Բելգիայի Մեխելեն քաղաքում կայացավ շախմատի Ֆլանդրիայի առաջնությունը: «Նուարդ» միությունը հիշյալ առաջնությանը ներկայացրեց վերջերս Անտվերպենի մարզային առաջնության հաղթող դարձած ութամյա Գեւորգ Մինասյանին: Այս տարիքային խմբում ընդգրկված էր 21 հոգի: Գեւորգը անընդմեջ տարավ հինգ հաղթանակ: 6-րդ խաղում ուներ զգալի առավելություն, բայց մեծ փորձի պակասությունն ու հոգնածությունը զգացնել տվեցին, եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 7-րդ պարտիայում Գեւորգը պարտվեց եւ գրավեց պատվավոր երկրորդ տեղը՝ դառնալով Ֆլանդրիայի փոխչեմպիոն: Ապրիլին կայանալու է Բելգիայի առաջնությունը: Հաջողություն ցանկանանք պատանի շախմատիստին: