Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՂԱՆ

Փետրվար 13,2010 00:00

\"\"Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանն իր պաշտոնավարության ընթացքում երեկ առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրել, որի ընթացքում վարչության ստորաբաժանումների ղեկավարներին եւ մարզային լրատվամիջոցներին ներկայացրեց 2009թ. ընթացքում վարչության եւ ենթակա բաժինների կողմից իրականացված օպերատիվ աշխատանքների հաշվետվությունը: Նախորդ տարի սպասարկման տարածքում հանցագործության 1322 դեպք է գրանցվել (1223-ը՝ բացահայտման տոկոսում հաշվվողներ)՝ 2008թ.-ի 802-ի փոխարեն: Սա կազմում է ՀՀ տարածքում հաշվառված 14 334 հանցագործությունների 9,2%-ը: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում գրանցված 1322-ից 90-ը կատարվել է նախորդ տարիներին: Հանցագործություններից 257-ը միջին ծանրության, 280-ը՝ ծանր, 14-ը առանձնապես ծանր են: Բոլոր գծերով աճ է գրանցվել 64, 8%-ով: Ծանր հանցագործությունների գծով նշվեց, որ նկատվել է նվազում. 280 դեպք՝ նախորդ տարվա 304-ի փոխարեն: 2009թ.-ին գրանցված հանցագործություններից այս տարվա հունվարի 1-ի դրությամբ չբացահայտված է մնացել 151-ը (ընդհանուր հանցագործությունների 11, 4%-ը), որից 74-ը ժամկետային զինծառայությունից խուսափման դեպք է: Նախորդ տարվա համեմատ բոլոր գծերով 10,8% բացահայտման արդյունքների աճ է գրանցվել: Քրեական հետախուզության գծով բացահայտումների աճը կազմել է 5,8%:

2009թ.-ին նախկին տարիներից բացահայտվել է 165 հանցագործություն (հանրապետությունում բացահայտված 13332-ի 12.4 տոկոսը): ՀՀ կառավարության եւ միջպետական ծրագրերի շրջանակներում հսկողություն է իրականացվել կանանց նկատմամբ բռնությունների հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ: Մեծ է եղել հսկողությունը թրաֆիքինգի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Հաջողության գործում վարչության պետը կարեւորեց ՀՀ ոստիկանապետի հետեւողականությունը եւ պահանջկոտությունը: Մարզի ցուցանիշները, ինչ խոսք, հանրապետության մասշտաբով գովելի եւ օրինակելի են, սակայն նա չի առարկում, որ անելիքները շատ են, թերացումներ եւս կան: Ա. Համբարյանը մտահոգություն հայտնեց հատկապես անչափահասների կողմից կատարված հանցագործությունների աճի հետ կապված. 56 անչափահասի կողմից 75 հանցագործություն է կատարվել (նախորդ տարվա 60-ի փոխարեն): Նրանցից 6-ը գտնվել է հաշվառման մեջ: Վարչության պետը չի հերքում, որ այստեղ մեղքի բաժին ունեն թե ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, թե կրթական հաստատությունը, պակաս կարեւոր գործոն չեն նաեւ ընտանեկան, սոցիալական կարգավիճակը եւ շրջապատի ազդեցությունը: 2009թ.-ին հաշվառման մեջ է եղել 99 անչափահաս, հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող՝ 4 եւ թափառաշրջիկությամբ զբաղվող՝ 14 երեխա: Անչափահասների կողմից թույլ տրված իրավախախտումները կանխելու նպատակով Լոռու մարզի ոստիկանության, մարզպետի, հանրակրթական դպրոցների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են արձանագրված դեպքերը, ծնող պատճառները, նպաստող հանգամանքները: Վերջում վարչության պետը խոստացավ պարբերաբար ներկայացնել նմանօրինակ հաշվետվություն՝ վարչության գրանցած ցուցանիշները հանրությանը հասու դարձնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել