Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՄԱ-ՊԱՊԱ» ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Փետրվար 13,2010 00:00

Գյումրիի մանկատան ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները մայրական խնամք եւ հոգատարություն են ստանում օտար մարդուց:

\"\"
Սիլվան ընդամենը մի քանի ամսական է: Բժիշկներն առայժմ չեն կարող նրա շրթունքը վիրահատել, քանի որ դեռ շատ փոքր է:

\"\"
Այս սենյակում մասնագետներն աշխատում են թերզարգացած երեխաների հետ, մարզում մկանները: Դրական որեւէ տեղաշարժ նկատելուն պես՝ ողջ մանկատունը տոնում է այդ առիթը:

\"\"
Ալենին բժիշկները հույս չեն տվել ապրելու, ինչի համար էլ ծնողները նրան լքել են: Մանկատան ջանքերով՝ երեխայի սիրտը մի քանի անգամ վիրահատել են ու հիմա նա իրեն լավ է զգում:

\"\"
Այս երեխաներն արդեն 5-6 տարեկան են եւ մանկատանն են հայտնվել միայն ֆիզիկական խնդիրներ ունենալու պատճառով: Մուրադիկը (դիմացի աջ կողմում) պատմում էր, որ իրենք այս տարի մեկի փոխարեն նույնիսկ 5 Ձմեռ պապ են ունեցել եւ ինչ նվեր ուզել են՝ «բջջային հեռախոս, պայուսակ, քսվելիք», բերել է:

\"\"
Չնայած մանկատան իդեալական պայմաններին, թանկարժեք խաղալիքներին ու ամենօրյա լավ սննդին, երեխաներից շատերը չեն համակերպվում իրենց ծնողի բացակայության հետ, անընդհատ տխրում են ու մանկատան աշխատակիցների մեջ փնտրում իրենց մորը:

\"\"
«Թող մեր մանկատունը փակվի». սա մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի բարեմաղթանքն է: Նա ամբողջ սրտով ցանկանում է, որ այլեւս ոչ մի երեխայի չբերեն իրենց մանկատուն:

– Հանկարծ ընձի չզարգես:

– Ա՛յ տղա, ես քեզ ե՞րբ եմ զարգել, որ ըտենց կըսես:

Գյումրիի մանկատան մեծերի խումբ մտնելուն պես՝ երեխաներից մեկը՝ Մուրադիկը, լսելով մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի ձայնը, նրան այսպես դիմավորեց: Այս երկխոսությունը լսելով՝ կարելի էր կարծել, որ մանկատան տնօրենն իսկապես ծեծել է հաշմանդամ երեխային, այդ պատճառով վերջինս տնօրենի ձայնը լսելով՝ խնդրում էր իրեն չհարվածել: Մինչդեռ երբ հարցուփորձ արեցինք Մուրադիկին, թե երբեւէ տնօրենն իրեն հարվածել կամ ծեծե՞լ է, նա մանկական իր անկեղծությամբ պատասխանեց. «Կուգա, ձեռքը գլխիս կդնե ու կսե՝ Մուրադիկ, ո՞նց ես, ըդիգ զարգել չէ՞: Ես ըսօր ղզիկ եմ, աղջգա պես բռոշկա եմ զարգել, գալու ա մազերս խառնե»: Մուրադիկը մանկուց կույր է եւ տնօրենը նրան տեսնելուն պես՝ բարեւում է ոչ թե բանավոր, այլ՝ գլուխը շոյելով: Մանկատան մյուս աշխատողները նույնպես ձեռքից ձեռք են խլում Մուրադին, սիրում ու փայփայում նրան սեփականի պես: Ի տարբերություն նրանց՝ երեխային նույնիսկ մի հեռախոսազանգով չի բարեւում իր ծնողը: Գյումրիի այդ մանկատանը այն հաշմանդամ երեխաներն են, որոնցից ծնողները հրաժարվել են:

Նախկինում մանկատուն նոր երեխա ընդունելիս այդ հրաժարականը կարող էին ստորագրել երեխայի մոտ հարազատները: Քանի որ հիմնականում երեխային հանձնելու «քաջությունն» իրենց վրա են վերցնում նրա տատիկ-պապիկները, հենց նրանք էլ մանկանը բերում էին մանկատուն ու ծնողների հետ նրա կապը անհետ կորցնում: Սակայն հիմա առանց երեխայի հոր եւ մոր ստորագրության եւ համաձայնության՝ մանկատունն իրավունք չունի նրան վերցնել եւ զբաղվել խնամակալությամբ: Թվում էր, թե այս սահմանափակումից հետո քիչ երեխաներ կհայտնվեն մանկատանը, սակայն, որքան էլ զարմանալի է, շատ ծնողներ կարողացել ու հիմա էլ շարունակում են իրենց ձեռքով ստորագրել սեփական երեխաներից հրաժարվելու փաստաթղթերը եւ ջնջել նրանց իրենց կյանքից: Ներկայումս Գյումրիի մանկատանը 119 երեխա է ապրում:

Մանկատան տնօրենը պատմում է, որ երբեմն իրենց աշխատակիցներն այնպես են սիրում ու գրկում այդ երեխաներին, որ վերջիններս նրանց մամա-պապա են ասում. «Մեկ-մեկ տեսնում եմ, որ երեխաներին լողացնելուց հետո, հատկապես՝ թոթոլներին, աշխատողներն այնպես են պռչ-պռչ պաչում, որ մնում ես ապշած: Նրանք այս երեխաներին իրենցն են համարում ու փորձում են տալ նրանց այն սերն ու քնքշանքը, որից ծնողները զրկել են»:

Մեր ներկայության պահին աշխատողներից մեկը մայրական հոգատարությամբ փոխում էր Սիլվայի տակաշորերը եւ համբուրում նրա թուշիկները: Սիլվան ընդամենը 800 գրամ է կշռել, երբ նրան բերել են մանկատուն: Նա ծնվել է նապաստակի շրթունքով, որի համար ծնողները փոքրիկին թողել են ծննդատանը, հրաժարական գրել ու հեռացել: Աշխատակիցների պատմելով՝ սկզբում երեխային ստիպված են եղել կերակրել զոնդով, հիմա նա կաթ է խմում արդեն շշով: Տնօրենը հույս ունի, որ Սիլվայի շրթունքը հաջող կվիրահատեն եւ երեխային կհանձնեն խնամակալության՝ այլ ծնողների:

Մի քանի անգամ սրտի վիրահատություն է տարել Ալենը: Մանկատան մասնագետները երեխայի մոտ օր օրի մեծ առաջընթաց են նկատում, եւ եթե նախկինում նրան ապրելու հույս չէին տալիս, հիմա երեխան այնպիսի տվյալներ է ցույց տալիս, որ բոլորին զարմացնում է:

Մեր հարցին, թե երեխաները հիմա ինչի՞ կարիք ունեն եւ ինչո՞վ կարող ենք օգնել՝ նրանց ծնողների փոխարեն՝ Ռուզաննա Ավագյանը պատասխանեց. «Մենք ոչ մի բանի կարիք չունենք: Միայն բոլոր բարեգործներին ու բարերարներին խնդրում ենք, որ հնարավորության դեպքում օգնեն փամփերսով: Քանի որ երեխաներից շատերը հիվանդ են, նրանց հիգիենան անչափ դժվար է պահպանել: Ամեն երեխայի փամփերսն օրական մի քանի անգամ փոխում ենք, արդյունքում՝ տարեկան ավելի քան 10 մլն դրամ պետբյուջեից ծախսվում է միայն փամփերս գնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել