Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի քիչ թիթիզ կարմիր գլխարկ…

Փետրվար 13,2010 00:00

Ազգությամբ ֆինն Մարիա Կիզիրյանը չի պատրաստվում գրավել Օսլոն՝ հայկական դուդուկի հնչյունների ներքո

\"\"

Երեկ «Ազդակ» ակումբում լրագրողների հետ շփվելու ցանկություն էր հայտնել ազգությամբ ֆինն, «Եվրատեսիլ 2010» նախընտրական փուլի մասնակից Մարիա Կիզիրյանը, ով ցանկանում է երգի մրցույթում ներկայացնել Հայաստանը: Երգը, որը երգչուհին փետրվարի 14-ին Հայաստանում կներկայացնի նախընտրական փուլին՝ կոչվում է «Little Red Riding Hood»՝ Կարմիր գլխարկ: Եվ բառերի, եւ երաժշտության հեղինակը` հենց ինքը երգչուհին է: Մարիան ասաց, որ այս երգը բավական տառապալից ճանապարհ է անցել: Այն մի քանի տարիների ընթացքում է գրվել: Երգչուհու ձեւակերպմամբ, երգը երկար ժամանակ, մեղմ ասած, երաժշտական քննադատների սրտով չի եղել, եւ ինքը ստիպված է եղել մի քանի անգամ ձեւափոխել այն:

«Իմ երգը խաղ-երգ է: Այն պատմում է Կարմիր գլխարկի, բայց մի քիչ թիթիզ աղջկա մասին, որը տղաների հետ ժամադրություններ է կազմակերպում եւ երկար որոնելուց հետո՝ գտնում այն միակին»,- պատմեց երգչուհին, հավելելով, որ ինքն իր միակին արդեն գտել է: Խոսքը նրա ամուսնու՝ ազգությամբ հայ ամերիկաբնակ Փոլ Կիզիրյանի մասին է:

Երգչուհին պատասխանեց նաեւ լրագրողների այն հարցին, թե այսքան մեծ սիրով լցված դեպի Հայաստան՝ երգչուհին ինչո՞ւ որոշեց ներկայանալ Կարմիր գլխարկի մասին երգով. «Մենք բոլորս էլ գիտենք Եվրոպայի արտասովոր ճաշակը: Եվ հետո, բոլորովին պարտադիր չէ, որ իմ երգի մեջ հնչի Հայաստան բառը ու հայկական դուդուկը: Եվրոպան սիրում է վայելել ուրախ եւ ռիթմիկ երաժշտություն: Իմ երգը հենց այդպիսին է: Համոզված եմ, որ նրանց երգս դուր կգա»:

Մարիան պատմեց նաեւ, որ ծնվել եւ մեծացել է երաժշտական ընտանիքում. «Սկզբնական շրջանում ինձ թվում էր, թե ջութակահար եմ դառնալու, քանի որ ունեի մեծ հաջողություններ այդ ոլորտում: Երգել սկսել եմ չորս տարեկանից: Իմ կյանքի մեծ մասը ապրել եմ ԱՄՆ-ում, բայց կապս չեմ կտրել Ֆինլանդիայի հետ: Ութ տարեկանից սկսեցի նվագել դաշնամուր: Շոու-բիզնես մուտք գործեցի, երբ ավարտեցի միջնակարգ դպրոցը: Այնուհետեւ իմ կյանքում մեծ փոփոխություններ եղան, ես հանդիպեցի իմ ամուսնուն, ով հայ է, հետո նրա հետ տեղափոխվեցի ԱՄՆ: Ունենք երեք երեխա: Փոքրս մեկ տարեկան է»: Երգչուհին լրագրողների հետ կիսեց նաեւ իր զայրույթը՝ կապված ադրբեջանցիների հետ, որոնք վնասել են երգչուհու ինտերնետային կայքը ու պարբերաբար վիրավորանքներ գրել նրա հասցեին: «Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը նման կեղտոտ գործեր անի: Նրանք չունեն դրա իրավունքը: Նրանք չեն պատկանում առաջադեմ երկրների շարքին: Լինելով հետամնաց՝ իրավունք չունեն խոչընդոտելու որեւէ մեկին՝ ներկայանալի լինել Եվրոպայում: Իհարկե, նրանք զարմացած են, ինչո՞ւ պետք է մի ֆինն աղջնակ գա ու ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում», բայց դա այնքան էլ նրանց գործը չէ: Ես ուզում եմ, որպեսզի Հայաստանը փայլի Օսլոյում»,- ասում է երգչուհին ու ավելացնում, որ անգամ չընտրվելու դեպքում էլ չի պատրաստվում զենքերը վայր դնել եւ կրկին է փորձելու…

Հարցին, թե մրցակից երգիչներից ո՞ւմ երգն է ավելի շատ դուր եկել, Մարիան ասաց` Նիկ Էգիբյանի երգը ու հավելեց, որ իր միակ մտավախությունը այն է, որ Հայաստանում այնքան էլ ճանաչված չէ: Իսկ մրցակից երգիչների մասին Մարիան չցանկացավ ծավալվել: Ասաց նաեւ, որ «Եվրատեսիլ» մեկնած հայ երգիչներից բոլորից շատ հավանել է Ինգա ու Անուշ Արշակյան քույրերի կատարումը:

Հարցրինք նաեւ, թե ինչպե՞ս են ֆինները ընդունել այն փաստը, որ երգչուհին պատրաստվում է «Եվրատեսիլում» ներկայացնել ոչ թե Ֆինլանդիան, այլ Հայաստանը: «Այդ հարցը բոլորին հետաքրքրում է: Բայց ես որեւէ պաշտոնական հրավեր չեմ ստացել Հայաստանից: Քանի որ ամուսնուս հայրը ունի բարեգործական հիմնադրամ Հայաստանում եւ ամուսինս էլ այդ հիմնադրամի անդամ է, ակամա ինձ էլ ոգեւորում էր միտքը՝ որեւէ բարեգործություն անել հայ ժողովրդին: Եվ քանի որ ես որեւէ կերպ չեմ կարողացել աջակցել այդ բարեգործություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանում՝ ամեն տարի, որոշեցի բարեգործությունս անել երգի միջոցով: Ես շատ կասկածում էի, որ կընդգրկվեմ տասնյակի մեջ, բայց արի ու տես՝ հաջողվեց…»,- ասում է Մարիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել