Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ԿՐՔԵՐ

Փետրվար 13,2010 00:00

\"\"Ինչո՞ւ են ոսկե մեդալակիր տնօրենի դպրոցում աշակերտները նվազում

Իջեւան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը ներկայումս ունի 213 աշակերտ: Երկու տարի առաջ աշակերտների քանակը 271 էր: Կրթօջախում սովորողների քանակն առաջիկայում եւս կնվազի. քաղաքի թիվ 2 դպրոցն է ավագ, ու աշակերտների հոսք կլինի դեպի թիվ 2 դպրոց: Թիվ 4 դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանն ընդգծում է իր ղեկավարած կրթօջախի առավելությունները. Իջեւանի գրեթե կենտրոնում գտնվող դպրոցը, ի տարբերություն քաղաքի այլ կրթօջախների, կտրված է բանուկ փողոցից, մեքենաների աշխույժ երթեւեկից, ուսումնական հաստատության տարածքը ցանկապատված է: Դպրոցը 2005 թվականին վերանորոգվել է պետբյուջեի միջոցներով, գազիֆիկացված է, կան մասնագիտացված կաբինետներ: Սակայն այս ամենը չի օգնում աշակերտների թվաքանակի պահպանմանը: Աշակերտների թիվը նվազում է, անգամ այն պայմաններում, երբ տարածաշրջանի գյուղերից աշակերտներ են տեղափոխվում մարզկենտրոն: Տնօրենը աշակերտների թվի նվազումը բացատրում է նրանով, որ քաղաքի այլ դպրոցների դասվարները, իրենց դասարանները համալրելու համար, 4-5 տարեկան երեխաների ծնողներին հրապուրում են ու ամեն տեսակ խոստումներ տալիս: Սակայն Իջեւանում տարածված է կարծիք, թե թիվ 4 դպրոցում կադրային հաճախակի փոփոխությունների, տնօրենի սուբյեկտիվ գործելակերպի հետեւանք է աշակերտների արտահոսքը: Վերջին մի քանի տարում այստեղից բազմաթիվ ուսուցիչներ են աշխատանքից ազատվել կամ ինքնակամ հեռացել: Ոմանք նույնիսկ դատարան են դիմել՝ ընդդեմ տնօրենի, սակայն՝ անարդյունք: Այս ցուցակում վերջինը 2009 թ. սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատված արտադասարանական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ասյա Օթարյանն է: Տնօրեն Ռոզա Խառատյանի խոսքերով՝ ինքն Օթարյանին աշխատանքի էր ընդունել, որովհետեւ նա իր ընկերուհու ընկերուհին էր, նրա աշխատանքից դժգոհ լինելով հանդերձ՝ չէր ազատել, որովհետեւ տիկին Ասյան նյութական խնդիրներ ուներ: Դպրոցի մանկապատանեկան խմբակի ղեկավար Ռուզան Բեկնազարյանը, ով մասնագիտությամբ բանասեր է, հայոց լեզվի եւ գրականության ազատ դասաժամեր չլինելու պատճառով՝ հայ եկեղեցու պատմություն եւ հայրենագիտություն է դասավանդում, նաեւ արտադասարանական պարապմունքներին՝ շախմատ: Ուսումնական գծով փոխտնօրեն Անուշ Օրդինյանը աշխատանքի ուսուցում է դասավանդում, նաեւ որպես հոգեբան է աշխատում՝ փոխարինելով ֆիզարձակուրդում գտնվող հիմնական աշխատողին: Մասնագիտությամբ դասվար Գոհար Օհանյանն արդեն 4 տարի գրադարանավարուհի է:

Ռոզա Խառատյանը այս դպրոցը ղեկավարում է 1994 թվականի հոկտեմբերից: Նա «Աշակերտների կրթության եւ դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա մանկավարժական գործունեության եւ Ուսուցչի օրվա կապակցությամբ» 2004 թ. սեպտեմբերի 29-ին արժանացել է կրթության եւ գիտության նախարարության ոսկե հուշամեդալի, իսկ «Մանկավարժության մեջ մեծ ավանդի եւ նվիրումով աշխատանքի համար»՝ 2008 թ. օգոստոսի 26-ին արժանացել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի շնորհակալագրին:

Տիկին Խառատյանի հետ շրջեցինք դպրոցում: Դասարաններից մեկում ջերմաչափը ցույց էր տալիս նորմայից ցածր՝ 15 աստիճան տաքություն, չնայած երեխաներն ասացին, որ սենյակում բավական տաք է, չեն մրսում: Տնօրենը սովորություն ունի ձմռանը «միամսյակ» հայտարարել, որի շրջանակներում կարգադրում է փակել դպրոցի դռները՝ ներս չթողնելով ուշացած աշակերտներին: «Ես արտաքուստ եմ խիստ երեւում, այնքան խիստ չեմ, ինչքան իմ մասին ասում են»,- հայտարարեց Ռոզա Խառատյանը: Պարզվեց, որ Ռոզա Խառատյանը Հանրապետական կուսակցության անդամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել