Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջպետական սկանդալ՝ «Գուանտանամոյի» շուրջ

Փետրվար 13,2010 00:00

ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի միջեւ սկանդալ է ծագել, որը պայմանավորված է երկու երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցների մասնակցությամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության «Գուանտանամոյի» գաղտնի բանտում ահաբեկչության մեղադրանքով կալանավորվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին փաստող նյութերը հրապարակելու հանգամանքով:

Բանն այն է, որ բրիտանական կառավարությունը տանուլ է տվել Լոնդոնի վճռաբեկ դատարանում՝ չկարողանալով կանխել այդ նյութերի հրապարակումը: Դատարանը թույլ էր տվել հրապարակել Եթովպիայի քաղաքացի Բինյամ Մուհհամեդի հարցաքննության մանրամասներին առնչվող նյութերը՝ դեմ գնալով բրիտանական արտաքին գերատեսչության եւ նրա ղեկավար Դեւիդ Միլիբենդի՝ այդ նյութերը հրապարակելն արգելելու պահանջներին: Դատարանի որոշումը ոչ միայն հարվածել է ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի հատուկ ծառայությունների համագործակցությանը, այլեւ անբարենպաստ ֆոն է ստեղծել բրիտանական հակահետախուզության աշխատակիցների եւ դիվանագետների համար, որոնք երկրի խորհրդարանից երկար ժամանակ թաքցրել են գաղտնի բանտում տեղի ունեցած կտտանքների փաստը, ավելին՝ հայտարարել են, թե նման տեղեկությունների չեն տիրապետում: Միլիբենդը նաեւ հայտարարել է, թե այդ նյութերի հրապարակումը «ստվերել է համաշխարհային դեմոկրատիայի միջնաբերդն ու վնաս է հասցրել Բրիտանիային»:

«Մենք խորապես հիասթափված ենք բրիտանական դատարանի որոշմամբ, քանի որ այդ կոնֆիդենցիալ տեղեկությունները փոխանցել էինք բրիտանական կողմին՝ այն պայմանով, որ դրանք չեն հրապարակվելու: Այդ որոշումը բարդություններ է ստեղծել հետախուզական տեղեկությունների փոխանակման ոլորտում՝ մեր երկրների միջեւ հետագա համագործակցության համար»,- հայտարարել է նախագահ Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Բեն Լաբոլտը:

Իր հերթին Մեծ Բրիտանիայի վճռաբեկ դատարանի նախագահ, լորդ Նեյբերգերը հանդես է եկել Բրիտանիայի ԱԳՆ-ի եւ MI5 հատուկ ծառայության հասցեին ուղղված սուր քննադատությամբ՝ վերջիններիս մեղադրելով ստախոսության մեջ: Նրա կարծիքով, իրենց այդ գործողություններով բրիտանացի դիվանագետներն ու հետախույզները լուրջ վնաս են հասցրել իրենց հեղինակությանը՝ բրիտանական հասարակության ներսում եւ կասկածի տակ են դրել Մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին իրենց հավատարմությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել