Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՄԱՆԱԿԵՔ, ԲԱՅՑ ԴԱՏԱՊԱՐՏԵՔ

Փետրվար 16,2010 00:00

ՀՌԱՀ-ը երեկ որոշակի փոփոխություններով հաստատեց «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները»:

Չնայած Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի երեկվա նիստի մասին ծանուցումը վաղօրոք տեղադրված էր ՀՌԱՀ կայքէջում, եւ տեղեկացվել էին նաեւ այս մարմնում հավատարմագրված ԶԼՄ-ները՝ որեւէ մեկը, բացի «Առավոտի» թղթակցից, ներկա չէր քննարկմանը: Առավել զարմանալի էր հեռուստաընկերությունների բացակայությունը՝ ստացվում է, որ նրանց առանձնապես չեն մտահոգում հեռուստառադիոհաղորդումների այս չափորոշիչները, որոնք անցած ողջ շաբաթվա ընթացքում դարձել էին մամուլի ակումբներում բանավեճերի հիմնական թեման:
Մեկ հանդիսատեսով, ՀՌԱՀ 6 անդամներով եւ աշխատակազմի 3 ներկայացուցիչներով անցած նիստը տեւեց բավական կարճ: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հետաքրքրվեց. «Հանձնաժողովի անդամները որոշման նախագծի մասին արտահայտվելու ցանկություն ունե՞ն»: ՀՌԱՀ անդամ Արամ Մելքոնյանը հոգնած արձագանքեց. «Չէ՜, էնքան ենք էս վերջերս արտահայտվել՝ էլեմենտներս նստել են»: Սակայն կային հանձնաժողովի այլ անդամներ, որոնք տակավին թարմ լիցքերով էին խոսում այս փաստաթղթի մասին: Մասնավորապես՝ Կորյուն Առաքելյանը քննարկման ամենաերկար՝ շուրջ 2 րոպեանոց ելույթ ունեցավ: Մասնավորապես խոսեց Հանրային խորհրդում նույն թեմայով քննարկումների մասին եւ առաջարկեց համատեղել իրենց գործունեությունը. «Սա այն հարցը չէ, որ մենք ընդունեցինք, ու մտածենք, թե որպես դոգմատիկ սա պիտի ընդունվի եւ այլեւս շարժեր էլ չլինեն: Որովհետեւ գործողության մեջ շատ-շատ հարցեր կպարզվեն, մութ տեղեր, թույլ տեղեր, որոնք ընթացքում, կարծում եմ, կուղղվեն»: Գրիգոր Ամալյանը հետաքրքրվեց, թե ենթադրում է, որ չափորոշիչներն առավե՞լ կուժեղացվեն: «Չէ՜,- անմիջապես հրաժարվեց Կորյուն Առաքելյանը:- Ոչ թե ուժեղացվի, այլ…»: Ու միտքը կիսատ թողեց: ՀՌԱՀ նախագահը քվեարկության դրեց չափանիշները հաստատելու հարցը: Որոշումն ընդունվեց միաձայն:
Այժմ ներկայացնենք, թե նախագծի համեմատ՝ ինչ բովանդակային փոփոխություններ են արվել արդեն ընդունված չափորոշիչներում: Էրոտիկ բնույթի դրվագների վերաբերյալ «ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնեցված նկարագրություն»՝ կատակների առիթ դարձած ձեւակերպումը փոխարինվել է «Սեռական հարաբերությունների խոսքի կամ ձայնի ուղեկցությամբ նկարագրությունը չի կարող պարունակել սեռական գործողության մանրամասներ» արտահայտությամբ:
Սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի չափորոշիչներում այլեւս չկա հետեւյալ թվարկումը՝ «Արնախում հրեշների, գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների, կենդանի մեռյալների, մարդասպանների, մահաբեր աղանդների, սատանայական կամ դժոխային արարածների, մոլագարների, գերբնական երեւույթների ցուցադրումը, որոնք պարբերաբար հայտնվում են անսպասելի եւ խաղաղ իրավիճակներում, ինչպես նաեւ բնական աղետների չափազանցված պատկերումը»: Չկա նաեւ այն ձեւակերպումը, թե այդ տեսարանները պիտի առաջացնեն «լրացուցիչ դիսթրեսս»: Ըստ որոշման վերջնական տարբերակի՝ սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմեր են նրանք, որոնք ցուցադրում են՝ «ա) վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարաններ. բ) մարդկանց, ինչպես նաեւ կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների եւ արյունահեղ տեսարաններ»: Անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների բաժնում ավելացել է նոր կետ. «Նսեմացնում ու վարկաբեկում են ազգային եկեղեցուն եւ նրա կողմից քարոզվող արժեքները»: Նախագծի այն դրույթը, ըստ որի՝ հնարավոր բացասական ազդեցություն կարող է ունենալ նաեւ «ֆիզիկական եւ հոգեկան արատներ ունեցող անձանց նմանակումը եւ ծաղրումը», վերջնական տեքստում շարադրվել է այսպես. «Ծաղրում կամ ծաղրելով նմանակում են ֆիզիկական ու հոգեկան արատներով անձանց»: Իսկ «թմրամոլներին եւ հարբեցողներին նմանակելը» վերափոխվել է «Ցուցադրում կամ նմանակում են թմրամոլի կամ հարբեցողի` առանց դատապարտելու թմրամոլությունը եւ հարբեցողությունը»:
Ի դեպ, որոշումն այլեւս էրոտիկ բնույթի հաղորդումների վերաբերյալ չի պարունակում նախագծի հետեւյալ դրույթը. «Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ցուցադրումը որպես դրվագ նպաստում է ստեղծագործության գեղարվեստական գաղափարական մտահղացման իրականացմանը եւ ապահովում է բովանդակային ամբողջականությունը»: Այժմ միայն նշված է. «Ժամը 6.00-24.00 ընկած ժամանակահատվածում ցուցադրվող հաղորդումները չեն կարող պարունակել էրոտիկ դրվագներ եւ սեռական գործողության տեսարաններ»:

Հ. Գ. ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի մեկնաբանությունները չափորոշիչների վերջնական տարբերակի վերաբերյալ՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել