Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼԻ «ԴԱԲՐՈՅԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ

Փետրվար 13,2010 00:00

ԵԿՄ համագումարին «լեւոնական» երկրապահները չեն մասնակցի

\"\"
ԵԿՄ նախորդ համագումարներից մեկում:

Փետրվարի 16-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայանալու է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ութերորդ համագումարը: Ըստ կազմակերպության կանոնադրության, ԵԿՄ համագումարները պետք է գումարվեն երկու տարին մեկ պարբերականությամբ: Կառույցի վերջին համագումարը գումարվել է 2006-ին: Մինչ այժմ ԵԿՄ պատասխանատուներից ոչ ոք հստակ չի պատասխանել, թե ի՞նչն էր կանոնադրական այս կոպիտ խախտման պատճառը: Ի պատասխան այս առիթով շրջանառվող լուրերի եւ հրապարակումների՝ կազմակերպության լրատվական բաժնից մի բան էին ասում. «Պարզապես ձգձգվել է»: Երեկ հերթական անգամ «Առավոտին» տրվեց այդ պատասխանը: Օբյեկտիվ, թե ոչ օբյեկտիվ պատճառներով, հասարակական, ապաքաղաքական այս կառույցը Հայաստանի քաղաքական կյանքում մշտապես դերակատարում ունեցել է, այն էլ՝ բավականին ակտիվ: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ՀՀ առաջին նախագահի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, ԵԿՄ-ում հստակ տարանջատումներ տեղի ունեցան: Համագումարի ձգձգման հիմնական պատճառը, թերեւս, հենց դա էր: Այժմ, երբ արդեն բոլոր «պղտոր ջրերը» պարզվել են, արդեն առկա են կոնկրետ պայմանավորվածությունները, որեւէ մեկի համար այլեւս մտահոգիչ չէ այդ համագումարի անցկացումը: Անակնկալներ չեն լինի:

Այս օրերին ԵԿՄ վարչությունում բավականին զգուշավոր են լրագրողների հետ շփումներից: Կայանալիք համագումարի հետ կապված որեւէ պարզաբանում ստանալու մեր ջանքերը՝ երեկ ամբողջ օրն անցան ապարդյուն: ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի «դաբրոն» այդպես էլ չեղավ, եւ պատասխանատուներից որեւէ մեկը չհամարձակվեց պատասխանել «Առավոտի» հարցերին: Իսկ մենք ընդամենը ցանկանում էինք պաշտոնապես տեղեկանալ՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում լուրերը, որ համագումարում ընտրվելիք վարչությունում գերակշռելու են բանակի գործող բարձրաստիճան սպաները, ովքեր իշխանությունների անմիջական տեսադաշտում են գործելու՝ այդպիսով ավելի ուժեղացնելով կառույցում պաշտպանության նախարարի թեւը, ով, չի բացառվում, նաեւ կղեկավարի ԵԿՄ-ն: Ցանկանում էինք ճշտել նաեւ պատվիրակների եւ հրավիրյալների ցանկը: Սա, թերեւս, «Առավոտի» ամենաանցանկալի հարցն էր, որովհետեւ հենց այդ հարցի շուրջ խոսելուց էին խուսափում այն մարդիկ, ում հետ երեկ պատիվ ունեցանք շփվելու: Միայն հաջողվեց ճշտել, որ համագումարը լինելու է առանց ընդմիջման, եւ անմիջապես ավարտին ԵԿՄ նորընտիր վարչությունը գնալու է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին եւ, ինչպես ԵԿՄ լրատվականից փոխանցեցին՝ «գլուխ խոնարհելու եւ երդվելու, որ հավատարիմ են մնալու իրենց սկզբունքներին»: Համագումարին մասնակցելու է նաեւ ԼՂՀ քաղաքական եւ զինվորական ղեկավարությունը:

Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ համագումարին ոչ իբրեւ պատվիրակ, ոչ իբրեւ հրավիրյալ չեն մասնակցի կազմակերպության այն անդամները, ովքեր 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կանգնեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Նկատենք, որ նրանք նաեւ ԵԿՄ հիմնադիր-անդամներ են: Մասիսի ինքնապաշտպանական ջոկատի նախկին հրամանատար Հուսիկ Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցում այդ առիթով ասաց. «Համոզված եմ, որ տարածքային կազմակերպությունը կապ չունի, դա ԵԿՄ «վերնախավի» ցանկությունն է»: Պատճառը, հասկանալի է՝ «քաղաքական գործունեություն»: Մեր զրուցակիցը համոզված է. «Որեւէ իրեն հարգող իշխանություն չի կարող թույլ տալ, որ ԵԿՄ-ի նման կառույցը իր վերահսկողությունից դուրս գտնվի: Այդ թվում նաեւ այս իշխանությունը, որն ամեն ինչ անում է ԵԿՄ-ն իր «բռի» մեջ պահելու համար»: Չնայած համագումարի օրն արդեն նշանակված է, մեր զրուցակիցը խիստ կասկածում է, որ այն տեղի կունենա, իսկ եթե տեղի ունենա, ապա միայն՝ «արդեն իսկ նախատեսված սցենարով՝ համաձայնեցված երկրի բարձրագույն իշխանությունների հետ»: Այդ սցենարից, բնականաբար, դուրս կմնան եւ նորընտիր վարչությունում չեն լինի «մարտի 1»-ով դատապարտվածները եւ ՀՀ առաջին նախագահի կողքին կանգնած ԵԿՄ-ականները: «Առավոտի» հարցին էլ՝ ի՞նչ կմաղթեք ձեր նախկին մարտական ընկերներին, ովքեր ԵԿՄ-ի հետ են, ԵԿՄ-ի մեջ են՝ Հուսիկ Բաղդասարյանն ասաց. «Ես էլ, մնացածն էլ ԵԿՄ-ի մեջ ենք: «Երկրապահը» մեր էությունն է: ԵԿՄ-ի վարչությամբ կամ համագումարով չի որոշվում՝ մարդը երկրապահ է եղել, թե՝ ոչ: Երկրապահները պատերազմի դաշտում եղած, պատերազմի ուղին անցած բոլոր տղաներն են, ոչ թե այսօրվա վարչությունը կամ մյուսները: ԵԿՄ-ն պարզապես իրենց համար կառույց է, որտեղ ամեն մեկն իր հարցերն է փորձում լուծել: Բուն մարտական գործողությունների մասնակիցների 90 տոկոսն այսօր որեւէ կառույցից դուրս է գտնվում եւ իրենց առօրյա հոգսերով է ծանրաբեռնված՝ ընտանիքի սոցիալ-կենցաղային, իրենց առողջական հարցերն են փորձում լուծել: Իմ մաղթանքն ուղղված կլինի բոլոր նրանց՝ հոգով ամուր եղեք, առողջ: Կգա ժամանակը, երբ բոլոր այդ տղաները կապրեն իրենց երազած Հայաստանում: Կպայքարեն միայն դրա, ոչ թե ինչ-որ վարչություններում կամ կազմակերպություններում տեղեր ունենալու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել