Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՓԱԽՑՐԵԼ ԵՆ

Փետրվար 13,2010 00:00

Երեկ աշխատանքային օրվա վերջում ասուլիս էր հրավիրել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հայկ Իսրայելյանը: Նա հայտնեց, որ հեռագրեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Փետրվարի 11-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում քննել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննչական վարչության ավագ քննիչ Ա. Հովհաննիսյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Հովհաննես Դավթյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դատարանը մերժել է այն: Սակայն դատարանի որոշման հրապարակումից հետո ոստիկանության աշխատակիցները Դավթյանին ուղղակի փախցրել են, եւ մինչեւ երեկվա ասուլիսը պաշտպանը որեւէ տեղեկություն չուներ իր պաշտպանյալի գտնվելու վայրի եւ որպիսության մասին: Դավթյանի հարազատները նույնպես տեղեկություններ չունեն, քանի որ նա տուն չի վերադարձել: «Ինձ՝ որպես Հովհաննես Դավթյանի պաշտպանի, հայտնի չեն պաշտպանյալիս՝ դատարանից ոստիկանության օպերատիվ խմբի կողմից անհայտ ուղղությամբ տանելու պատճառները: Մտավախություն ունեմ, որ նրան ապօրինի անազատության մեջ պահելով, կարող են կորզել ցուցմունքներ, կատարել այլ անօրինական գործողություններ»,- երեկ «Առավոտին» ասաց փաստաբան Հայկ Իսրայելյանը:

Ի դեպ, ընդամենը օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության առավ նմանատիպ մի գործ՝ Հայաստանի Հանրապետությունից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2005թ. նոյեմբերին ՀՀ վերաքննիչ դատարանը փոխել էր Սիլվա Ասատրյանի խափանման միջոցը, սակայն դատարանի դահլիճից նրան նույնպես տարել էին անհայտ ուղղությամբ: Ստրասբուրգի դատարանը պատժեց Հայաստանին այս դրվագով, 2500 եվրո փոխհատուցման գումարով: Հավանաբար, քաջարի ոստիկանները օրեր առաջ կայացրած այս որոշման մասին տեղյակ չէին:

Հ. Իսրայելյանը պահանջում է միջոցներ ձեռնարկել պաշտպանյալի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել