Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՀԱՎԱՔ՝ ԱԺ ԴԻՄԱՑ»

Փետրվար 13,2010 00:00

Այսպես է «Ժառանգություն» կուսակցությունը վերնագրել երեկ տարածած իր հայտարարությունը, որում մասնավորապես կանխատեսելի է համարում, թե Հայաստանի գործող նախագահությունը՝ «օգտագործելով իր իսկ թելադրանքով Սահմանադրական դատարանի ընդունած ներքին ծխածածկույթ ապահովող որոշումը, այժմ էլ մտադիր է դրանք հապճեպորեն վավերացնել գործադիրի կցորդի վերածված Ազգային ժողովում»:

«Ժառանգությունը» նաեւ հայտարարում է, թե այն օրը, երբ հայ-թուրքական արձանագրությունները պաշտոնապես կմտնեն Ազգային ժողովի օրակարգ «եւ կդառնան համապատասխան նիստի քննարկման առարկա, մենք այն կդիմավորենք ԱԺ դարպասների մոտ՝ բարձրաձայնելով մեր բողոքն ու վճռական «ՈՉ»-ը: Մենք կոչով դիմում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին՝ միանալ այդ հանրահավաքին եւ թույլ չտալ կյանքի կոչել այս իրավասպան ու հիրավի հայրենադավ փաստաթղթերը: Այդ օրը ողջ ժողովուրդը եւ նրա շահերն իրապես սպասարկող քաղաքական ուժերը պետք է ապացուցեն հայոց ինքնիշխանությանը իրավունքին ու արժանապատվությանը տեր կանգնելու իրենց անկոտրում կամքը»:

«Առավոտի» հետ զրույցի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց. «Պիտի ասեմ, որ սա այնքան էլ նոր գաղափար չէ: Սրա մասին հնչեցվել է դեռեւս «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ «ՈՉ»-ի շարժման հանրահավաքում իմ ելույթի ընթացքում, երբ լիազորված էի «Ժառանգություն» կուսակցության անունից ներկայացնել, թե ինչպես ենք պատկերացնում արձանագրությունների վավերացման կասեցումը: «ՈՉ»-ի շարժման շրջանակներում կան քաղաքական ուժեր, որոնք կանխավ՝ հենց այդ պահին իրենց դիրքորոշումն են արտահայտել, թե իրենց համար ընդունելի, ընկալելի է նման քայլերի կատարումը: Իսկ թե այժմ ինչպիսին կլինի բոլոր կուսակցությունների դիրքորոշումը՝ պարզ կդառնա նրանցից յուրաքանչյուրի արձագանքից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել