Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՎ՝ ԿԱՐԵԼԻ Է ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼ

Փետրվար 13,2010 00:00

\"\"Կրիմինալիստի եւ հոգեբանի խորհուրդները

2009 թվականին Հայաստանում մահվան ելքով ինքնասպանության 498 դեպք է գրանցվել, այն դեպքում, երբ 2000 թվականին մեր երկրում այդ թիվն ընդամենը 60 է եղել: Վիճակագրության համաձայն՝ եթե 1994 թվականից սկսած՝ ինքնասպանությունների դեպքերը մինչեւ 2000-2001 թվականները նվազում էին, ապա այժմ նկատվում է աճի միտում:

Երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արա Գաբուզյանը: Ըստ նրա՝ ինքնասպանությունների աճը, մասնավորապես մեր երկրում, պայմանավորված է տնտեսական ճգնաժամով եւ մարդկանց սոցիալական ծանր վիճակով: Չնայած այս հանգամանքին՝ կրիմինալիստը նշեց նաեւ, որ աշխարհում կան նյութական բարեկեցության բարձր մակարդակ ունեցող երկրներ, ինչպիսիք են՝ Ավստրիան, Դանիան, Շվեդիան, որտեղ ինքնասպանության բարձր մակարդակ է գրանցվում: Դրան զուգահեռ, կան աղքատ երկրներ, որտեղ ինքնասպանությունների ցուցանիշը շատ ցածր է, օրինակ՝ Եգիպտոսը: Ա. Գաբուզյանի խոսքով՝ ինքնասպանություն ամենից շատ գործում են 30-65 տարեկան գործազուրկներն ու թոշակառուները: «Հուսախաբության վիճակը մարդուն ինքնասպանության մղող ուժերից է, բայց երբ հույս է լինում, մարդիկ գիտակցում են, որ կարող են նոր արժեքներով առաջնորդվել, փոխել վիճակը, դա կարող է զսպիչ ազդեցություն ունենալ»,- նշում է կրիմինալիստը ու հավելում, որ Հայաստանը, երկար ժամանակ անցումային ժամանակաշրջանում գտնվելով, այդ վիճակից դուրս չի գալիս ու հույս էլ չկա. «Ժամանակին ասում էին, թե ինչու Թուրքիայում, Իրանում եւ այլ վայրերում մարդիկ ավելի վատ են ապրում, քան մեզ մոտ, բայց ինքնասպանության դեպքերը զգալի չեն, որովհետեւ այնտեղ կամաց-կամաց տեսնում են բարելավում»:

Ամերիկացի մասնագետների հետազոտությունները պարզել են, որ մարդկանց 80%-ին այցելում են ինքնասպանության մասին մռայլ մտքերը: Ըստ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանի՝ ինքնասպանության գնում է այն մարդը, ով գտնում է, որ իր վիճակն անելանելի է: Ամբողջ աշխարհում ինքնասպանության ավելի շատ դիմում են տղամարդիկ, մեր երկրում սեռային առումով տարբերությունը քիչ է: Հոգեբանը նշեց, որ կանայք, ինքնասպանության դիմելով, ցանկանում են ուշադրություն գրավել եւ ինքնասպանության այնպիսի եղանակների են դիմում, երբ մահվան հավանականությունը 100%-ոց չի լինում: Հոգեբանը գտնում է, որ շրջապատող մարդկանց նկատմամբ ուշադիր լինելով՝ կարելի է մարդկանց կյանքը փրկել. «Եթե կանխենք ինքնասպանության փորձը, այդ քայլին դիմողներից 4-ից 3-ը երկրորդ անգամ չի կրկնի»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարելի է իմանալ՝ մարդը ե՞րբ է փորձում ինքնասպան լինել: Հոգեբանը պատասխանեց. «Ինքնասպանության դիմող մարդիկ այդ մասին անուղղակի ձեւերով մեզ տեղյակ են պահում: Իրենք ավելի հաճախ են խոսում, որ կյանքն անիմաստ է, ավելի լավ է մեռնել, քան ապրել, ասում են՝ չկա սեր, մարդիկ թշնամիներ են իրար նկատմամբ»: Կ. Նալչաջյանը նման դեպքերում խորհուրդ է տալիս մարդուն թույլ տալ խոսել իր խնդրի մասին. «Այդ դեպքում նա թեթեւություն է ապրում, եւ եթե նույնիսկ ինքը դժբախտ է մնում, միեւնույն է՝ այդ ահավոր քայլին չի դիմում»: Դրան նպաստում են նաեւ «վստահության հեռախոսները», որտեղ լսում են, ոչ թե՝ խորհուրդներ տալիս: Ընդունենք, որ նման ծառայությունների դիմելը մեզանում դեռ այնքան էլ տարածված չէ:

Բանախոսները նշեցին նաեւ, որ մարդը կարող է ինքնասպանության դիմել, եթե, օրինակ, հարազատ է կորցրել: Վառ օրինակ է 40-ամյա անգլիացի հայտնի դիզայներ Ալեքսանդր Մըքքուինը. վարկած կա, որ նրա ինքնասպանության պատճառը մորը կորցնելն է եղել: Գաղտնիք չէ, որ մեր երկրում շատ աղանդավորներ են դիմում ինքնասպանության: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը եւ ինչպե՞ս կարելի է դա կանխել: Կարինե Նալչաջյանը պատասխանեց. «Խնդիրը շատ լուրջ է: Աղանդի ներսում ինչ որոշում կայացվում է՝ օրենք է անդամների համար: Կան աղանդներ, որտեղ ինքնասպանությունը արժեք է համարվում, կարծում են՝ գնում են ինչ-որ պայծառ աշխարհ եւ հարկավոր է ժամ առաջ հրաժեշտ տալ կյանքին, երեխային էլ հետն են «փրկում»: Աղանդները վտանգավոր են նրանով, որ կապերը՝ աղանդի մեջ մտած մարդկանց հարազատների հետ խզված են, իրենց համար կա մի հեղինակություն՝ իր աղանդը եւ այդտեղ գործող օրենքները»: Ա. Գաբուզյանն էլ ասաց. «Հոգեկան շեղումներն ինքնին պատճառ չեն ինքնասպանության, բայց կարող են հեշտացնել ինքնասպանության գնալը»: Բանախոսները գտնում են, որ պետք է հոգեբանի ծառայությունից օգտվելու մշակույթ ձեւավորել: «Ամբողջ աշխարհում կան նրբացված, ճգնաժամային հատուկ մեթոդներ, օրինակ՝ երբ մարդը հարազատ է կորցրել եւ նրա համար կյանքը անիմաստ է, պետք է օգնել նրան»: Հարցրինք նաեւ՝ Հայաստանում ավելի շատ ինքնասպանություն գործում են մարզերո՞ւմ, թե՞ մայրաքաղաքում: Պարզվեց՝ Երեւանում ինքնասպանությունների թիվն անհամեմատ ավելի մեծ է: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գյուղական վայրերում իրար ցավով հետաքրքրվում են, իսկ քաղաքում մարդիկ սառած են միմյանց հանդեպ»,- ասաց պարոն Գաբուզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել