Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ՝ ԵՐԿՉՈՏ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

Փետրվար 16,2010 00:00

Վստահ է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախկին փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը

– Տարաբնույթ կարծիքներ են հնչում հանրապետության նախագահի լոնդոնյան ելույթի վերաբերյալ: Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը:
– Դեռեւս 2008 թվականին առիթ եղել է ուշադրություն հրավիրելու այն հանգամանքի վրա, որ հանրապետության նախագահի ելույթները միջազգային ատյաններում պատշաճ մակարդակով չեն պատրաստվում: Վերջին ելույթը Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, վկայում է, որ դա դառնում է ցավալի ավանդույթ: Ելույթը պատշաճ չէր մասնագիտական լսարանին՝ ոչ իր բովանդակությամբ, ոչ կառուցվածքով, ոչ ոճով, ոչ լեզվական չափանիշներով (թե անգլերեն, թե հայերեն տեքստերը) ու անգամ չէր համապատասխանում վերնագրին: Մանրամասն անդրադարձն այդ ամենին չափազանց ծավալուն կլինի թերթի համար, սակայն գնահատականը հաստատող մի քանի օրինակներ արժե բերել: Ելույթի հայտարարված թեման էր «Արժեքները եւ անվտանգությունը Հարավային Կովկասում», որի ներքո էլ տեքստը տեղադրված է ինստիտուտի կայքում: Ելույթը գրողները դրսեւորել են բացառիկ ընդունակություն՝ նման վերնագրով տեքստում բոլորովին չանդրադառնալով ոչ տարածաշրջանային երկրներին ու Հարավային Կովկասում լուրջ հետաքրքրություններ ունեցող գերտերություններին, ոչ էլ օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմից հետո տարածաշրջանում ձեւավորված աննախադեպ իրավիճակին: Պարզունակ խորհրդային հնարքը՝ մեջբերումների առատությունը, այդ լսարանի վրա կարող էր թողնել միայն տգեղ տպավորություն, իսկ Տվենի խոսքը՝ ընդունվել միայն որպես գրավոր խոսքի անհարկի արդարացում: «Դարերի խորքից եկող» հայ-բրիտանական հարաբերությունների հատվածը վերոհիշյալ թեմայով մասնագիտական լսարանին ներկայացվող ելույթում տեղին չէր, առավել եւս, եթե որպես վկայություն սոսկ պետք է մատնանշվեր ցեղասպանության զոհերի նկատմամբ բարեգութ վերաբերմունքի մի քանի օրինակ եւ թվարկվեր մի քանի հայտնի բրիտանացիների անուններ: Ի դեպ, միայն Ա. Թոյնբիի ուշ շրջանի աշխատանքներին ծանոթ չլինելու դեպքում է հնարավոր նրան մատնանշել ցեղասպանության մասին իրազեկողների շարքում: Չարժե շարունակել հանրապետության նախագահի ելույթի տեքստի բազմաթիվ այլ թերությունների թվարկումը, որպեսզի պարզ լինի, որ այն պատշաճ չէր ոչ որպես նախագահի ելույթ, ոչ որպես նման լսարանին ներկայացվող տեքստ: Կա նաեւ հարցի երկրորդ կողմը. ինչպիսի՞ն էին ղարաբաղյան խնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածները՝ որպես Հայաստանի Հանրապետության տեսակետ: Ցավոք, այստեղ էլ ելույթը պատրաստողները թույլ են տվել մեթոդական եւ բովանդակային մի շարք սխալներ: Կավբյուրոյի մասին խոսվում է որպես ԽՍՀՄ կուսակցական մարմին, Ռուսաստանի փոխարեն, ԼՂ հայության մասին՝ որպես փոքրամասնություն, բնիկ ժողովրդի փոխարեն, եւ այլն: Հայաստանի նախագահը չի ներկայացնում հակամարտության կարգավորման համար ընտրված երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի կոնկրետ կիրառման իր պատկերացումներն ու ակնկալվող արդյունքները, սոսկ բացառելով «այնպիսի զիջումների գնալը, որոնք կվտանգեն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը, արժանավայել ապրելու իրավունքը»: Ավելի անորոշ ձեւակերպում հնարավոր չէ գտնել: Այդ պարագայում հռետորական հարցադրումները՝ «որտե՞ղ էիք…» ձեւաչափով, առավել եւս՝ «չեմ ընկալում», «չեմ ընդունում» «հիմնավորումներով», պատրաստված լսարանի վրա, մեղմ ասած, չեն ազդում: Ցավոք, այդպես էլ Հայաստանի իշխանությունները մնացել են ինքնորոշման իրավունքի մասին նախկին երկչոտ պատկերացումներով ու չեն կարողանում համարժեք ակնկալիքներ ձեւակերպել անգամ միջազգային իրավունքի շրջանակներում բացարձակապես պաշտպանված ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման վերաբերյալ: Նախիջեւանի օրինակի հիշատակումը չի կարող սրբագրել այս հատվածի մատնանշված եւ էլի մի շարք այլ թերություններ:
– «Բայց եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է եւ ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը», Լոնդոնում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ձեր կարծիքով՝ սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի դիրքորոշումը կոշտացել է հայ-թուրքական հարաբերությունների հարցում, եթե այդպես է՝ ինչո՞ւ, որո՞նք կարող են լինել պատճառները:
– Հայտարարելով գործընթացի հնարավոր դադարեցման մասին՝ ՀՀ նախագահը պարզապես փորձում է «ճնշում» բանեցնել Թուրքիայի վրա, թեեւ կարծում եմ՝ Անկարան նման հայտարարությունների ազդեցությամբ քայլեր չի անում: Նույն նպատակով են իշխանությունները նախաձեռնել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխությունները: Սակայն այս դեպքում էլ ազդակը թույլ է: Հայաստանն առանց այդ էլ ցանկացած պահի կարող է դադարեցնել գործընթացը: Քանի դեռ դադարեցման հետ կապված կոնկրետ գործոններ չեն մատնանշվում, սպառնալիքները որեւէ լուրջ ազդեցություն ունենալ չեն կարող: 
– Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ արձանագրությունները ուղարկվելու են (այսօր արդեն ուղարկվել են) խորհրդարան: Ի՞նչ սկզբունք է գործելու, դրանք կքննարկվեն արդեն եկող քառօրյայո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, խորհրդարանը կսպասի, մինչեւ այդ արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից:
– Խորհրդարան ուղարկված ցանկացած պայմանագիր կարող է քննարկման դրվել ցանկացած պահի՝ թե քառօրյա նիստերի ընթացքում, թե արտահերթ նիստով: Բայց Սերժ Սարգսյանը լոնդոնյան ելույթում ուղղակիորեն ասաց, որ արձանագրությունները կվավերացվեն Հայաստանի խորհրդարանում՝ Թուրքիայում առանց նախապայմանների վավերացումից հետո: Թեեւ հայտնի է, որ թե իշխանությունների, թե «փորձագետների» մեջ կան մարդիկ, ովքեր համարում են, որ Հայաստանը առաջինը պետք է վավերացնի արձանագրությունները, սակայն կարծում եմ, որ կլինի այնպես, ինչպես ասաց ՀՀ նախագահը: Եթե, իհարկե, Անկարան վավերացնի դրանք:
– Շատ է խոսվում այն մասին, որ Թուրքիան արձանագրությունները կվավերացնի մինչեւ ապրիլի   24-ը, արդյոք այս ժամկետն այդքան էակա՞ն է:
– Կարծում եմ՝ երկու հանգամանքով է պայմանավորված ապրիլի 24-ի վրա սեւեռումը: Նախ, անցած տարվա նախադեպը, երբ դրա նախորդ օրը հրապարակվեց հայտնի հայտարարությունը: Ինչպես հայտնի է, դա արվեց Օբամայի ուղերձում «Ցեղասպանություն» բառի օգտագործման սպառնալիքի տակ: Քանի որ այն ժամանակ էլ Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ կար Կոնգրեսում, բայց գործեց ուղերձի սպառնալիքը, հավանաբար ոմանք կարծում են, որ այս տարի էլ նման բան կլինի: Ցավալի է, որ ԱՄՆ նախագահի ուղերձի եւ Կոնգրեսի բանաձեւի նախագծի հետ կապված քաղաքական առեւտրի մեջ են ներքաշվում նաեւ մեր հայրենակիցները՝ «կասի, չի ասի» քննարկումներով: Այդ ամենն արդեն անցել է բարոյականության բոլոր սահմանները: Գոնե հայերը չպետք է ներքաշվեն Ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ թուրք-ամերիկյան անհարգալից առեւտրի մեջ: Կոնգրեսի բանաձեւը կամ Օբամայի ուղերձի տեքստը չպետք է գնահատվեն ավելի, քան Միացյալ Նահանգների նախագահի եւ Կոնգրեսի բարոյական կերպարի դրսեւորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել