Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ARTEXPO եւ խնդիրներ

Փետրվար 12,2010 00:00

Մշակույթի նախարարի ասուլիսն ու մեկնաբանությունները

Փետրվարի 12-13-ը Նկարիչների միությունում երկրորդ անգամ կանցկացվի ARTEXPO արվեստների ցուցահանդեսը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա շեշտեց, որ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը կրկնակի աճել է. նախորդ տարի ARTEXPO-ին մասնակցել են շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ, այս տարի դրանց թիվը 53 է: 
Ասուլիսին ներկա լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էին մշակույթի ոլորտի խնդիրները, քան ARTEXPO-ն, սակայն նախարարը խնդիրների մասին նախընտրեց շատ չխոսել: «Ես չէի ուզենա, որպեսզի մենք հիմա սկսեինք խոսել մշակույթի ոլորտի հիմնախնդիրների մասին: Ակնհայտ է, որ այդ խնդիրներն ավելի շատ են, քան լուծված հարցերը: Ինչքան առաջ ենք գնում, այնքան խնդիրները ոչ թե պակասում են, այլ՝ ավելանում: Կյանքը շատ արագ առաջ է գնում, իսկ մենք մեր հնարավորությունների սահմանում կամաց, հետեւից գնում ենք»,- փորձեց արդարանալ տիկին Պողոսյանը:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափորոշիչների մասին էլ նշեց. «Նախկին որոշումը, որը հիմա չեղյալ է համարվում, մշակվել է մշակույթի նախարարության կողմից, եւ որպես այդ գործընթացն անցած կազմակերպություն, կարծում ենք, որ բարոյական չափանիշը դժվար է մշակել ձեւակերպումներով: Այն ժամանակ հանձնաժողովը ղեկավարում էր Կարինե Խոդիկյանը, բուռն քննարկումներ էին լինում, բայց, ի վերջո, ձեւավորվեց այն, ինչ ձեւավորվեց»: Նախարարը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե հասարակությունն ուզում է այն, ինչ ցուցադրվում է, եւ չափորոշիչները նույն հասարակության «վզին» են փաթաթում. «Հասարակությունն ընկալում է այն, ինչ իր համար մատչելի է: Խնդիրը ղեկավարողների, կառավարողների, կարգավորողների մեջ է եւ ոչ ոք իրավունք չունի հասարակությանը մեղադրել: Եթե մարդուն լավորակ այլընտրանքային իրական մշակույթ մատուցեն, պատկերն այլ կլինի»:
Հարց հնչեց՝ կարելի՞ է եթերում այդքան «դժբախտ» հեռուստասերիալներ ցույց տալ, մի՞թե Հայաստանում մի ընտանիք չկա, որի մասին ֆիլմ նայելով մտածենք, թե վաղն ինչ լավ է լինելու: Նախարարը համաձայնեց մտահոգության հետ, բայց գովեց դասական գործերի հիման վրա նկարահանված ֆիլմերը, հավանաբար այն պատճառով, որ նախարարության ենթակայությամբ գործող ազգային կինոկենտրոնի միջոցներով են դրանք նկարել: «Թեկուզ դասական նյութից հեռացած «Սպանված աղավնին» դարձավ սերիալ, բայց դա արդեն քայլ է, որ դասականը մտնում է էկրան՝ թեկուզ շեղված կամ այլ ձեւերով»,- նշեց Հ. Պողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել