Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուքիասյանները շարունակում են թիրախ լինել

Փետրվար 13,2010 00:00

Երեկ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը:

Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության հատուկ ջոկատայինների մի մեծ խումբ գրոհով ներխուժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ» կոնցեռնի կենտրոնական գրասենյակ, ջարդուփշուր է արել գրասենյակի դռներն ու իր հետ ոստիկանության Էրեբունու բաժին է տարել կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին։ Կոնցեռնի գրասենյակում այդ պահին եղած մարդկանց, նաեւ մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի ասելով, ոստիկանության աշխատակիցներն իրենց գործողությունները որեւէ կերպ չեն պատճառաբանել: Փոխարենը հայտարարել են, թե գրասենյակում տեղազննություն է կատարվելու՝ առանց դրա համար անհրաժեշտ հիմնավորումներ եւ համապատասխան սանկցիա ներկայացնելու: Սուքիասյանների փաստաբան Արա Զոհրաբյանը դեպքի վայր էր ժամանել այն պահին, երբ Ս. Սուքիասյանին արդեն մեքենայով տեղափոխելիս են եղել ոստիկանության բաժին: Արդեն բաժնում ո՛չ նրան, ո՛չ էլ Սուքիասյանների մյուս փաստաբանին՝ Վահագն Բալաբեկյանին, ավելի քան 2 ժամ թույլ չեն տվել հանդիպել Ս. Սուքիասյանի հետ՝ խախտելով քրեադատավարական օրենսդրության եւ ՀՀ Սահմանադրության պահանջներն ու արգելելով նրանց անհրաժեշտ իրավաբանական օգնություն ցուցաբերել իրենց վստահորդին: Այդ ընթացքում նույնիսկ նրանք՝ փաստաբանները, տեղյակ չէին, թե Ս. Սուքիասյանն ի՞նչ կարգավիճակով է առանց փաստաբանի պահվում ոստիկանությունում: Ավելի ուշ փաստաբաններին, այնուամենայնիվ, հնարավորություն էր տրվել տեսակցել Սուքիասյանի հետ, թեեւ մինչ այդ ոստիկանության աշխատակիցների ասելով՝ ներսում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ են եղել։

Ոստիկանությունը, որը Սուքիասյանին Էրեբունու բաժին բերման ենթարկելուց հետո էլ չէր շտապում պաշտոնապես բացատրություններ տալ գործարարին բերման ենթարկելու առնչությամբ, ավելի ուշ տարօրինակ հաղորդագրություն տարածեց. «Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը եւ հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը՝ Ասպրամ Տոնոյանին: 2009թ. նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը: Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, գնացել է «Սիլ գրուպի» գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր: Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին, Սարիբեկ Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը»:

Իսկ տարօրինակն այս հաղորդագրության մեջ այն է, որ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունից հասկանալի է դառնում, որ Ս. Սուքիասյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել Գոռ Դավթյանի հայտարարությունը, իսկ Դավթյանը ոստիկանության բաժին էր դիմել հետին թվով՝ Սուքիասյանին բերման ենթարկելուց կամ առնվազն կոնցեռնի գրասենյակն ասպատակելուց շատ հետո՝ 17:30-ին: Թե հիմա ի՞նչ է իշխանությունների ուզածը՝ հայտնի չէ, բայց պարզ է, որ նրանց նախանշած սցենարի գոնե մի հատվածը՝ Սուքիասյանին նաեւ մարդու առեւանգման մեջ մեղադրելու մասով, տապալվել է:

Բանն այն է, որ «Panorama.am»-ը մինչեւ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության հրապարակումը իր կայքում տեղադրել էր իր ունեցած տեղեկություններն առ այն, թե՝ «Սարիբեկ Սուքիասյանը ոստիկանություն բերման է ենթարկվել մարդ առեւանգելու եւ որոշակի փաստաթղթեր ստորագրելու պարտադրանք կիրառելու կասկածով»:

Այս տեղեկությունը, ի դեպ, կայքում հայտնվել էր շատ օպերատիվորեն՝ Գ. Դավթյանի կողմից ոստիկանությանը դիմելուց ընդամենը 15 րոպե հետո:

Հիշեցնենք, որ հայաստանյան գործող օրենսդրության համաձայն, քաղաքացին բերման ենթարկվելուց հետո ոստիկանությունում կարող է պահվել 3 ժամ, որից հետո կամ նա պետք է անհապաղ ազատ արձակվի, կամ նրան պետք է մեղադրանք առաջադրվի: Երեկ, սակայն, օրենքի այս պահանջն էլ խախտվեց: Ս. Սուքիասյանին Էրեբունու ոստիկանության բաժնում առանց մեղադրանք առաջադրելու պահելու վերջնաժամկետը լրանում էր ժ. 19:30-ին, թեեւ 22:00-ի դրությամբ նրան ո՛չ ազատ էին արձակել, ո՛չ էլ մեղադրանք առաջադրել: Այդ պահի դրությամբ էլ ոստիկանության Էրեբունու բաժին էին այցելել նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել