Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չինական Նոր տարին՝ Երեւանում

Փետրվար 13,2010 00:00

\"\"Մեկուկես միլիարդ չինացիների հետ չինական Chun jie-ն («Գարնան տոն») կամ Նոր տարին նշում են նաեւ Հայաստանում բնակվող չինացիները: Երեկ տոնի առիթով չինական «Դրակոն» ռեստորանում Հայաստանում բնակվող չինացիների հետ նաեւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին կից գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողներն էին ներկա: Նման ինստիտուտներ Չինաստանն ունի ամբողջ աշխարհում, որի միջոցով նրանք տարածում են իրենց լեզուն ու մշակույթը: Նոր տարուն Չինաստանում ընդունված է զարդարել տունը: Մարդիկ բնակարանի մուտքի 2 կողմերին փակցնում են թերթիկներ՝ առողջության, հաջող ամուսնության ու հարստութան բարեմաղթանքներով: Նոր տարվա չինական սեղանը ճոխ է լինում, իսկ ավանդական ուտեստը պելմենին է: Ռուսական ճաշատեսակ համարվող այդ ուտեստը իրականում չինական ծագում ունի: Ոսկե եւ արծաթե դրամներ հիշեցնող ավանդական պելմենին հարստություն է խորհրդանշում: Ավանդաբար պելմենիներից մեկում մետաղադրամ է դրվում, եւ ում այն բաժին հասնի, այդ տարի հաջողություն կունենա:

ՀՀ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնակատար Սին Ֆան Ֆանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Սա մեզ համար ամենակարեւոր տոնն է: Աշխարհի որ ծայրում էլ չինացիները լինեն, անպայման հավաքվում ու նշում են ընտանեկան այս տոնը: Պելմենի պատրաստելը հեշտ չէ, հատկապես օտարերկրացիների համար, բայց եթե անընդհատ փորձես, լավագույն արդյունք՝ համի առումով, կունենաս»: Չինական Լանգչու քաղաքից Են Քուի Խուն 5 տարի է՝ Հայաստանում է, սովորում է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում: «Սիրում եմ չինական Նոր տարին, բայց ձերն ավելի հետաքրքիր է, շատ համով են ձեր հայկական ուտելիքները՝ հատկապես կանաչ տոլման (նկատի ունի թփով տոլման – Լ. Խ.), բայց ամենից շատ հավանում եմ խոզի խորովածը»,- անկեղծացավ նա: Ինչպես ասաց մեր չին զրուցակիցը, փետրվարի 14-ը չինական Նոր տարվա առաջին օրն է, Նոր տարվա տոնակատարությունը տեւում է 15 օր, վերջին օրը նշում են «Լապտերների օրը»: Մեր զրուցակցի խոսքով՝ չինական Նոր տարուն ամբողջ ընտանիքը միասին հավաքվում, պատրաստում է հորթի, տավարի եւ ոչխարի մսից ավանդական պելմենին. «Նստում, միասին ուտում, օղի ենք խմում, հեռուստացույց նայում՝ մինչեւ 12-ը լինի: Առաջին օրը ընտանիքը պարտադիր մնում է տունը, երկրորդ օրը այցելում ենք ծնողներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել