Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործազրկության վիճակը՝ Աբովյանում

Փետրվար 13,2010 00:00

Անցյալ տարի համաշխարհային ճգնաժամի հետեւանքները զգալի եղան նաեւ Աբովյան քաղաքում, հաստիքներ կրճատվեցին «Ուորդ Քամփնի» ընկերությունում, լիովին փակվեց «Մեգերյան կարպետ» (նախկին «Արմենկարպետ») ԲԲԸ-ն: Դա էր պատճառը, որ 2009 թվականին Աբովյանի աշխատանքի եւ զբաղվածության տարածքային կենտրոն դիմող գործազուրկների եւ աշխատանք փնտրողների թիվն ավելացավ: Նրանց թվում էին ոչ միայն արտերկրներ արտագնա աշխատանքի մեկնողներից շատերը, այլեւ դրսում աշխատող հարազատների գումարային օգնությունից զրկված ընտանիքների անդամները:

Ըստ Աբովյանի աշխատանքի եւ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հրայր Հակոբյանի՝ անցյալ տարի զբաղվածության կենտրոնում գրանցվել է 3056 աշխատանք փնտրող, որոնցից 2674-ը գործազուրկ է (437-ը՝ բարձրագույն կրթությամբ): Ի տարբերություն նախորդ տարվա, երբ հաշվառված գործազուրկների 70%-ը կանայք էին, այս տարի գերակշռում են տղամարդիկ:

Աշխատանք չունեցողներին ամսական 18000 դրամ նպաստ հատկացնելուց բացի, զբաղվածության կենտրոնը հոգում է նաեւ նրանց վերապատրաստելու եւ աշխատանքի տեղավորելու խնդիրը: Գործազուրկներից 28-ը յուրացրել է վարսահարդարի, դիմահարդարի, վերելակի մեխանիկի, սալիկապատողի մասնագիտությունները, այժմ ընթացքի մեջ են հաշվապահների, եթերի օպերատորների եւ հաղորդավարների ուսուցման դասընթացները: Գործում է նաեւ աշխատավարձի փոխհատուցման համակարգը, երբ անմրցունակ խմբի գործազուրկները (փախստականներ, հաշմանդամներ, նախկին ազատազրկվածներ եւ այլն) ընդունվում են աշխատանքի, նրանց աշխատավարձի 50%-ը վճարում է զբաղվածության կենտրոնը: Բացի այդ, «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի շրջանակներում 65 հաշվառվածներ 2400 դրամ օրավարձով շրջակա միջավայրի սանմաքրման, բարեկարգման եւ ծառատնկման աշխատանքներ են կատարում Աբովյան, Բյուրեղավան քաղաքներում, Կոտայք եւ Ջրաբեր գյուղերում:

«Մենք սերտ կապերի մեջ ենք նաեւ գործատուների հետ, պարբերաբար տեղեկանում ենք նոր աշխատատեղերի մասին, բայց հաճախ է պատահում, որ գործատուները փորձում են 35-40 հազար դրամ աշխատավարձով շահագործել աշխատողներին, արտաժամյա աշխատեցնել եւ այլն: Այդպիսիների հետ համագործակցությունը դադարեցնում ենք»,- տեղեկացրեց Հրայր Հակոբյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել