Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շատ գրավոր են ստուգում, քիչ վարձատրվում

Փետրվար 13,2010 00:00

Գնահատման նոր համակարգն առաջացրել է ուսուցիչների դժգոհությունը

Վերջերս ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրված գնահատման նոր համակարգը ոչ ուսուցիչների սրտով էր, ոչ էլ աշակերտների, չնայած այն ներդրվել էր գնահատման առումով օբյեկտիվություն ապահովելու համար: Նոր համակարգի համաձայն՝ ուսուցչից համարյա հաշվապահական հմտություններ էին պահանջվում՝ գործակիցներ մշակել, հետո դրանց հիման վրա աշակերտին գնահատել եւ այլ: Այդ երկար-բարակ գործողությունների շարքով չենք ուզում ծանրաբեռնել ընթերցողների միտքը, սակայն փաստ է, որ երբ ամփոփվում էին 1-ին կիսամյակի գնահատականները, ուսուցիչները մի քանի օր շարունակ դասերից հետո մնում էին աշխատավայրում, որպեսզի այդ նուրբ հաշվապահությունն անեն եւ լրացնեն մատյանները մինչեւ փետրվարի 1-ը: Գնահատման այս նոր համակարգը, բացի գնահատման թվաբանական-հաշվապահական պահանջներից, այլ նորամուծություններ էլ է ենթադրում: Մասնավորապես, որպեսզի ուսուցչի կողմից աշակերտին տրված ամփոփիչ գնահատականն ավելի օբյեկտիվ լինի, նա պարտավոր է աշակերտներին առնվազն 2-3 թեմատիկ, 2 գործնական, 2 ստուգողական եւ մի հատ էլ ամփոփիչ գրավոր աշխատանք տալ, որոնք հիմնականում լինում են թեստային: Իսկ թեստերը ուսուցիչների մեծամասնությունը ինքնուրույն է կազմում: Ստացվում է, որ ուսուցիչը, ընդ որում՝ գրեթե բոլոր առարկաների դասավանդողները ոչ միայն պետք է առարկան մատուցեն աշակերտին, այլեւ ցուցաբերեն թեստոլոգի հմտություններ:

Եվ վերջում էլ՝ այդքան թեստային աշխատանքները ստուգեն: Այս ամենը առաջացրել է տարբեր առարկաների գծով մի շարք ուսուցիչների դժգոհությունը: Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ եթե ժամանակին միայն մաթեմատիկայի եւ լեզուների գծով ուսուցիչներն էին շատ գրավորներ ստուգում եւ ըստ այդմ ստանում աշխատավարձի 10%-ի չափով հավելավճար, ապա նոր գնահատման համակարգի ներդրմամբ՝ դա տարածվել է նաեւ մյուս առարկաների գծով ուսուցիչների վրա: Սակայն տարածվել է միայն շատ գրավորներ տալու եւ դրանք ստուգելու, այլ ոչ թե՝ հավելավճար ստանալու մասով:

Մենք նշված դժգոհությունը բարձրացրեցինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանի հետ զրույցում: Նա ասաց. «Քանի որ կային որոշ թերություններ, այժմ մենք կասեցրել ենք գնահատման նոր համակարգի կիրառությունը եւ պատրաստվում ենք ամբողջությամբ վերանայել այն, ինչից էլ կբխեն նշված բոլոր հարցերի լուծումները: Բայց, ինչ վերաբերում է նրան, որ ուսուցիչներն իրենց աշխատանքի դիմաց ինչպես հարկն է չեն վճարվում՝ մի քիչ համամիտ չեմ: Եթե համեմատենք ՀՀ-ում տրվող աշխատավարձերի չափի հետ, ապա ուսուցիչները բավականին բարձր աշխատավարձ են ստանում այսօր: Մյուս կողմից էլ այսօր մեր ուսուցիչները մի քիչ էլ թերանում են իրենց աշխատանքը կատարելիս: Ի՞նչ է նշանակում՝ գրավոր շատ ենք ստուգում, քիչ վարձատրվում: Ախր դա իրենց աշխատանքն է»:

Ա. Պողոսյանից փորձեցինք հստակեցնել՝ գնահատման համակարգի կասեցումը վերաբերո՞ւմ է նաեւ գրավորների անցկացմանը, այսինքն՝ դրանից բխո՞ւմ է, որ այժմ ուսուցիչներն արդեն պարտավոր չեն այդքան գրավորներ տալ օբյեկտիվ գնահատելու համար: Պետի տեղակալը պատասխանեց. «Գնահատման համակարգը կասեցվել է միայն գնահատման գործակիցների հաշվարկների մասով: Առաջարկվել է գնահատել միջինացված տարբերակով: Իսկ ստուգողական գրավորների տրամադրման մասով գնահատման համակարգը կասեցված չէ, ուստի ուսուցչների դժգոհության մեջ արդարության հատիկ կա: Ադ հարցը մի քանի անգամ բարձրացվել է, սակայն դեռ լուծում չի ստացել, ըստ երեւույթին՝ մենք մեկ անգամ եւս այն կբարձրացնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել