Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջերմուկին սպառնում է Ծաղկաձորի ճատակագի՞րը

Փետրվար 13,2010 00:00

«Ժառանգություն» կուսակցությունը «Առողջ գաղափարի տակ բավարարվում են անառողջ ախորժակներ» վերնագրով նամակ է գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ուր անդրադարձել է Ջերմուկ առողջարանային քաղաքի ըմպելասրահի լճակի եւ «Օլիմպիա» առողջարանի միջեւ գտնվող ու քաղաքային այգու հատվածը հանդիսացող տարածքին: Ըստ «Ժառանգության»՝ «այնտեղ բարձրակարգ հյուրանոցի կառուցման ու համաքաղաքային կենտրոնի ստեղծման պատճառաբանությամբ՝ Ջերմուկի քաղաքապետարանը 29.547քմ մակերեսով հողամաս է հատկացրել, որն էլ օտարվել է Վայոց ձորի մարզպետի միջնորդության հիման վրա՝ լիազոր մարմնի համաձայնությամբ: Հայտարարված աճուրդում հաղթող է ճանաչվել «Ջերմուկի նոր կյանք» ՍՊԸ-ն: Վերջինս հյուրանոցի շինարարությունն իրականացնելու նպատակով հատել է 10 բարդի ու տեղահանել 3 տասնյակից ավելի սոճի»: «Ժառանգությունը» Ջերմուկի քաղաքապետից պարզաբանումներ է ստացել, որոնք, սակայն, նոր հարցեր են առաջ բերել եւ հենց այս հարցերն են ներկայացվել ՀՀ վարչապետին:

«Օրինակ, ծառահատումների կապակցությամբ Ջերմուկի քաղաքապետը հայտնել է, որ նշված տարածքում հատվել է 10 ծերացած բարդի, որ ալերգիկ են եւ պետք է հատվեին: Արմատով հանվել են 35 սոճի, տեղափոխվել եւ տնկվել են նորակառույց եկեղեցու շրջակա եւ այլ տարածքներում: Դրանք բոլորն էլ կանգուն են եւ չեն վնասվել: Առաջիկայում այլ ծառեր չեն հատվելու: Ծառահատման այսպիսի բացատրությունն ու հիմնավորումն ուղղակի ապշեցուցիչ է: Ո՞վ եւ ինչպե՞ս է սահմանել, որ այդ բարդիները ալերգիկ են եւ, հետեւաբար, «պետք է հատվեին», ինչպես ներկայացնում է Ջերմուկի քաղաքապետն իր գրության մեջ: Այս հիմնավորումը համոզիչ է եղել նաեւ կառավարությա՞ն համար, երբ հիշյալ հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումից ազատելու եւ օտարելու հարցով պետական լիազորված մարմնի համաձայնությունը ստանալու խնդրանքով միջնորդած Վայոց ձորի մարզպետը, ենթադրում եմ՝ ներկայացրել է նաեւ ծառահատման խնդիրն ու հիմնավորումները: Մենք Ջերմուկի որեւէ բնակչի տրտունջ չենք լսել, որ տասնամյակներ շարունակ այդ բարդիները ալերգիայի պատճառ են դարձել: Եթե բարդիներն ալերգիկ են, ապա միգուցե հատե՞նք հանրապետության տարածքի բոլոր բարդիները: Ինչպես նկատում եք, կանաչ տարածքների վերացման, «կառուցապատող ընկերության սրտի ուզած եւ ցանկալի վայրում» շինարարություն իրականացնելու համար արդեն իսկ հիմնավորում է ծառայում Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու Ձեր առողջ գաղափարը եւ կառավարության որոշումը: Սակայն չե՞ք կարծում, որ այդ ողջունելի գաղափարի ներքո բավարարվում են հասարակության ու կանաչապատ տարածքների շահերից չբխող մասնավոր անառողջ ախորժակներ»,- հարցնում է «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել