Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ Ի ՍԿԶԲԱՆԵ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ

Փետրվար 13,2010 00:00

Երեկ ՀՌԱՀ-ի սահմանած չափորոշիչները գնահատելով՝ ասաց Մեծ Բրիտանիայում բնակվող լրագրող Մարկ Գրիգորյանը

\"\"

Այսօր ՀՌԱՀ-ի կողմից ընդունվելիք «չափորոշիչների» շուրջ «Առավոտը» զրուցեց վաղուց արդեն Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատած եւ լրագրողական ակտիվ գործունեություն ծավալող մեր գործընկերոջ՝ Մարկ Գրիգորյանի հետ: Վերջինս, որը նախապես ուսումնասիրել էր այդ «չափորոշիչները», ասաց. «Ես շատ ուշադրությամբ ուսումնասիրեցի այդ փաստաթուղթն ու կարող եմ ասել, որ այդ գաղափարն ու դրդապատճառները լավն են: Մարդիկ ուզում են այնպես անել, որ ինչ-որ կերպ կանոնակարգվի էրոտիկ, սարսափ ֆիլմերի ցուցադրումը, եւ դա սկզբունքորեն շատ դրական է: Բայց ես մինչեւ հիմա չգիտեմ Եվրախորհրդի կամ Եվրամիության անդամ ու դրանից դուրս որեւէ երկիր, որը կարողանար այդ լավ նպատակի սպասարկման համար բավարարող ու սպառիչ չափորոշիչներ սահմանել, որովհետեւ մեր կյանքը շատ ավելի բազմազան է, քան ցանկացած չափորոշիչ, որը մենք կարող ենք ներկայացնել: Դրա համար կան երկրներ, որոնք հրաժարվել են այդպիսի չափորոշիչներ սահմանելուց: Ես նույնիսկ մտածում եմ՝ մի՞թե մենք փորձում ենք կյանքի ամբողջ բազմազանությունը մտցնել մեկ կամ երկու, նույնիսկ հարյուր էջանոց փաստաթղթի մեջ: Դա ի սկզբանե արդեն դատապարտված է անհաջողության: Ինձ թվում է, որ այս դեպքում հանձնաժողովը գնացել է ոչ ճիշտ ճանապարհով: Ճիշտ կլիներ այդ հարցերը լուծել մեկ այլ ձեւով, գտնել մեկ այլ տարբերակ: Օրինակ՝ ֆիլմեր արտադրողները միշտ ֆիլմերի վրա նշում են, թե դա որ տարիքի մարդկանց համար է նախատեսված: Եթե կան այդ տարիքային սահմանափակումները, ժամային սահմանափակումներ էլ մտցվեն: Կարծում եմ՝ փաստաթուղթը սկզբունքորեն ճիշտ չի մատուցվում»:

Մենք հիշեցրինք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում, որի հիման վրա սահմանվել են հիշյալ չափորոշիչները, նման ժամանակային սահմանափակում արդեն կա՝ «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ սարսափ ֆիլմերը կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը։ Բացառություն կարող են լինել կոդավորված հեռուստառադիոհաղորդումները»։ Բայց Մ. Գրիգորյանը համարեց, որ դա էլ սկզբունքորեն ճիշտ մոտեցում չէ: «Օրենքում ընդամենը մեկ ժամ է ֆիքսված՝ կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 6-ը: Ես չեմ կարծում, թե այդ ժամի նշումն իրականում ինչ-որ բան նշանակում է, որովհետեւ եթե դուք ուզում եք տարբերակել՝ ինչը կարելի է ցուցադրել մինչեւ ժամը 24.00-ը կամ դրանից հետո, ակամա հայտնվելու եք նույն ծուղակի մեջ: Ասենք՝ «9 ու կես շաբաթ» կամ Ֆելինիի «8 ու կես» հանրահռչակ ֆիլմը ո՞ր չափորոշիչի մեջ պետք է դասել: Ու հանկարծ կստացվի, որ աշխարհի կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներն ու ամենամեծ ու ամենալավ նվաճումները հայկական հեռուստատեսությամբ կցուցադրվեն ժամը 24.00-ից հետո: Իսկ ինչ վերաբերում է չափորոշիչների 3-րդ՝ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության եւ այլնի վերաբերյալ կետին, ապա ես ինքս առաջին հերթին կարգելեի բոլոր տեսակի սերիալները: Բայց այս նախադասությունն ասելով՝ ես հասկանում եմ, որ դա ասում եմ իմ սեփական ճաշակից ելնելով, եւ կարծում եմ, որ իրավունք չունեմ իմ սեփական ճաշակը որեւէ մեկի վզին փաթաթել, այդ թվում նաեւ՝ իմ երեխաների, որոնք, փառք Աստծո, արդեն մեծացել են»:

Մ. Գրիորյանին հարցրեցինք 3-րդ կետում տեղ գտած ձեւակերպման մասին՝ «հոգեւոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումը եւ վարկաբեկումը, պատմական իրողությունների եւ ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը, բարոյականության նորմերի ժխտումը, անբարո ապրելակերպի քարոզը, ծնողների եւ դաստիարակների հեղինակազրկումը»: «Այդ պատմական խեղաթյուրումների մասին ասեմ: Ռուսաստանում մի այդպիսի փորձ արվեց, եւ դա տապալվեց, որովհետեւ դրա հիմքում իրական բազա չկա: Բայց ես սկզբունքորեն եմ դեմ այդ փաստաթղթին, որովհետեւ կարծում եմ, որ բոլոր սկզբունքները, որոնք դրված են դրա հիմքում, նաեւ ձեր նշած օրինակի տեսանկյունից, ճիշտ չեն: Կա այդ սկզբունքները ներդնելու այլ փորձ, որն ավելի հաջողակ է: Ձեր ասածը շատ վատ ու պարզ օրինակ է գրաքննություն մտցնելու համար: Նույն հաղորդումն ու բանավեճը ինձ դուր եկած հեռուստաալիքում ես կարող եմ համարել դրական, իսկ դուր չեկած հեռուստաալիքում՝ բացասական, ու դա էլի իմ սուբյեկտիվ կարծիքը, իմ սեփական ճաշակի պատվաստումը կլինի քաղաքական, բարոյական կամ ազգայնամոլական առումով: Իմ ասելով՝ ես նկատի ունեմ ցանկացած մեկին: Ես ազնվությամբ չեմ կարծում, որ այդ փաստաթուղթը, որպես այդպիսին, ապագա ունի»,- նկատեց մեր զրուցակիցը:

Դուք ասացիք, որ եթե փաստաթուղթը նպատակ ունի ընդամենը կանոնակարգել հեռուստաեթերը, ապա դա լավ գաղափար է: Բայց Հայաստանում կա այլ կարծիք, որ դրա իրական նպատակը գրաքննություն մտցնելն ու հեռուստաընկերությունների կատարյալ վերահսկողությունն է: Մեր այս հարցին ի պատասխան Մարկ Գրիգորյանն ասաց. «Այսօրվա Հայաստանի մասին իմ պատկերացմամբ, հեռուստաընկերությունները լրացուցիչ գրաքննության կարիք չունեն, քանի որ այսօր նրանք արդեն բավականին լավ մշակված ձեւերով իշխանությունների վերահսկողության տակ են: Ես այս փաստաթուղթը շրջանառության դնելու մեջ այս պահի դրությամբ քաղաքական միտում չեմ տեսնում: Վաղը այդպիսի միտում, գուցե, առաջանա: Բայց այսօր ես տեսնում եմ բարի ցանկություն, որը փորձում են իրականացնել ի սկզբանե դատապարտված մեթոդներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել