքի վերականգնման տեսանկյունից:
– Բայց չէ՞ որ այդ ծրագրի իրականացմամբ կառուցապատման տակ է դրվում մոտ 2 հա կանաչ տարածք, որը, ի դեպ, բացի վերջին Գլխավոր հատակագծից, Երեւանի մինչ այդ եղած բոլոր, այդ թվում ե՛ւ Թամանյանի, Գլխավոր հատակագծերով, պետք է լիներ կանաչ գոտի:
– Ես չեմ հավատում, որ այդտեղ կլիներ կանաչ գոտի: Համոզված եմ, որ այդտեղ էլ կանգնեցվելու էին հերթական բարձրահարկերը: Իսկ այս ծրագիրն ուղղակի չարյաց փոքրագույնն էր, որտեղ հավասարակշռված են կանաչ հատվածներն ու կառուցապատումը: Բացի այդ, ինձ համար հավասարաչափ կարեւոր են ե՛ւ կանաչ տարածքների, ե՛ւ քաղաքի պատմամշակութային դեմքի պահպանությունը:
– Մի քանի տարի առաջ ՀՀ բնապահպանական կազմակերպությունները շատ ակտիվ էին. անընդմեջ լարված վիճակում էին պահում քաղաքային իշխանություններին, ցույցեր անում, կանաչ ոստերով մտնում Երեւանի գլխավոր ճարտարապետի սենյակ եւ այլն: Ո՞րն է պատճառը, որ այսօր նույն ակտիվությամբ չեք պայքարում աղաղակող հակաբնապահպանական երեւույթների, մասնավորապես՝ հենց ձեր պատուհանից երեւացող Օղակաձեւ զբոսայգու 5-րդ հատվածի, ըստ էության, ոչնչացման դեմ: Տեսակետ կա, որ բնապահպանների ակտիվությունն առավելապես պայմանավորված է օտարերկրյա դրամաշնորհներ ստանալու ձգտմամբ:
– Ես չեմ կիսում նման տեսակետը: Ցույցերի եւ այլ հրապարակային ակցիաների առումով, իհարկե, իրավացի եք, գուցե մեր ակտիվությունը նախկինի համեմատ նվազել է: Սակայն նշեմ, որ մեզ միշտ մեղադրել են, թե՝ դուք անընդհատ բղավում եք, բայց տվյալները ցույց են տալիս, որ ամեն ինչ նորմալ է: Եվ ահա, այս ընթացքում մենք կատարել ենք լուրջ ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հրատարակել ենք 3 լեզվով, եւ գիտական այս աշխատանքից ստացված պատկերը ներկայացրել ենք ե՛ւ ԱԺ լսումների ժամանակ, ե՛ւ ՀՀ կառավարություն:
– Այնուամենայնիվ, այսօր քաղաքի կանաչ գոտիներում իրականացվում է այնպիսի ծավալների կառուցապատում, որը տեսանելի է անզեն աչքով, եւ կարիք չկա դրանց մասին բողոքելիս զինվել գիտական տվյալներով: Եվ եթե ժամանակին շատ ակտիվ բողոքում էիք Օպերայի եւ Օղակաձեւ այգու թեթեւ կոնստրուկցիաներով սրճարանների դեմ, ապա այսօր դրանց մեծ մասը վերածվել է երկաթբետոնե հսկա կառույցների. եռահարկ շինություն է կառուցվել նախկին «Կռունկ» սրճարանի տեղում, Շախմատի տան 2 կողմերում, «Տրիումֆ» սրճարանն էլ օրեցօր զավթում է այգու հերթական մետրը եւ այլն: Եվ այս ամենը՝ բնապահպանական կազմակերպությունների քար լռության ներքո:
– Նախկինում գործում էր Երեւանի քաղաքաշինական խորհուրդը, որի անդամն էի նաեւ ես: Սակայն 1 տարի առաջ ես դուրս եկա այդ մարմնից, քանի որ այդտեղ խոսվում էր մեկ բան, բայց արվում էր հակառակը: Եվ հիմնականում ես դուրս եկա Օղակաձեւ զբոսայգու նախկին բաց լողավազանի տեղում կառուցվող այս ահռելի շինարարության պատճառով. ինձ անընդհատ վստահեցրին, որ կփոքրացնեն, որ մի մասը ստորգետնյա կանեն, եւ այլն, սակայն իրականության մեջ ունեցանք այն, ինչն այսօր կա: Ցավոք, մենք այն ազգն ենք, որ մինչեւ դա մեր գրպանին չխփի, մենք չենք հասկանա, որ այդպես չի կարելի անել: Այ, երբ այս ամենը կսկսի կոնկրետ մարդկանց գրպանին խփել, երբ մարդիկ էլ չեն ուզենա կենտրոնում ապրել, այն ժամանակ երեւի կփորձեն հետ կանգնել, շտկել, կանաչ տարածքները ընդլայնել: Բայց վախենամ՝ ուշ լինի: Ագահությունը խժռել է Երեւանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել