Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱԴԱՍԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Փետրվար 16,2010 00:00

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ շրջանառության մեջ է դրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները՝ գլխադասային նշանակելով արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:
«Ժառանգություն» խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը երեկ նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նամակում, մասնավորապես, ասված է, թե բազմաթիվ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ արտահայտվել են «այդ արձանագրությունների կյանքի կոչման արդյունքում Հայաստանի թեեւ հնարավոր օգուտների եւ թեեւ վնասների կապակցությամբ»: Մինչդեռ կառավարությունը չի ներկայացրել որեւէ համալիր կանխատեսում կամ վերլուծություն, «որոնք որակական ու քանակական ցուցանիշներով կնկարագրեին կենսագործունեության բոլոր ոլորտներում հայ-թուրքական սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ Հայաստանի համար ունենալիք դրական եւ բացասական հետեւանքները»:
Հաշվի առնելով այն, որ հայ-թուրքական արձանագրությունները հետեւանքներ են ունենալու ՀՀ անխտիր բոլոր համակարգերի վրա՝ «Ժառանգությունը» խնդրում է ԱԺ նախագահին, որ հայ-թուրքական արձանագրությունները, բացի գլխադասային նշանակված մշտական հանձնաժողովից՝ քննարկման ուղարկվեն նաեւ ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներ, «որոնք ԱԺ նիստում հարցի քննարկման ժամանակ հարակից զեկույց կներկայացնեն իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում այդ արձանագրություններով նախատեսված գործառույթների ունենալիք հնարավոր ազդեցության կապակցությամբ»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները նամակներով դիմել են 12 հանձնաժողովների նախագահներին եւ նաեւ խնդրել են խորհրդարանական լսումներ կազմակերպել տվյալ «հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող ոլորտներում այդ արձանագրություններով նախատեսված գործառույթների ունենալիք հնարավոր ազդեցության գնահատման նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել