Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համբերության բաժակը լցվում է»

Փետրվար 13,2010 00:00

Խոստովանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը

ՀՀ նախագահի լոնդոնյան հայտարարությունները բավականին ակտիվացրել են եւ ադրբեջանական, եւ հայաստանյան քաղաքական դաշտը: Նախագահի հայտարարությունն այն մասին, որ հանձնարարել է իր աշխատակազմին հայ-թուրքական արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով, վրդովեցրել է «Ժառանգությանը». այս կուսակցությունը պատրաստվում է միջոցառումներ անցկացնել խորհրդարանի մոտ այն պահին, երբ դրանք կքննարկվեն այնտեղ: Իսկ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ի տարբերություն ընդդիմության վրդովմունքի, երեկ բավականին հանդարտ բացատրեց, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում չեն վավերացվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի խորհրդարանը դրանք չի վավերացրել. «Խնդրում եմ դա սովորական ընթացակարգ համարեք, կարծում եմ՝ այսօր այդ արձանագրություններն անպայման կմտնեն խորհրդարան (երեկ արձանագրությունները արդեն մտան խորհրդարան- Մ. Ե.), եւ նաեւ, հարցադրումներն այնպիսին են, որ քննադատվում ենք մենք՝ հանրապետականներս, որ իբր ասել ենք, թե այդ արձանագրությունները Ազգային ժողով չեն մտնի: Մենք հայտարարում ենք հետեւյալը՝ մինչեւ Թուրքիայի մեծ ժողովն արձանագրությունները չվավերացնի, բնականաբար, մեզ մոտ քննարկումներ չեն լինի: Այսինքն՝ Ազգային ժողով մտնելը պիտի համարել զուտ տեխնիկական գործընթաց, այսինքն՝ մենք մեկ անգամ եւս հավաստիացնում ենք, որ պատրաստ ենք վավերացնել արձանագրություններն այն տեսքով, ինչ տեսքով ստորագրվել են, բայց առաջին քայլը պետք է կատարի թուրքական կողմը»: Գալուստ Սահակյանի ներկայացմամբ եւս, հնարավոր է արձանագրությունները մտնեն խորհրդարան, դրվեն շրջանառության մեջ, բայց տարիներով չքննարկվեն:

Նա երեկ մամուլի ասուլիսում նաեւ ասաց. «Համբերության բաժակը լցվում է, եւ եթե նույն սեթեւեթանքներով փորձեն առաջ գնալ (նկատի ունի թուրքական կողմին-Մ. Ե.), բնականաբար՝ խնդիր կառաջանա մեր ստորագրությունը ետ վերցնելու»:

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտին» ներկայացրեց իր մեկնաբանությունները. «Ընթացակարգը շատ հստակ է եւ հայտնի՝ գործում է նույն ընթացակարգը, ինչպես միջազգային պայմանագրերի վավերացման դեպքում: Ազգային ժողովի նախագահը երկօրյա ժամկետում այն պետք է դնի շրջանառության մեջ, իսկ թե ե՞րբ կքննարկվեն այդ արձանագրությունները՝ կարծում եմ, բոլորի համար էլ հստակ է. Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը կքննարկվի միայն եւ միայն այն դեպքում, երբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը դրանք արդեն վավերացրած կլինի: Ուստի այս հարցի շուրջ աղմուկ բարձրացնելը, կանխակալ հայտարարություններ անելը, միտինգների եւ պիկետների կոչեր անելն առնվազն լուրջ չեմ համարում, որովհետեւ որեւէ քաղաքական ուժ, այդ թվում նաեւ՝ «Բարգավաճ Հայաստանը», բնականաբար, դեմ է լինելու մեր խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացմանն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այդ արձանագրությունները չի վավերացրել: Ի դեպ, որպես ի գիտություն, ուզում եմ ասել, որ այս պահի դրությամբ Հայաստանի Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում կան միջազգային պայմանագրեր, որոնք 7-8 տարի քառօրյայի օրակարգում են եւ դեռ չեն քննարկվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հ. Գ. Երեկ, օրվա երկրորդ կեսին, պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը Ազգային ժողով է ուղարկել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները՝ վավերացման գործընթաց սկսելու համար: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Վերջինս նշել է նաեւ, որ Հայաստանի Ազգային ժողովում արձանագրությունների քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչը լինելու է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ ԱԺ Կանոնակարգ-օրենքի՝ փաստաթուղթը երկու աշխատանքային օրվա ընթացքում կդրվի շրջանառության մեջ եւ կորոշվի գլխադասային հանձնաժողովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել