Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻ ԳԱՐԵՀԱՏԻ ՊԱՇԱՐՈՎ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԵՆ ՍԱՀԱՐԱՅԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԸ»

Փետրվար 13,2010 00:00

Մտածումներ փիլիսոփա բարեկամիս նամակում արծարծված հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հարցերի շուրջ:

\"\"

Սկիզբը՝ «Առավոտ», 10.02.09

 

Դուք գրում եք՝ ամեն մեկս իր ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ բաժինը պիտի ունենա: Ինչպե՞ս:

Պարզ լրագրող եմ, սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ օգտակար լինել: Ասացեք, խնդրեմ, ես ի՞նչ պետք է անեմ, որ երկիրը փոխվի: Ինձ որեւէ խմբագիր թեմա չի առաջարկում, ինչն անում էր լուսահոգի Վարդգես Պետրոսյանը, որն ստեղծեց «գարունականների» հրաշալի սերունդը: Կանչում էր ու ասում՝ այ, այս գործը միայն դու կարող ես անել: Ու դու քեզ երկիրը փոխելու զորակոչին անդամագրված զինվոր էիր զգում, որը պարտք ունի: Հիմա թեման ես եմ առաջարկում, իմ գրածներն էլ բան չեն փոխում երկրում: Ինձ նման մտածող ինչքա՞ն մոռացված մարդիկ կան, ովքեր պատրաստ են պատասխանատվություն վերցնել:

Չէ, բարեկամս: Ներկայիս նախագահը Ալեքսանդր Մյասնիկյան չէ, որ գնահատի ԳԻՏԵԼԻՔԸ, ՈԳԻՆ, ՆՎԻՐՈՒՄԸ: Ով երկրի ծանրագույն շրջանում դրսից տուն բերեց հայ ժողովրդի արժանավոր զավակներին, դրեց ՏՈՀՄԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ լուսավոր տաճարի հիմքերը, որն ահա քսան տարի ավերում են ու պղծում անօրենները: Այլեւս քանի՞ սերունդ պիտի կռիվ տա այս եղերական ծրագրի դեմ, արյուն թափի, որ փրկի Հայի ու Հայկականության գաղափարն իր մեջ, ետ բերի կորցրածը: Միայն հայ ազգի կենսունակ բաղձանքներով, նրա առողջ հատվածի հրեղեն իդեալներով եւ մարգարեի հավատքով այդ իդեալները իրար շաղկապող հզոր ՈԳՈՎ կարելի է կանխել մերօրյա եղեռնը ու առաջ գնալ: Ո՞ւմ են հարկավոր պետական համալսարանները, ուր դասախոսը կաշառք է վերցնում ուսանողից: Ո՞ւմ են հարկավոր շքեղ օպերան ու լուսառատ սրճարանները, ուր մի տեղ արեւելյան դհոլ, նաղարայի դեղին շախն է թնդում, մյուսում՝ Պողոս Պողոսյան են սպանում: Սրանք հարցեր են, որոնց պատասխան պիտի տա ներկայիս նախագահը՝ դարակազմիկ պատասխանատվություն վերցնելուց առաջ: Իմ տպավորությամբ, ներկայիս նախագահն ու իր շրջապատը չեն էլ գիտակցում այդ նվիրական բեռի ծանրությունը, այդ կարիքի սրությունը չեն զգում, քանզի ՈԳԻՆ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՆՎԻՐՈՒՄԸ գնահատելու ունակություն ու ավանդույթներ չունեն: Անկիրթ են: Մի գարեհատի պաշարով Սահարա ճամփորդության են ելել, չհասկանալով, որ չեն հասնի արեւին: Ու նրանց պատասխանատվության թոփալ քարավանը կործանվելու է թուրքական փոթորկոտ դիվանագիտության շիկացած ավազների բազմածավալ շեղջերի մեջ:

Եվ վերջապես, դուք գրում եք, թե ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ պիտի պահանջի փոփոխություններ:

Իսկ հասարակությունն ունի՞, արդյոք, հոգեկան կամք, ներքին տոկունություն՝ իր իրավունքների պահանջատերը լինելու: Իհարկե, ոչ:

Հայ հասարակությունն այսօր բեռ վերցնելու պատրաստ չէ, քանի որ չունի ինքնավստահություն: Չունի կամք: Պատիվ ու արժանապատվություն: Չեզոք սեռ է: Չի սիրում իր երկիրը: Հույսը դրել է եվրոպաների վրա, թե կգան, կպատժեն սրանց, իրենց ազգ կսարքեն, երկիրն էլ՝ երկիր: Բայց այս իշխանությունները հո լավ գիտեն եվրոպացիների գրոշանոց սպառնալիքների արժեքը: Ծեր ու հոգնած Եվրոպան աղմուկ չի սիրում: Ու մեր սատկած երկրի համար էլ երկրագնդի բեմում դեր չի նախատեսել: Ու նրան մեկ է: Ժողովուրդն իր ուժերով պիտի տեր կանգնի իր իրավունքներին: Չասեք, թե նրա կամքը կոտրել են նախկին ու ներկա իշխանությունները՝ հոկտեմբերի 27-ով, կեղծված ընտրություններով, մարտի 1-ի սպանդով: Դաժան իրականությունն այլ բան է ասում:

Հասարակությունը բնավ տեր չկանգնեց 96-ի ընտրական կեղծիքների դեմ սկսած իր բռնկումին, չգնաց մինչեւ վերջ, Առաջնորդն էլ լքեց պայքարը: Չդիմադրեց հոկտեմբերի 27-ի պետական դավադրությանը: Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրի տիրոջ ու զավակի իրավունքով, հաշիվ չպահանջեց գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից՝ պետությունը գլխատումից չպաշտպանելու համար: Հասարակությունը մինչ այսօր չի ներում առաջին նախագահին մութ ու ցրտի համար՝ մտքից ու սրտից ջնջելով սրբազան Հաղթանակը, հանուն որի սիրով տարավ զրկանքը: Բայց ըմբռնումով ներեց պետության գլխատումը: Անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանը հարկ իսկ չհամարեց ուղերձով դիմել շփոթված, անակնկալի եկած, վերջին լակոտի պես խաբված ժողովրդին: Թքած ուներ: Հասարակությունը ներեց նաեւ 2004-ի ընտրական կեղծիքներն ու այդքանից հետո նրան նորից թույլ տվեց նստել նախագահի աթոռին: Իսկ ազգային անվտանգության ղեկավար Սերժ Սարգսյանը զրոյից անաղմուկ հերթի դրվեց: Ստացվեց, որ հասարակությունն իր գլուխը կտրող ձեռքը համբուրեց ու դրեց սրտին: Ստացվեց, որ մի Քաջ Նազար քոսոտ դրոշակով մտավ մեր երկիր ու հոկտեմբերի 27-ից հասավ մինչեւ մարտի 1: Ու օրական տասը անգամ Ստամբուլը արյան ծով դարձնող մի տղամարդ չճարվեց երկրում, որ դեմն առնի: Ախր նրանք երկուսով հո մենակ չե՞ն կազմակերպում սեւ եղեռնը հայոց դեմ: Մի տեսեք, տեղական հպատակների ինչ նողկալի բանակ է նրանց կրունկների քրտինքը լիզում՝ երեք լումայի խաթեր: Բա դրանք հասարակություն չե՞ն: Բա որ թո՞ւրքը մտնի մեր երկիր: Ստամբուլը երգելով՝ տեսնես՝ էլ ուր պիտի նահանջեն:

Մեր սերունդը հաղթեց անհաղթելի պատերազմը: Այսօրվա սերունդը այդ Հաղթանակի հպարտ Գաղափարի կրողը չէ: Պատրա՞ստ է, արդյոք, ներկայիս նախագահը նոր, արդար ընտրություններով քավել իր մեղքը, վերականգնել օրենքի իշխանությունը երկրում: Հազիվ թե: Վկա թիվ 10 ընտրատարածքի դեպքերը: Նիկոլ Փաշինյանի հանդեպ անիծյալ դատավորի վճիռը: Ներկայիս նախագահը մտքի իմաստնություն, բավարար քաջություն չունի երկիրը փոխելու: Եվ ժողովրդի մեջ կուտակված չարությունն ու վիրավորանքը, անպատասխան մնացած այս բազում հարցերը թույլ չեն տա սթափ գնահատել ներկայիս նախագահի՝ վտանգներով լի թուրքական նախաձեռնությունը, առավել եւս՝ համախմբվել նրա շուրջ: Քանի որ հասարակությանը չի տրվել մինիմալ շանս՝ երկիրը կառուցելու բեռն իր ուսերին տանելու, իր երկրի տերն ու քաղաքացին զգալու համար: Վկա՝ թիվ 10 ընտրազանգվածի պասիվությունը: Նա այսօր ընդամենը խոնարհ ճորտի դերում է, որը պատրաստ է տանելու ամեն տեսակ ստորացում, համբուրելու իր ապրուստը թալանող ու իրեն կոպեկներ շպրտող տեղական պնդագլուխ «բարերարի» ոտքը: Չկա մշտական տագնապի կոչնակն ու միասնական ճակատի համախումբը հասարակության, դասակարգերի ու Առաջնորդի միջեւ՝ հանուն հայության խնդիրների լուծման: Քաղաքական կուսակցությունները չունեն իրական հենք հասարակության մեջ, քանզի միշտ խոստացել են ու լքել նրան՝ նպատակին հասնելուն պես: Չկա հայրենիքի ցավով տառապող մտավորականություն, ինչպես 88-ին էր:

Երկիրը հիվանդ է մահվան ցավով, ժողովուրդը խաչի է հանված, մինչդեռ մեզ թվում է, թե այդ կիսամեռ դիակը դեռ կարող է կենդանանալ… Ու դիմանալ թուրքական ծավալապաշտական նոր ծրագրերին:

Հասարակությունը սպունգի է վերածվել, ներծծելով բռնությունների վախը, խաբեության, ճնշումի ու ստրկության թույնը՝ համակերպվելով իր թշվառ վիճակի հետ: Ու դա լավ տեսնում են մեր երկրի ներքին թշնամիները:

Մի՞թե դիակը կարող է պայքարել…

Հարգանքով՝ ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Հ. Գ. Տասներեքամյա աղջիկս՝ Սոնան, սովորում է Պրահայի անգլիական ինտերնացիոնալ դպրոցում, ուր այստեղ աշխատող ու ապրող տարբեր ազգերի երեխաներ են սովորում: Մտերիմ ընկերուհին՝ Յարենը, թուրք է, Ստամբուլից: Սոնան ցեղասպանության թեմայով էսսե էր գրել: Համակարգչի մոնիտորի վրա Յարենը կարդացել էր Սոնայի գրածը: Ահավոր ազդվել էր, վիրավորվել: Ողջ գիշեր լաց էր եղել, բողոքել ծնողներին: Սոնան էլ իր հերթին էր տանջվում՝ Յարենն ի՞նչ մեղք ունի անցյալում կատարվածի համար, բայց ես հո չե՞մ կարող նրա պատճառով իմ պատմությունը ուրանալ: Ամեն ինչ անցավ: Հաշտվեցին: Հիմա Յարենը Սոնային Ստամբուլ է հրավիրում, Սոնան Յարենին՝ Երեւան:

Լա՞վ է սա, թե՞ ոչ: Չգիտեմ: Պարզ է մի բան: Միայն կրթված, սոցիալապես ապահով, իր ՈԳՈՒ ամբողջականությունը պահող, իր ուժերին վստահ հասարակությունը կարող է դիպչել հայության համար ամենասուր, ամենածանր ու ամենացավոտ այդ հարցին: Միայն լավագույն հասարակության ծոցից դուրս ելած լավագույն Անհատը կարող է Առաջնորդել ազգը, ապահովել երկրի շահերն ու ստանալիքը պատմական momentum-ի պահին: Ով Առաջնորդն է ազգի ԲՈԼՈՐ տարրերի: Գուցե ժամանա՞կ է պետք, որ Սոնայի նման, մենք էլ թուրքերի հանդեպ մեզ զգանք հավասար հավասարի մրցակիցներ, ներդաշնակ, անկախ, քաջասիրտ ու ինքնավստահ: Երբ թիկունքում ունենանք հզոր ու ինքնիշխան երկիր, ինչպիսին հիմա Յարենն ունի: Երբ գիտակցենք հաղթության ու շահի ոսկի բանաձեւը. միայն ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒ ՊԱՅՔԱՐՆ ԵՆ ապահովում այն անխորտակելի ուղին, որով կարող ենք դարբնել մեր երկրի խզված ճակատագիրը, սանձել փորձության ահեղ փոթորիկներն ու կանգնեցնել մեր ցեղային քաղաքակրթության ընդհատված փառքի ու հզորության լուսազարդ կոթողները: ՆՈՒՅՆԸ՝ Շ. Ղ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել