Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

21. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Փետրվար 12,2010 00:00

\"\"

Գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը՝ արվեստանոցում:

\"\"
Խորհրդավոր ընթրիք:

Քայլեցի 20-րդ փողոցով: 18-րդ փողոցի անկյունում տղաներ էին հավաքվել:    
–Եթե լրագրող ես, պիտի բողոքենք,- ասաց տղաներից մեկը,- քաղաքապետարանի նախընտրական շրջանում եկան, քանդեցին փողոցը, բայց ընտրություններն ավարտվեցին, էդպես էլ թողեցին քանդած ու գնացին: Նույնն էլ 3- րդ փողոցում: Ջուր քաշելու համար փորեցին ասֆալտը, խողովակները կապեցին, ընտրություններն ավարտվեցին, թողեցին քանդած ու հեռացան:
– Հիմա ի՞նչ եք անում:
– Մարդ է մահացել, ընկերներով հավաքվում ենք, որ հուղարկավորության գնանք:
– Մահացողը սարիթաղցի՞ է:
– Այո, մեր թաղից: Քաղաք էր տեղափոխվել, բայց, միեւնույն է, սարիթաղցի է:
Ետ՝ բաղնիքի հրապարակ վերադարձա ու դիմեցի կոշկակար Ստեփան Ստեփանյանին.
– Կուզենայի Սարի թաղում մշակույթի գործչի, ասենք՝ գեղանկարչի, բանաստեղծի, երգչի հանդիպել: Մի՞թե քաղաքային այս հսկա հատվածում նման մարդիկ չկան:
– Մեր թաղը բանվորական թաղամաս է: Տղամարդիկ հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում, այդպես ընտանիքի կարիքները հոգում, երեխաների կրթության, բնակարանի, էլեկտրականության, գազի, հեռախոսի պարտքերը փակում: Տեսնում ես, որ ոչ մշակույթի տուն կա, ոչ էլ նույնիսկ մարզական որեւէ օջախ: Չէ, մի գեղանկարչի գիտեմ, ճիշտ է, բնիկ սարիթաղցի չի, բայց արդեն տասը տարուց ավելի է, ինչ Սարի թաղում է ապրում:
– Կարո՞ղ ենք հենց հիմա գնալ նրա մոտ:
– Գնանք, մեզանից հեռու չի ապրում,- համաձայնեց Ստեփանը:
Գեղանկարչի տունը 7- րդ փողոցում էր: Մետաղյա մի դուռ ծեծեցի:
– Չէ, դա նրա աղավնատունն է,- դիմացի մայթից ասաց մի երիտասարդ,- փայտե դուռը ծեծեք:
Դուռը բացող չեղավ:
Քայլում եմ Սարի թաղի փողոցներով, մտածում երեւանյան իմ այս ճանապարհորդության ընթացքում հանդիպած մարդկանց, հարեւանությամբ ծնվող ու գոյատեւող ուրախությունների ու ողբերգությունների, դժվարությունների, ծանրաշարժ քաղաք- օրգանիզմի, երկրի շրջափակման, Հայաստանի հանրապետության ու ԼՂՀ շուրջը քաղաքական խմորումների մասին, փորձում այդ ամենը կապել իրար հետ: Մի պահ զգացի, որ մտովի խոսում եմ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցի 1992 թվականի հունվարի 8- ի կեսգիշերին մեր հանդիպումը խորհրդային բանակի ստեփանակերտյան 366-րդ գնդի հրամանատարի գրասենյակում: Սերժ Սարգսյանը երկար ժամանակ գիշեր- ցերեկ ոչ մի ակնթարթ չէր բացակայում գնդից: Բաքվի իշխանությունների ու արցախյան ազատագրական շարժման միջեւ մի անտեսանելի ու անզիջում պայքար էր ծավալվել ստեփանակերտյան գնդի զենքն ու զինամթերքը՝ թեթեւ ու արագաշարժ տանկերով եւ զրահամեքենաներով գրավելու համար: Բաքվում լավ էին գիտակցում, որ եթե արցախցիներին հաջողվի իրենց ձեռքը գցել գնդի զինական հնարավորությունները, ապա կդիմանան իրենց պարտադրած պատերազմին: Եթե գնդի հրամանատար, փոխգնդապետ Յուրի Յուրեւիչ Զարվիգորովի համակրանքը արցախյան շարժման կողմն էր, ապա հրամանատարի քաղաքական գծով տեղակալը վաղուց էր կաշառվել ադրբեջանցիների կողմից ու ամեն ինչ անում էր, որ գունդն ամբողջությամբ տեղափոխվի Գյանջա ու հանձնվի Ադրբեջանին, որպեսզի դրա դիմաց ստանա խոստացած հսկա գումարը: Սերժ Սարգսյանը հսկում էր, որ խանգարեր Բաքվի ղեկավարների մշակած ծրագրի իրականացմանը, ինչը հրաշալիորեն իրականացվեց: Իհարկե, այս գործում պակաս դեր չկատարեցին գնդի գումարտակի հրամանատար, մայոր Սեյրան Օհանյանը, գնդի մյուս սպաներն ու զինվորները, որոնց համակրանքը արցախցիների կողմն էր: Նրանց մի մասը, Ս. Օհանյանի գլխավորությամբ, զինվորագրվեց Արցախի ինքնապաշտպանության նորաստեղծ բանակին, հաջողությամբ ոչնչացրեց Խոջալուի, Մալիբեյլուի, Շուշիի, Ջանհասանի, Քյոսալարի, Աղդամի, Գյուլափլուի, Լաչինի, Կուբաթլուի ու Ֆիզուլիի հրետանային կրակակետերը, երկրի սահմաններից դուրս մղեց թշնամու նվաճողական ուժերը: Արցախյան գոյապայքարի տարբեր ճակատներում իմ լրագրողական աշխատանքի հետ կապված շատ անգամ եմ հանդիպել արցախյան շարժման այս նվիրյալին, ականատես եղել Ս. Սարգսյանի բանակաստեղծ գործունեությանը: Երկրի արտաքին քաղաքականության մեջ էլ ճկունության, բարդ պայմաններում տարբեր հզոր ուժերի արանքում այսօր հավասարակշռված դիվանագիտության նշաններ են երեւում, որն ասես այս գործչի բանակային գործունեության շարունակությունն է: Մտովի խոսում եմ անցյալի մեր հանդիպումների մասին ու հայտնում, որ ահա մի նոր, ոչ պակաս բարդ ռազմաճակատ է հայտնվել իր առաջ: Երկիրը շրջափակման մեջ է: Տնտեսական դժվարություններին, համատարած գործազրկությանը զուգահեռ, սկիզբ է առել բարոյահոգեւոր անկում, որը շատ ավելի վտանգավոր է, քան դրսի թշնամին՝ իր բանակով ու անզիջում եւ նենգ տեղեկատվական պատերազմով: Արդեն ի հայտ է գալիս հասարակության եւ մշակույթի, գրականության հետ կապի խզումը, որի հետեւանքներից է կոռուպցիան ու բարոյական անկումը: Անշուշտ, դա հետեւանք է նաեւ երկրի նախորդ ղեկավարների վարած կադրային սխալ քաղաքականության, օլիգարխային իշխանության հաստատման: Հենց դա էլ խանգարում է հասարակությանը դուրս գալու ստեղծված ճգնաժամային իրավիճակից: Արդեն ուզում էի շարունակել հարցադրումներս, երբ ուշքի եկա ու հասկացա, որ այս հանդիպումն ընդամենը երազ էր:
Քանի անհնար է երկրի նախագահի հետ իրական հանդիպումն ու այս մասին զրուցելը, ես գոհ էի սարիթաղյան երեւակայական այս հանդիպումից: Ահա այս մտքերի մեջ էի, երբ նկատեցի, որ կրկին հայտնվել եմ կոշկակար Ստեփան Ստեփանյանի արհեստանոցի մոտ: Ստեփանը պատուհանից նկատեց ինձ ու ձեռքով ներս մտնելու նշան արեց:
Հաջորդ օրը հեռախոսով գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը կապվեց ինձ հետ, ու կես ժամից ես արդեն նրա մոտ էի: Մայիսն ու կինը՝ Պերճանուշը, առաջնորդեցին երկրորդ հարկի արվեստանոցը: Դեմ դիմաց պատերին հսկայաչափ աշխատանքներ էին կախված: Մեկը «Խորհրդավոր ընթրիքն» էր, մյուսը՝ «Ռեքվիեմը», որոնց յուրահատուկ էր գեղանկարչական ու կոլաժի ոճական միաձուլումը: Անշուշտ, Մայիսի աշխատանքներում զգացվում է մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ազդեցությունը: Դժվար էր որոշել, թե նկարներում վրձի՞նն է գերիշխում, թե՞ նյութը՝ զարդեղեն աբրեշումը, մետաքսը, մետաղի կտորը, փայտը կամ կոճակը, խեցեղենը:
– Հագնեմ աշխատանքային շորս, որպեսզի նկարչական մթնոլորտ զգաս,- ասաց Մայիսն ու հագավ լայն շրջազգեստը, որի կրծքին հենց իր դիմանկարն էր: Ես մտածեցի, որ Մայիսը ոչ միայն իր գեղանկարչական աշխատանքներում, այլեւ նույնիսկ իմ այցելության մեջ թատրոն էր տեսնում, ամենը թատրոնի վերածում:
Ես այդպես էլ չկարողացա դուրս գալ լրագրողի իմ պարտականությունից ու մաս կազմել հետաքրքիր ներկայացման, սակայն եւ հավատարիմ մնացի հանդիսատեսի իմ դերին:
Մինչ գեղանկարիչը նկարակալը, ներկապնակն ու վրձիններն էր դասավորում լուսանկարելու համար, ես փորձեցի մանրազնին ուսումնասիրել «Խորհրդավոր ընթրիքը»: Կոմպոզիցիան 7×2,5 մետր չափսի է: Մեջտեղում ոսկեփայլ հագուստով Հիսուս Քրիստոսն է՝ զարդարված մարգարտահատիկներով ու ծովային 12 խխունջներով: Ձեռքի մեջ ցորենի հասկ է բռնել, որը հացի խորհրդանիշն է, իսկ ցողունի վրայից գինու կաթիլներն են ծորում: Հիսուսը ցողունով չափ էր տալիս նվագախմբին, որի անդամները նրա աշակերտներն են՝ 12 առաքյալները: «Նվագախմբի» անդամները չնայած երաժշտական գործիքներով են, սակայն չեն նվագում: Մեկի ձեռքին ջութակ է, մյուսների ձեռքին՝ բամբիռ, տավիղ, փող, սրինգ… սակայն առանց լարերի ու աղեղի, իսկ փողերը հատված են: Ըստ երեւույթին, աշակերտները խաչելությունից հետո պետք է սկսեն նվագել ու աշխարհով մեկ տարածել համայն մարդկությանը միավորող, գլոբալացնող նոր հավատքը՝ քրիստոնեությունը: Չնայած ներքին դրամատիզմին՝ առաքյալների ու հրեշտակապետների դեմքերը քարացած են, ասես սպասում են ամենակարեւոր իրադարձությանը՝ կանխորոշված խաչելությանը, որը աշխարհում շատ բան կփոխի:
Մայիսը ցույց տվեց աշխատանքները: Դեմքերը ողորկ են ու գեղեցիկ: Ամեն ինչում նկարիչը ձգտել է կատարյալ գեղեցկության կամ վաղ վերածննդին: Մայիսի կտավներում ասես խտանում է գեղանկարչության ողջ պատմությունը՝ սկսած Վերածննդից ու հայկական մանրանկարչությունից, ներառում հայրենի թիֆլիսյան կյանքը, սնուցվում Մայիսին յուրահատուկ գեղեցիկի գունային ու ծավալատարածական ընկալումով:
– Նկարելիս ես անպայման միացնում եմ Մոցարտի երաժշտությունը,- ասաց նկարիչը,- ու կարող եմ ասել, որ յուրաքանչյուր գործում ինձ հետ համահեղինակ է հանճարեղ երաժիշտը: Ծնվել ու մեծացել եմ Թիֆլիսի «Մետրոստրոյ» թաղամասում, որի բնակիչների 80 %- ը հայեր են: Ծնվեցի, ու մայրս մահացավ: Եղբայրս՝ Ռուբենը, օգնեց, որ նկարիչ դառնամ: Իսկ մայրական տատս Օձունի Աբովյանների տոհմից էր, որն էլ Լոռի էր գաղթել Ղարաբաղի Գյուլիստանի մելիքությունից: Փորձեցի Վրաստանի գեղարվեստի ակադեմիա ընդունվել: Միջակ գնահատականի համար հանձնաժողով պահանջեցի, վիրավորական էր, խռովեցի ու ետ վերցրի գործերս: Մեկնեցի Լենինգրադ: Հայտնի Գուլումովը տեսավ գործերս ու ասաց. «Վերադարձիր տուն ու նկարիր: Եթե ընդունվես, չեն թողնի, որ նկարես, այն ամենը, ինչ տվել է քեզ բնությունը՝ կկորչի»: Իգիթյանը 1988- ին երկու աշխատանք ցուցադրեց Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում:
– Ե՞րբ եկար Թիֆլիսից,- հարցրի ես:
– Հենրիկ Իգիթյանն ինձ Թիֆլիսից Երեւան բերեց: Տեղափոխվելիս մանկության ընկերս՝ Մերուժան Շահումյանը, խնդրեց, որ մի հուշ թողնեմ իրեն: Մոլբերտի վրա գրեցի.
Ապակե շուրթերս քարացան,
Հղի մկնիկը ծերացավ,
Կույր աչքերիս մեջ աչքերս են լռում,
Չասես՝ մեջքիս վարդերն են հեռանում,
Հղի մկնիկը ծնունդ է ուզում:
Ծնու՞նդ…
– Բանաստեղծությո՞ւն ես գրում:
– Հա, խաղ է, նկարելիս հանգստանում եմ,- ասաց Մայիսն ու շարունակեց.
Գիշերները շան հաչոցն եմ լսում,
Կյանքիս մահն եմ ես տեսնում,
Թիթեռներիս արցունքներից
Ծերանում եմ ամեն օր:
Իմ վարդերը մարմնի միջին
Լաց են լինում ամեն օր:
Ամեն անգամ, երբ արեւը մայր է մտնում,
Ես մեռնում եմ, ես ծնվում եմ ամեն օր:
– Մի անգամ Կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Էդվարդ Հակոբյանը ճապոնացի հյուրերի հետ թանգարան եկավ,- պատմեց գեղանկարիչը,- հյուրերը հետաքրքրվեցին իմ աշխատանքներով: Իգիթյանն ասաց, որ ես բնակվելու տեղ չունեմ: Էդվարդն ասաց, որ ազատ բնակարան ունի Սարի թաղում եւ առաջարկեց ընտանիքով այնտեղ տեղավորվել: Փառք Աստծո, որ հայության մեջ նման մարդիկ կան: Մի անգամ, երբ Էդվարդն ինձ այցի եկավ, երեխաներս ասացին. «Մամա, տան տերն է եկել»: Այս խոսքերից նա ազդվեց: Նա ոչ վարձ էր վերցնում, ոչ էլ որեւէ պայման էր դրել: Հետո շատ էժան, սիմվոլիկ գնով սեփականացրի այս տունը՝ իր այգիով: Երբ առաջին անգամ տեսա Արարատ լեռը, ասացի՝ երկրագունդը կին է: Հարցրին՝ ի՞նչ իմացար: Ասացի՝ Սիսն ու Մասիսը մոր ստինքներն են:
– Մայիս, գիտե՞ս, որ քո այդ տեսությունը համապատասխանում է Կրակապաշտության հիմնադիր Զարդուշտի տեսությանը, ըստ որի՝ Երկիրը կին է, երկինքը՝ տղամարդ, անձրեւը՝ սաղմը, գետերը՝ կնոջ ստինքներից հոսող կաթը, որը սնուցում, կյանք է տալիս ամեն ինչին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել