Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուքիասյանն ու Ստեփանյանն ազատ արձակվեցին

Փետրվար 16,2010 00:00

Նրանց դեռ մեղադրանք չի առաջադրվել

«Վարչախումբը շարունակում է ապավինել իր գոյատեւման միակ միջոցին՝ քաղաքական հալածանքներին, որոնց թիրախն են սովորական մարդկանցից սկսած, մինչեւ քաղաքական ու տնտեսական գործիչները:Սկսած այն պահից, երբ հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության պաշտպանության օգտին հրապարակավ հանդես եկավ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը եւ Սուքիասյանների ընտանիքը, նրանք եւս դարձան վարչախմբի ապօրինությունների առաջին թիրախներից մեկը:Նրանցից ապօրինաբար խլվել է «Բջնի» հանքային ջրերի գործարանը, զանազան խոչընդոտներով առավելագույնս նեղացվել է նրանց բիզնես-գործունեության շրջանակը, պատճառվել են հսկայական նյութական ու բարոյական կորուստներ:Փետրվարի 12-ին, շարունակելով գործարար այս ընտանիքի դեմ հալածանքները, ոստիկանական հատուկ ջոկատայինները, առանց որեւէ նախազգուշացման ու օրինական հիմք ներկայացնելու, բարբարոսական հարձակման են ենթարկել Սուքիասյաններին պատկանող «Սիլ» կոնցեռնի գրասենյակը եւ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկել «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին եւ կոնցեռնի աշխատակիցներից մեկին:Նրանք ապօրինաբար պահվել են ոստիկանությունում՝ առանց կարգավիճակի ճշտման ու զրկված փաստաբանական օգնության հնարավորությունից:Այս առիթով ոստիկանության տարածած հակասություններով լի պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ վարչախումբը Սուքիասյանների վրա մի նոր հերթական գործ է սարքել, ու ներկայացված մեղադրանքները ոչ մի կապ չունեն իրականության հետ»,- Հայ ազգային կոնգրեսն այս հայտարարությունը տարածել էր նախօրեին՝ մինչեւ Էրեբունիի ոստիկանության բաժին բերման ենթարկված Ս. Սուքիասյանի եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանի ազատ արձակումը: Կոնգրեսը խստորեն դատապարտել էր «ողջ հասարակությանը ահաբեկելուն միտված վարչախմբի հերթական այս խայտառակ քայլը»՝ այն գնահատելով որպես «քաղաքական հաշվեհարդարի ցցուն մի նմուշ, դրա վրա հրավիրում տեղական եւ միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին»։
Նույնպիսի պահանջով երեկ հանդես էր եկել նաեւ Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեն, որը շեշտել էր, թե՝ «գործող իշխանությունները, տարված վրեժի մոլուցքով, հետընտրական այս երկու տարիների ընթացքում ընդդիմադիր թեկնածուին սատարող գործարարների սեփականությունները խլելու, նրանց տնտեսական գործունեությունը կասեցնելու, նրանց սնանկացնելու խնդիր են լուծում», եւ այդ «բնագավառում նրանց ամենախոշոր թիրախը Սուքիասյանների ընտանիքն է»:
Երեկ, դեռ ժամը 18:00-ն չլրացած, իսկ այդ պահին լրանում էր Սուքիասյանի եւ Ստեփանյանի ձերբակալության վերջնաժամկետը, հայտնի դարձավ, որ վերջիններս ազատ են արձակվելու: Նախաքննական մարմինը՝ Էրեբունիի ոստիկանության քննչական բաժինը, որոշում էր կայացրել նրանց կալանքի ենթարկելու հարցով դատարան չդիմել եւ բավարարվել խափանման այլ միջոց ընտրելով՝ ազատ արձակել երկրից չհեռանալու մասին ստորագրության դիմաց:
Սուքիասյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ Սուքիասյանին եւ Ստեփանյանին մեղադրանք չի առաջադրվել: Նրանք կասկածյալի կարգավիճակում են: Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 12-ին ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, վերջիններս կասկածվում էին «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանին, իբր, սպանության իրական սպառնալիքների ճնշման տակ ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրել տալու, իսկ Ստեփանյանին նաեւ ապօրինի զենք կրելու մեջ, թեեւ նրա մոտից որեւէ զենք չէր հայտնաբերվել եւ չէր առգրավվել: Ավելին, բերման ենթարկվածների պաշտպանները՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, դեռ նախօրեին էին հայտարարել, թե իրենց վստահորդների նկատմամբ իրավապահների գործողություններում որեւէ տրամաբանություն, իսկ ձերբակալության համար էլ հիմքեր չեն եղել:
Ակնկալել, որ իշխանությունները, ազատ արձակելով Սուքիասյանին եւ Ստեփանյանին, որոշել են դադարեցնել հետապնդումները Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ եւ ձեռնպահ մնալ ըմբոստ այդ ընտանիքի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից՝ թերեւս, միամտություն է: Սուքիասյանների ընտանիքի ներկայացուցիչները,  մասնավորապես՝ Արա Զոհրաբյանը, դեռ շաբաթ օրն էր «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ակնարկել, որ Գ. Դավթյանն ինքն է իրավապահների եւ հարկային մարմինների կողմից ճնշման «զոհ» դարձել:
Ա. Զոհրաբյանի հայտարարությունից պարզ էր դառնում նաեւ, որ Դավթյանն ուղղակի օգտագործվել է իրավապահների կողմից Սուքիասյանին ձերբակալելու «հիմքեր» ստեղծելու իմաստով, իսկ գլխավոր խնդիրը, ինչպես «Բջնիի» դեպքում, այս անգամ եւս Սուքիասյանների ընտանիքի բիզնեսը խլելն է, որին ուղղակի մասնակցություն ունի ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել