Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանադայում կմեկնարկի ձմեռային օլիմպիադան

Փետրվար 13,2010 00:00

\"\"Փետրվարի 13-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կմեկնարկեն 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը եւ կանցկացվեն մինչեւ մարտի 1-ը: Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ, կխաղարկվի ընդհանուր առմամբ մեդալների 86 կոմպլեկտ: Ինչպես «Ազատություն» ռ/կ-ն է փոխանցում՝ մարզիկների ամենամեծ պատվիրակություններով օլիմպիադային կմասնակցեն հյուրընկալող երկիրը՝ Կանադան, եւ նրա աշխարհագրական հարեւանը՝ Միացյալ Նահանգները։ Մարզիկների թվով երրորդը Ռուսաստանի Դաշնության թիմն է։

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու BC Place մարզադաշտում: «Newsru»-ի մատուցմամբ, կազմակերպիչները խոստանում են անմոռանալի ներկայացում: Առաջին անգամ օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա ոչ թե բաց երկնքի տակ, այլ՝ փակ տարածքում: Սպասվում է, որ արարողությանն անմիջական ականատես կլինի ավելի քան 55 հազար հանդիսատես: Խաղերի կազմակերպիչները ջանացել են գաղտնի պահել շոուի մանրամասները, բայց ԶԼՄ-ներին հաջողվել է գլխավոր փորձի ժամանակ որոշ գաղտնիքներ բացահայտել: Հանդիսատեսներին սպասվում է աներեւակայելի ներկայացում՝ հատուկ էֆեկտներով լազերային մեծ տոնահանդես: Բացման արարողության ժամանակ հանդես են գալու Կանադայի լավագույն երգիչները, այդ թվում՝ Բրայն Ադամսը, Նելլի Ֆուրտադոն, Սառա Մակլահենը: Օլիմպիական խաղերի կրակը, որը հատել է 28 հազար մղոն եւ անցել է Կանադայի ավելի քան հազար բնակավայրերով, մարզադաշտ կբերի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկին:

Կազմակերպիչներին մի փոքր մտահոգում է եղանակը: Ինչպես փոխանցում է CNN-ը, Մանհեթենում այսօր ավելի շատ ձյուն կա, քան Վանկուվերում: Սակայն կազմկոմիտեն հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչ կարվի, որպեսզի օլիմպիադան հաջող անցնի եւ ոչինչ չխանգարի աշխարհի եւ սպորտի այդ տոնակատարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել