Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԻ ԿՏԱ ԱԺ 14 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՞

Փետրվար 13,2010 00:00

\"\"Թե՞ ստիպված կլինի Հայաստանի ԱԺ նախագահի հաստատած որոշման մանրամասները պարզել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարից:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ առանձին 13 նամակներով դիմել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին ու ԵԱՀԿ ԽՎ-ում եւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունների ղեկավարներին: Նամակների բովանդակությունը նույնն է՝ հիշեցվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 18-րդ հոդվածի մի դրույթ, որի համաձայն՝ ԱԺ նախագահը «խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հետ՝ հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման եւ գործունեության կարգերը»: Նույն հոդվածում նշված է. «ԱԺ նախագահի ընդունած ակտերը երկօրյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին»: Այս դրույթները հաշվի առնելով՝ Ստյոպա Սաֆարյանը հանձնաժողովի նախագահներին խնդրել է օրենքով սահմանված ժամկետներում իրենց տրամադրել ԱԺ վերոհիշյալ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգերը: 

Հիշեցնենք, որ երբ «Ժառանգությունը» պաշտոնապես էր ստացել ԱԺ նախագահի կարգադրությունը ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության կազմը հաստատելու մասին, որով մշտական անդամների ցանկից դուրս էր բերվում Զարուհի Փոստանջյանը՝ Ստյոպա Սաֆարյանը հունվարի 20-ին գրավոր դիմել էր Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով տրամադրել այդ կապակցությամբ հրավիրված խորհրդակցության արձանագրությունը, պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգերը, նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարին փոխանցված նամակն ու փաստաթղթերի պատճենները՝ պատվիրակության անդամների մանդատների հաստատման վերաբերյալ:

Եվ միայն փետրվարի 10-ին է ստացվել այս նամակի պատասխանը, որով ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը հայտնել է, թե իրենց պահանջած «բոլոր փաստաթղթերն առկա են համապատասխան պատվիրակության քարտուղարի մոտ»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էլ փետրվարի 11-ին դիմել է ԵԽԽՎ պատվիրակության քարտուղար Էսթերա Մկրտումյանին՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: Մի դիմում էլ Ստյոպա Սաֆարյանը երեկ ուղարկել է ԱԺ նախագահին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ մինչ օրս պաշտոնական իրազեկում չի տրամադրվել «ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի իրավունքների եւ պարտականությունների սահմանափակման հիմնավորումների մասին»:

«Առավոտի» հետ զրույցի ընթացքում պրն Սաֆարյանը բացատրեց, թե ինչու են կարեւորում մասնավորապես հունվարի 12-ին ԱԺ նախագահի կողմից հրավիրված խորհրդակցության արձանագրության պատճենը ստանալը. «Անգամ այս օրերին շատ լուրջ տարաձայնություններ կան, թե ո՛վ ի՛նչ է ասել այդ խորհրդակցության ընթացքում: Դավիթ Հարությունյանը մի քանի ելույթներում հրաժարվեց, թե ինքն է այն գաղափարի հեղինակը, որ փոխարինողները չգնան: Իսկ Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց, թե՝ չէ՞ որ դա հնչել է Դավիթ Հարությունյանի բերանից: Ես այդ խորհրդակցությանը գնացել եմ 5 րոպե ուշացումով, եւ մինչ այդ քննարկված հարցերը ներկայացրել է Հովիկ Աբրահամյանը, թե ՕԵԿ-ը ցանկություն է հայտնել դառնալ ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմի անդամ, իսկ Դավիթ Հարությունյանն էլ առաջարկել, որ փոխարինողներն ամեն անգամ չգնան գործուղման: Վերջինս այդ պահին չառարկեց իր անունից արված այդ «ավետիսին», բայց հետո հայտարարեց, թե ինքը կապ չունի այդ որոշման ընդունման հետ: Կարծում եմ, արձանագրության տեքստը լույս կսփռի այս ամենի վրա»:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի փետրվարի 10-ի գրությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն այսպես մեկնաբանեց. «Կարելի է ենթադրել, թե ԱԺ նախագահը կամ աշխատակազմը չունեն մեր պահանջած փաստաթղթերը, ու դրանք կարող ենք վերցնել բացառապե՛ս պատվիրակության քարտուղարից: Ուղղակի ծիծաղելի իրավիճակ է, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգերը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր են, որոնք պահվում են մեկ օրինակով, խիստ որոշակի վայրում, որոշակի մարդու մոտ, եւ ընդդիմադիրը չի կարող ծանոթանալ դրանց: Մինչդեռ ընդդիմադիր խմբակցության իրավունքն է՝ ունենալ այդ կարգը»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են մտադիր օգտագործել այս ծավալուն գրագրությունը՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Այս պահին կան 3 ուղիներ: Նախ, ակնհայտ է, որ ԱԺ նախագահը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չեն ցանկանում տրամադրել այդ կարգերը. եթե հանձնաժողովների նախագահները եւ պատվիրակությունների ղեկավարները եւս մեզ չտրամադրեն, ու դրանք չստանանք նաեւ պատվիրակության քարտուղարից, ապա մնում է միայն այդ բոլոր սուբյեկտների նկատմամբ հայց ներկայացնել դատարան՝ պահանջելով նրանց պարտավորեցնել մեզ տրամադրել այդ կարգերը: Այլ հարց է՝ եթե հանձնաժողովների նախագահները եւ պատվիրակության քարտուղարը պատասխանեն, թե իրենք էլ, մեզ նման, չունեն այդ փաստաթղթերը: Երկրորդ տարբերակը ԵԽ գլխավոր քարտուղարին դիմելն է, քանի որ ԱԺ նախագահն իր կողմից կամ իր լիազոր անձի միջոցով նրան է փոխանցել հավատարմագրերը ու դրանց զուգահեռ՝ բացատրություն, թե ինչ սկզբունքով է ձեւավորվել պատվիրակությունը: Զավեշտ է, բայց իսկապես՝ Հովիկ Աբրահամյանի ընդունած որոշումների մասին տեղեկանալու ուղիներից մեկը ԵԽ ղեկավարին դիմելն է: Եվ երրորդ ուղին՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից խորհրդարանական ընդդիմության իրավունքների իրականացման իրավիճակի վերաբերյալ հատուկ մոնիտորինգի շրջանակներում այս փաստաթղթերը ստանալն է: Միգուցե մենք այդ կարգերը ստանանք ԱԺ ղեկավարության հետ պարոնայք Պրեսկոտի եւ Կոլոմբիեի շփումների՞ շնորհիվ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաեւ հայտնեց. «Եվրոպայի խորհրդից շարունակում են հետաքրքրվել այս հարցով, եւ հատկապես Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ EPP խմբակցության մի շարք պատգամավորներ տակավին վերջերս մեզ նամակներ էին ուղղել: Այսինքն՝ գործընթացն ամենեւին ավարտված չէ, եւ նրանք շարունակելու են պահանջել ապահովել իրենց խմբակցության բյուրոյի անդամ Զարուհի Փոստանջյանի մասնակցությունն աշխատանքներին»:

Ստյոպա Սաֆարյանը եւ Զարուհի Փոստանջյանը երեկ 15-րդ նամակն էլ են ուղարկել՝ Ազգային ժողովի նախագահին մասնավորապես գրելով. «Հարկադրված ենք օրինական պահանջով գրավոր դիմել, որպեսզի Ձեր հանձնարարությամբ կազմակերպվի Զարուհի Փոստանջյանի գործուղումը Փարիզ՝ ԵԽԽՎ «Գիտության, կրթության, մշակույթի» ու «Մշակութային ժառանգության» հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար: Այն տեղի կունենա սույն թվականի մարտի 10-ին: Հնարավորինս սեղմ ժամկետներում ակնկալում ենք գրավոր պատասխան»:

Հ. Գ. Լարիսա Ալավերդյանն էլ ԵԱՀԿ ԽՎ-ում EPP խմբակցության անդամ է, եւ ըստ պրն Սաֆարյանի՝ «Նրա խմբի ներկայացուցիչները, որոնք նաեւ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահներ են, արդեն տեղյակ են, որ Լարիսա Ալավերդյանը չի մասնակցելու նստաշրջանին: Այնպես որ՝ որքան շուտ այս խնդիրները լուծվեն Հայաստանի ներսում, որքան վաղ վերականգնվեն «Ժառանգության» եւ նրա ընտրողների խախտված իրավունքները՝ այնքան ստեղծված այս անհեթեթ խնդիրը չի դառնա միջազգային կառույցներում քննարկման առարկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել