Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 13,2010 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնութերորդ

ԿՐԿՆՎՈՂ ԺԱՄԱՆԱԿ

Եվ ես Սոկոլովին ասացի՝ «ես գնամ՝ տղերքը սպասում են», եւ Սոկոլովը մտահոգ ասաց՝ «էս խոսակցությունը մեր մեջ ա չէ՞ մնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «չես ուզո՞ւմ իմանան, որ Սանյայի պատմվածքը հավանել ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համարյա բոլորին ասել եմ, որ հավանել եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ի՞նչն ա մեր մեջ մնում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «չեմ ուզում իմանան, որ էդ ալկաշի պատմվածքը կարդալուց հետո նորից սկսել եմ գրել», եւ ես զարմացած հարցրի՝ «արդեն սկսե՞լ ես, թե՞ նոր ես սկսելու», եւ Սոկոլովը կարմրելով ասաց՝ «արդեն հինգ էջից ավել գրել եմ», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «կապիրովկայո՞վ», եւ Սոկոլովը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «կապիրովկայով, բայց՝ գեղարվեստական» եւ մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «չնայած հարեւաններս մի գլուխ շեղում էին, բայց արդեն հինգ էջից ավել գրել եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «գրողներ կան, որ ավելի ծանր պայմաններում են ստեղծագործում» եւ ժպտալով ավելացրի՝ «հենց թեկուզ Սանյան», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «կտա՞ս էդ գրածդ կարդամ», եւ Սոկոլովն ամոթխած ժպտալով ասաց՝ «որ վերջացնեմ՝ կտամ», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ հետաքրքիր ա», եւ Սոկոլովը հարցրեց՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ ես ասացի՝ «հետաքրքիր ա՝ ինչի մասին ես գրել», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մանկությանս տարիների մասին ա», եւ ես ժպտալով ասացի՝ «Սանյայի պատմվածքն էլ էր տեղ-տեղ մանկության մասին», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «իմ գրածն իրա պատմվածքի հետ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «ես շատ ծանր մանկություն եմ ունեցել», եւ ես ասացի՝ «Սանյան էլ առանձնապես թեթեւ մանկություն չի ունեցել», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ ես ասացի՝ «իրա գրածներից ա զգացվում», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «իրանից ուրիշ գործեր էլ ե՞ս կարդացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Սոկոլովն ավելի զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ ես կարդացել», եւ ես ասացի՝ «ինքն ա տվել», եւ Սոկոլովը հարցրեց՝ «ձեռագրերն ա՞ տվել», եւ ես ժպտալով ասացի՝ «մեքենագրած», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «փաստորեն, ինքը քեզ ավելի ա վստահում, քան՝ ինձ», եւ ես ժպտալով ասացի՝ «տրամաբանական ա», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա տրամաբանական», եւ ես ասացի՝ «որովհետեւ դուք իրար հետ խռով եք», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրանից չի», եւ ես հարցրի՝ «բա ինչի՞ց ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը ինձ կոնկուրենտ ա համարում», եւ ես ժպտալով հարցրի՝ «որպես ի՞նչ ա քեզ կոնկուրենտ համարում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որպես գրող», եւ ես ծիծաղելով ասացի՝ «բայց դու նոր ես սկսել գրել», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը չգիտի, որ նոր եմ սկսել», եւ ես ժպտալով ասացի՝ «այսինքն, Սանյան ինձ կոնկուրենտ չի՞ համարում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ ո՞նց կոնկուրենտ կհամարի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նախ՝ դու հայերեն ես գրում. ինքը քո գրածները չի հասկանում», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց դու ընդհանրապես չես գրում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժամանակին լավ էլ գրել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էսօր էլ նորից սկսեցի», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց Սանյան չգիտի, որ սկսել ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շուտ թե ուշ կիմանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ ինքը քեզ կոնկուրենտ չի համարում, որովհետեւ դու բանաստեղծություն ես գրում, ինքը՝ արձակ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ մի քանի հատ պատմվածք գրել», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան էլ գրես, ինքը ինձ ա կոնկուրենտ համարելու, որովհետեւ ես ռուսալեզու գրող եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ռուսալեզու ես, բայց ոչ մի լեզվով չես գրում», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «արդեն սկսել եմ» եւ մի քիչ մտածեց ու գոհունակությամբ ավելացրեց՝ «ընդ որում՝ շատ ուժեղ եմ սկսել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դու գնա շարունակի, ես գնամ տղերքի մոտ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Անդրյուշին կշնորհավորես», եւ ես ժպտալով հարցրի՝ «Սանյայի պատմվածքի առթի՞վ», եւ Սոկոլովն ասաց՝ «ծննդյան օրվա առթիվ», եւ ես ասացի՝ «արդեն շնորհավորել եմ», եւ Սոկոլովը հարցրեց՝ «իմ անունից շնորհավորեցի՞ր», եւ ես ասացի՝ «մոռացա քո անունից էլ շնորհավորեմ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ անունից էլ կշնորհավորես», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց Անդրյուշի հետ էլ ես խռով», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարաս իմ անունից շնորհավորես», եւ ես ժպտալով ասացի՝ «իրար հետ չիջնե՞նք», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ իրա համար մի քիչ շատ կըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «առայժմ շնորհավորանքով սահմանափակվենք», եւ ես ժպտալով ասացի՝ «որ Սանյայի հետ բարիշես, Անդրյուշի հետ էլ կբարիշես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ արդեն մեխանիկորեն կստացվի» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «Սանյայի էդ պատմվածքը որ հավանեցի, Անդրյուշն էլ աչքիս մի տեսակ բարձրացավ», եւ ես ժպտալով հարցրի՝ «մեխանիկորե՞ն», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «բնականաբար», եւ ես ասացի՝ «թե չես գալիս՝ ես գնամ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անպայման կշնորհավորես», եւ ես ժպտալով ասացի՝ «բարի գիշեր», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «առայժմ», եւ երբ իջա չորրորդ հարկ ու նայեցի միջանցքի ժամացույցին՝ ընդամենը տասն անց կես էր, մինչդեռ ինձ թվում էր՝ ամենաքիչը տասներկուսը պիտի լիներ, որովհետեւ, եթե հիշում եք, երբ տղերքի մոտից դուրս եկա՝ արդեն ինն անց էր. այսինքն, Նինային էդքան բովանդակալից սիրելս ու Սոկոլովի հետ էդքան բովանդակալից խոսելս միասին վերցրած՝ ընդամենը մի ժամից մի քիչ ավել էին տեւել, եւ հիմա, երբ էդ ամենը հիշելով գրում եմ, երկու հազար ութի հոկտեմբերի քսանյոթի առավոտվա տասնմեկն է, եւ չնայած վերջին տասնամյակում հոկտեմբերի քսանյոթ ամսաթիվը հայերիս մեջ ողբերգական լիքը զգացողություններ է առաջացնում, էս պահին մեր շուշաբանդում միանգամայն ուրախ աղմուկ է, որովհետեւ, ինչպես ամեն առավոտ, հիմա էլ եմ մեր շուշաբանդի էս փոքր հեռուստացույցի ձայնը զլել, որպեսզի Հովոյի ու Ռաֆոյի հանապազօրյա էս պստիկ ուրախություններից անմասն չմնամ, ու ամեն օրվա պես Հովոն ու Ռաֆոն իրար հետ թունավոր հանաքներ են անում, ու ես գրելուս զուգահեռ՝ էլի իրենց էս մարդկային ու հեռուստատեսային հարաբերությունների մասին եմ մտածում եւ, ինչպես միշտ, էսօր էլ շարունակում եմ չհասկանալ՝ էս երկուսն իրար իսկապե՞ս նախանձում են, թե՞ իրենց էս «Բարի լույս, հայեր» պրոյեկտն է պահանջում, որ իրար նախանձեն ու իրար հետ էս տեսակ թունավոր կատակներ անեն, եւ, ինչպես միշտ, էս պահին էլ ի վիճակի չեմ հասկանալ՝ էդ թունավոր կատակների արդյունքում իրենք իրարից իսկապե՞ս նեղանում են, թե՞ ընդամենը ցույց են տալիս թե՝ նեղանում են, եւ չնայած միշտ համոզված եմ եղել, որ իրենց էս «Բարի լույս, հայեր» հաղորդումը երկար կյանք չի ունենա ու շատ չի ձգվի, ահա անհասկանալիորեն գոյատեւում ու ձգվում է, ու էս չհասկանալս նշանակում է, որ նոր սերնդին առանձնապես չեմ հասկանում, ու նշանակում է նաեւ, որ ժամանակից հետ եմ մնում, բայց զուգահեռաբար նաեւ մտածում եմ, որ ժամանակը ոչ թե անցնում ու չքանում է, այլ երկրագնդի պես պտտվելով՝ անընդհատ վերադառնում ու անընդհատ կրկնվում է, եւ նմանապես ժամանակի հանդեպ մեր վերաբերմունքն ու զգացողություններն են շարունակվելով կրկնվում՝ երբեմն նույնությամբ, երբեմն էլ՝ որոշ փոփոխություններով, եւ եթե ութսուներկուսի դեկտեմբերի էդ օրը Դոբրոլյուբովի մեր հանրակացարանի չորրորդ հարկի ժամացույցին նայելով մտածեցի թե՝ ժամանակը կանգ է առել, հիմա՝ երկու հազար ութի հոկտեմբերի քսանյոթի առավոտյան նայում եմ մեր շուշաբանդի ժամացույցին ու չեմ հասկանում՝ ես ու բոլորս ժամանակից առա՞ջ ենք ընկել, թե՝ հետ, թե՞, այնուամենայնիվ, ժամանակին համընթաց ենք ընթանում ու շարունակվում. բանն այն է, որ քիչ առաջ շուշաբանդ մտնելով՝ կինս հիշեցրեց, որ ժամացույցի սլաքը մի ժամով հետ է տվել, եւ չնայած կինս ու բոլորը դեռեւս երեկ են սլաքները հետ պտտել, հիմա եմ էդ մասին լրջորեն մտածում եւ հիմա էդ մասին լրջորեն մտածելով ու էդ երեւույթի մեջ խորանալով՝ փորձում եմ էդ երեւույթն ըստ էության ըմբռնել ու հասկանալ. երեկ՝ երկու հազար ութի հոկտեմբերի քսանվեցին մեր ժամացույցները մի ժամով հետ տալով՝ մենք իրական ու իսկական ժամանակից հե՞տ ենք ընկել, թե՞, ընդհակառակը, գարնանը մեր ժամացույցների սլաքներն առաջ պտտելով՝ արհեստականորեն առաջ էինք ընկել իսկական ու իրական ժամանակից, եւ ահա ութսուներկուսի իմ էդ մի ժամվա մասին մի քանի օր գրելով՝ վերստին համոզվում եմ, որ մեր մի ժամվա մեջ երբեմն հաջողվում է էնքան բան ընդգրկել ու տեղավորել, ինչքան որ էդ մի ժամն իրականում ի վիճակի չէ իր մեջ ընդգրկել ու տեղավորել, եւ եթե ութսուներկուսի դեկտեմբերյան էդ իրիկվա մի ժամվա մեջ տեղի ունեցածն առանձնապես իմ ու Նինայի համար է արժանահիշատակ ու հիշարժան, ապա իմ ու Սոկոլովի էդ երկրորդ խոսակցությունը հատկապես Սոկոլովի համար էր էական, որովհետեւ էդ օրվանից սկսած՝ Սոկոլովն իսկապես սկսեց գեղարվեստական գրել, եւ իր էդ գեղարվեստականներից առաջինը կարդացի ու, հիշում եմ, շատ հավանեցի, եւ չնայած իր էդ առաջինից հիմա որեւէ բան չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ իր էդ առաջինն անհամեմատ ուժեղ պատմվածք էր, քան՝ «Լիտգազետայում» տպված Սանյայի պատմվածքը, որից Սոկոլովն էդաստիճան ոգեւորվել ու ոգեշնչվել էր, բայց Սոկոլովի էդ առաջին գեղարվեստականից էս պահին կոնկրետ որեւէ բան չեմ հիշում, որովհետեւ մանավանդ էս պահին ինձ համար դա հեչ էական չէ, եւ հատկապես էս պահին ինձ համար էականն իմ ու Նինայի փոխադարձ սերն է, որն իրականում շատ կարճ տեւեց եւ, ահա, էսքան երկար է շարունակվում, եւ չնայած Սոկոլովի ու իմ էդ երկրորդ խոսակցությունը հատկապես Սոկոլովի համար էր էական, հիմա, չգիտես ինչու, ես եմ իմ ու իր էդ երկրորդ խոսակցությունն էսպես մանրամասն հիշելով գրում, եւ, համոզված եմ, եթե Սոկոլովը հայերեն կարդալ իմանար եւ իմ ու իր առաջին ու երկրորդ էս խոսակցությունները կարդար, Ախալքալաքցի Աշոտի պես պիտի ամենուր դժգոհելով ասեր, թե՝ սուտ ու չեղած բաներ եմ ինձանից բստրում, բայց իմ գրածների մասին Աշոտի ու մյուսների ասեկոսեները հատկապես է՛ս պահին ինձ չեն հուզում, որովհետեւ էս պահին ինձ հետեւյալ հարցն է հուզում. գրողի պարտականությունը ժամանակը խտացնե՞լն է, թե՞, ընդհակառակը, ընդարձակելը, եւ չնայած լսել եմ ու գիտեմ, որ ճիշտն ու նախընտրելին առաջին տարբերակն է, իրականում հակառակն եմ անում ու էդ պատճառով ժամանակ առ ժամանակ անհարմար վիճակի մեջ եմ հայտնվում, ու էդ էր պատճառը, որ Լիզայի հետ ընդամենը մի օր անցկացնելով՝ էդ օրվա մասին համարյա երկու հատոր գրեցի, ու էս առումով ամենաահավորն Ավետիսյան Տիկոյի բացահայտումն էր. երբ երկրորդ ու երրորդ հատորներս տպագրվեցին, Տիկոն դրանք կարդալուց հետո մտահոգ ինձ ասաց՝ «աչքաչափով հաշվել եմ, որ քո, Ֆրունզիկի, Շերենցի ու Լեւոն Ներսիսյանի էդ գրածդ սաղ խոսակցություններն իրականում ամենաքիչը օրուկես պիտի տեւեին», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չհասկացա», եւ Տիկոն բացատրելով ասաց՝ «իրականում ձեր էդ սաղ խոսակցությունն ընդամենը մի քանի ժամ ա տեւել, բայց որ գրածդ նույնիսկ շատ արագ կարդաս՝ ամենաքիչը մի օր կտեւի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հասկացա» ու էլ ոչինչ չասացի, որովհետեւ ասելու բան չունեի, ու հիմա էլ որ մտածում եմ՝ էլի որեւէ հիմնավորում ու արդարացում չեմ գտնում, եւ եթե իմ էդ ու այլ երկխոսություններն իմ էս վեպում ավելի մեծ տեղ են գրավում՝ քան իրական կյանքում են գրավել, դա նշանակում է, որ էս հարցում ամենաճիշտն, այնուամենայնիվ, ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտն է, որն առ էսօր էլ շարունակում է ասել ու տարածել, թե՝ իր մասին սուտ ու չեղած բաներ եմ բստրել, բայց, այդուհանդերձ, անձնական շահիցս բխում է, որ էս հարցում հավատամ իմ համակուրսեցի ընկեր՝ հայագետ ու ամենագետ Վարդանյան Սերգեյին, որն ամեն ինձ տեսնելիս զարմացած ասում է՝ «կարող ա՞ վախտին բլոկնոտ ու օրագիր ես պահել, որ երեսունհինգ տարվա մեր էդ խոսակցություններն էդքան ճիշտ գրել ես», ու ես հակված եմ Սերգեյի էս տպավորությանը հավատալ՝ ոչ միայն էն պատճառով, որ իր էդ տպավորությունն իմ շահերին միանգամայն է համընկնում, այլեւ էն պարզ պատճառով, որ ես ի վիճակի չեմ փոխել արդեն տպագրածս հատվածները, եւ առաջիկա հատորներս էլ եմ նույն ոգով շարունակելու ու առաջ տանելու, որովհետեւ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտը նույնիսկ իր գրած պատմվածքը չէր հիշում, ուր մնաց՝ մեր էդ երեսունհինգ տարվա վաղեմության խոսակցությունները հիշի, մինչդեռ նվաստս ամեն ինչ շատ լավ է հիշում, եւ մանավանդ հիշարժան իրադարձություններն ու խոսակցություններն եմ շատ լավ հիշում, եւ Տիկոյի ասածի պես՝ մի բան էլ ավել եմ հիշում ու գրում, որովհետեւ ես հիշում ու գրում եմ ոչ միայն այն՝ ինչը եղել է, այլեւ այն ամենը՝ որ կարող էր լինել, եւ եթե իմ ու Սոկոլովի խոսակցությունը մոտավորապես հիշելով գրեցի, միանգամայն հստակ հիշելով կարող եմ ասել, որ երբ Սոկոլովից պրծա ու ինձ գցեցի չորրորդ հարկ, չորրորդ հարկի միջանցքի ժամացույցով ուղիղ տասն անց կես էր, ու նաեւ շատ լավ հիշում եմ, որ երբ մտա Անդրյուշայի սենյակ, տղերքը շատ ուրախացան, եւ հատկապես Ավերյանով Կլիմը շողշողաց՝ ձեռքիս շիշը տեսնելով, ու էդ յոթ հարյուր հիսուն գրամանոց «Պշենիչնին» տեսնելով՝ Կլիմը երջանկացած հարցրեց՝ «էս ո՞ւր ես կորում, ա՛յ թամադա», եւ Դիման ասաց՝ «արդեն անհանգստանում էինք», եւ Կլիմը շողշողալով ասաց՝ «շատ էինք անհանգստանում», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞ էիք անհանգստանում», եւ Կլիմն ասաց՝ «ո՞նց չանհանգստանայինք. մի ժամ կորել էիր, հետո մի վայրկյան հայտնվեցիր ու էլի մի ժամ կորար», եւ ես հարցրի՝ «հիմի ժամը քանի՞սն ա», եւ Կլիմը ժամացույցին նայելով ասաց՝ «արդեն տասնմեկի կեսն ա», եւ ես արդարանալով ասացի՝ «ընդամենը մի ժամ քսան րոպե եմ բացակայել», եւ Կլիմը զարմացած ասաց՝ «ժամ քսան րոպեն քի՞չ ա», եւ Դիման ասաց՝ «արդեն սկսել էինք անհանգստանալ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ էս երկրորդ անգամ», եւ ես ժպտալով հարցրի՝ «իմ համար էի՞ք անհանգստանում, թե՞ արաղի», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «էրկուսդ էլ շատ կարեւոր եք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ժամուկես ա՝ առանց թամադա ենք մնացել. չգիտենք՝ ինչ խոսանք», եւ Անդրյուշան նեղսրտած ասաց՝ «լավ էլ խոսում էիք», եւ ես ժպտալով Անդրյուշային հարցրի՝ «ինձնից էի՞ն բամբասում», եւ Անդրյուշան պատասխանեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «ավելի լավ թեմա են գտել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ թեմա», եւ Անդրյուշան սրտնեղած ասաց՝ «մի գլուխ Ռոդիոնովի էդ պատմվածքից են խոսում» եւ մի քիչ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «կարծես խոսալու ուրիշ թեմա չունեն», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզվում ա՝ որոշ մարդիկ Սանյայի էդ պատմվածքը շատ են հավանել», եւ Կլիմն ապշահար հարցրեց՝ «ո՞վ ա հավանել», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ասեմ՝ շատ կզարմանաս», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «արդեն ահագին զարմացա», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ասեմ՝ ավելի կզարմանաս», եւ Անդրյուշան անհամբեր հարցրեց՝ «ո՞վ ա հավանել, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ասեմ՝ ամենաշատը դու կզարմանաս, Անդրյուշ ջան», եւ Անդրյուշան շնչակտուր հարցրեց՝ «ո՞վ ա հավանել» եւ երջանկությունից կարմրելով թախանձագին խնդրեց՝ «դե ասե՜ք», եւ ես ժպտալով ասացի՝ «Սոկոլովը», եւ Անդրյուշան ապշահար հարցրեց՝ «ի՞նչ Սոկոլով», եւ ես ժպտալով հարցրի՝ «քանի՞ հատ Սոկոլով կա», եւ Անդրյուշան ապշահար հարցրեց՝ «ձեր կուրսի ավա՞գը», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ճիշտ այդպես», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «իսկապես զարմանալի ա», եւ Կլիմը քամահրանքով ասաց՝ «զարմանալի ոչ մի բան էլ չկա» եւ մի քիչ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «էդ պատմվածքը հազիվ էլ Սոկոլովը հավաներ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես հակառակը կասեի», եւ Կլիմը հարցրեց՝ «հակառակը ո՞րն ա», եւ Անդրյուշան երջանկությունից շողշողալով պատասխանեց ու ասաց՝ «Ալեքսանդր Ռոդիոնովի պատմվածքն էնքան ուժեղ ա, որ նույնիսկ Սոկոլովն ա հավանել», եւ ես ժպտալով Անդրյուշային ասացի՝ «Սոկոլովն ինձ խնդրեց, որ իրա անունից քեզ շնորհավորեմ», եւ Անդրյուշան ապշահար հարցրեց՝ «ծնունդիս կապակցությա՞մբ», եւ Կլիմը ծիծաղելով Անդրյուշային ասաց՝ «Սանյայի պատմվածքի կապակցությամբ ա քեզ շնորհավորել», եւ ես Անդրյուշային ասացի՝ «ծնունդդ էր շնորհավորում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «շատ զարմանալի ա», եւ Կլիմն ասաց՝ «զարմանալի ոչ մի բան չկա» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «Սոկոլովը Սանյայի հաջողությունը քո հաջողությունն ա համարում, դրա համար էլ քեզ շնորհավորել ա», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու շփոթված ասաց՝ «ինքը ծնունդս ա շնորհավորել», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «ինքը որ Սանյայի էդ պատմվածքը հավանած չըլներ, ծնունդդ էլ չէր շնորհավորի», եւ ես ասացի՝ «պատմվածքը չափազանց ա հավանել», եւ Անդրյուշան շողշողալով ինձ հարցրեց՝ «պատմվածքի մասին ի՞նչ էր ասում», եւ ես ասացի՝ «մի ժամ էդ պատմվածքից էր խոսում», եւ Անդրյուշան երջանիկ ժպտալով ասաց՝ «մենք էլ մտածում էինք՝ խանութ եք գնացել», եւ ես զարմացած հարցրի՝ «խանո՞ւթ խի պիտի գնայի», եւ Անդրյուշան ասաց՝ «արաղի հաշվով», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «էս ժամին ի՞նչ խանութ», եւ Անդրյուշան ասաց՝ «Ռուսթավելու վրայի գաստրոնոմի պահակը գիշերներն արաղ ա ծախում», եւ ես ասացի՝ «չգիտեի», եւ Դիման ինձ ասաց՝ «մենք քո համար անհանգստանում էինք, բայց պարզվում ա՝ Սոկոլովի հետ ես ժամերով ջուր ծեծել», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «լավ ա գոնե՝ արաղը չի մոռացել բերի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ո՞նց կարող ա արաղը մոռանայի», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «մի անգամ մոռացար», եւ Դիման ծիծաղելով հարցրեց՝ «կարող ա՞ սիրահարված ես, Ակոպիչ», եւ ես անակնկալի գալով հարցրի՝ «ո՞ւմ եմ սիրահարված», եւ Դիման ժպտալով ասաց՝ «մի տեսակ ցրված ես», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «Սանյայի էդ պատմվածքից հետո մարդիկ գլուխները կորցրել են», եւ Անդրյուշան վրդովված ասաց՝ «քեզ երկրորդ անգամ եմ խնդրում, Կլիմ», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ես խնդրում», եւ Անդրյուշան նեղսրտած ասաց՝ «էդ պատմվածքի հաշվով կատակներ մի արեք» եւ ավելի լրջանալով ավելացրեց՝ «գոնե ծննդյանս օրը», եւ Կլիմը ժպտալով հարցրեց՝ «չես ուզո՞ւմ ծնունդդ ուրախ անցնի, Անդրյուշ դժան», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ ուզում», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «որ թամադան ժամերով գնա կորի՝ ո՞նց կարող ա ուրախ անցնի», եւ Անդրյուշան ինձ պաշտպանելով ասաց՝ «գնացել էր մեր համար արաղ բերի», եւ Կլիմն ասաց՝ «էդ արաղ բերելը էրկու ժամ տեւեց», եւ ես ժպտալով ասացի՝ «ժամուկես», եւ Կլիմն ասաց՝ «ժամուկեսն էլ քիչ չի», եւ ես ժպտալով Կլիմին հարցրի՝ «գոհ չե՞ս, որ ուշացա», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «խի՞ պիտի գոհ ըլնեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «որ շուտ բերած ըլնեի՝ հիմի արդեն պրծացրած կըլնեինք», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ Դիման օղու շիշը բացելով ասաց՝ «ես ուզում եմ մի կենաց առաջարկել» ու մեր բաժակները լցնելով ինձ հարցրեց՝ «կարելի՞ է, ընկեր թամադա», եւ ես ժպտալով ասացի՝ «խնդրեմ» եւ ժպտալով հարցրի՝ «ի՞նչ կենաց ես առաջարկում», եւ Դիման ժպտալով ասաց՝ «քո կենացը», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ համար», եւ Դիման ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ուշանալուդ համար», եւ Անդրյուշան ոգեւորված ասաց՝ «Արմեն Ակոպովիչի կենացը խմենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թե չէ՝ ծնունդս վերածել եք գրական քննարկման», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գրական քննարկում», եւ Անդրյուշան դժգոհելով ասաց՝ «էրկու ժամ ա՝ Ռոդիոնովի պատմվածքն են քննարկում», եւ Դիման ժպտալով ասաց՝ «ընդամենը ժամուկես ենք քննարկել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմա դու ես գրական քննարկման վերածում, Անդրյուշ» եւ մի քիչ էլ մտածեց ու բաժակը բարձրացնելով ասաց՝ «թամադայի կենացն ենք խմում», եւ ես ասացի՝ «թամադայի կենացը սովորաբար վերջում են խմում», եւ Դիման ժպտալով ասաց՝ «վերջում էլ կխմենք», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, ուշանալդ արդարացրիր, Ակոպիչ», եւ ես հարցրի՝ «ո՞նց արդարացրի», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «մենք ընդամենը կես լիտրի հույսեր էինք փայփայում, բայց դու յոթ հարյուր հիսուն գրամանոց բերիր», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրիշ վարիանտ չունեի. ունեցածս էս էր»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել