Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷՐԵԲՈՒՆԻՆ ՄԻԱՅՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՉԷ

Փետրվար 12,2010 00:00

Վաղուց ժամանակն է փոխել վերաբերմունքը արգելոց-հնավայրերի հանդեպ

\"\"

2009-ի սեպտեմբերից ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենն է: «Առավոտի» հետ զրույցում տնօրենն ասում է, որ առաջիկայի համար ունեն հստակ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն ըստ փուլերի: Ամենամեծ ցանկությունն այն է, որ հասարակությունը վերջապես ընկալի՝ Էրեբունին ընդամենը թանգարան չէ, այլ պատմահնագիտական արգելոց-թանգարան, որը բաղկացած է 3 խոշոր հնավայրերից՝ Էրեբունի, Շենգավիթ եւ Կարմիր բլուր: Ամենահինը Շենգավիթն է, որը 6000 տարվա պատմություն ունի: 3 հնավայրերն էլ, ըստ Գյուրջյանի, իրենց բացառիկությամբ ու գեղեցությամբ կարող են, գրագետ ներկայացվելու դեպքում, գայթակղիչ լինել բոլոր առումներով:
Ի՞նչ անել, որպեսզի 100 հա տարածք զբաղեցնող այդ հնավայրերը բրենդ դառնան Երեւանի համար: «Երբ 1968-ին ստեղծվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցը, այդ ժամանակ բարեկարգ էին եւ Էրեբունին, եւ Շենգավիթը, եւ Կարմիր բլուրը: Տարբեր տեղերում հնագիտական հնարքներ էին արված՝ արժեքները ցուցադրելու համար: Օրինակ, Շենգավիթում հնագիտության մեջ ընդունված հետեւյալ ձեւն էր ընտրված. հայտնաբերված հնագիտական արժեքը նորից ծածկվում է, հողի վրա էլ ստեղծվում է նրա մակետը: Այսինքն՝ հիմնական արժեքը գտնվում է հողի տակ, բայց դու, անցնելով զբոսուղիներով, տեսնում ես նոր վերստեղծածը՝ պատրաստված նույն նյութից… Ժամանակին շրջապատը կանաչապատ էր, ցանկապատված, այցելուների մեծ հոսք կար, հնավայրերն ընդգրկված էին «Ինտուրիստի» ծրագրերում… Այսօր հարկ է վերականգնել արգելոցի այդ կարգավիճակը»,- ասում է Գ. Գյուրջյանը: Նա փաստում է, որ  չնայած ավելի շատ Էրեբունիի մասին է խոսվում, սակայն չպիտի մոռանալ, որ Կարմիր բլուրն ու Շենգավիթը, նրա հետ միասին, համախումբ են կազմում եւ անտարանջատելի են: Մեր զրուցակցի խոսքով՝ դրանք մայրաքաղաքի համար էական դեր ունեն նաեւ որպես մեր քաղաքի ծննդյան վկայականներ:
Գ. Գյուրջյանը նշում է, որ արգելոց-հնավայրի խնդիրների մի մասը հնարավոր է լուծել տնօրինության ջանքերով, եւ դրանից հետո միայն դիմել նախարարությանն ու համապատասխան կառույցներին: Օրինակ, պահակային ծառայության, կադրերի ընտրության եւ ներքին կարգապահության խնդիրները, տնօրենի խոսքով, իրենց լուծելիքն են:
Վերջերս աշխատանքային մի հանդիպում է կայացել մշակույթի նախարարի հետ, կազմակերպվել այցելություն Շենգավիթ, Կարմիր բլուր եւ Էրեբունի, ու մանրամասն քննարկվել առկա խնդիրները:
Գյուրջյանը նշում է, որ այսօր իրենք հատկապես կադրերի, մասնավորապես՝ էքսկուրսավարների հետ են լուրջ աշխատանք տանում. այն տեքստերը, որ ժամանակին մատուցվել են այցելուներին, այլեւս պիտի սրբագրվեն ու նորացվեն. «Պատմական խնդիրներ ու փաստեր կան՝ հատկապես Ուրարտու պետության հետ կապված, որոնք կռվանների հնարավորություն են տալիս… Այնպես չլինի, որ մեր ոչ ճիշտ մեկնաբանություններով ջուր լցնենք հարեւանի ջրաղացին»:
Առաջիկայում «Էրեբունի» թանգարանի մի անկյունում կգործի հուշանվերների խանութ, որտեղ կվաճառվեն Էրեբունիում հայտնաբերված արժեքավոր նմուշների՝ արծաթից եւ այլ մետաղներից պատրաստված կրկնօրինակները:
Տնօրենը հավելեց, որ իրենք ապավինում են ոչ միայն պետական ներդրումներին, այլեւ փորձում են այլընտրանքային ֆինանսավորման ուղիներ գտնել: Նա ցավով փաստեց, որ 2009-ին ֆրանսիացի եւ ամերիկացի մասնագետները իրենց պեղումների արդյունքում ուղղակի հոշոտել են Միջնաբերդը, հետո թողել բացված փոսերն ու հեռացել: Նման երեւույթներից խուսափելու համար, մեր զրուցակցի համոզմամբ, պետք է կոշտացնել օտարերկրացիմների հետ համագործակցելու պայմանագրերի որոշ կետեր. «Աշխարհի ոչ մի երկրում հուշարձանը չեն պեղում, հետաքրքրող ինֆորմացիան տանում ու փոսերը՝ թողնում: Պիտի պայմաններ ստեղծենք, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես մյուս երկրների հետ են վարվում նման պարագաներում»:
Գ. Գյուրջյանը հավելեց, որ երբ ԻԿՕՄՕՍ-ի հրավերով Հայաստանում էր իտալական «Ի Գուզզինի» ընկերության ներկայացուցիչը, նրա հետ պլանավորել են իրականացնել բլուրի եւ Միջնաբերդի արտաքին լուսավորությունը, որը կարեւոր դեր կխաղա ինչպես Էրեբունի թաղամասի, այնպես էլ ողջ Երեւանի համար: Հաջորդ էտապը կլինի Միջնաբերդի ներսը, պալատական, տնտեսական կառույցները, տաճարը լուսավորության միջոցով շեշտելն ու յուրովի մեկնաբանելը:
Նա նաեւ կարծում է, որ ԱՄՆ դեսպանատանը պետք է հետաքրքրի հարեւանությամբ գտնվող Շենգավիթ հնավայրը (մ.թ.ա. 4-րդ հազարամյակ): «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրինությունը պատրաստ է նույնիսկ ԱՄՆ դեսպանի համար էքսկուրսիա կազմակերպել, եթե ցանկություն հայտնեն համատեղ ծրագրեր իրականացնել. «Այնտեղ մեծ աշխատանք պետք չէ, կարելի է ուղղակի ամբողջ տարածքը կանաչ գորգով պատել՝ թողնելով հնագիտական արժեքները, լուսավորել զբոսուղիները…»: Մեր զրուցակցի կարծիքով, շատ ավելի բարդ է Կարմիր բլուրի պահպանության ու վերահսկողության խնդիրը, որովհետեւ այն ավելի մեծ տարածք է զբաղեցնում: Գ. Գյուրջյանը էժան եւ հարմար տարբերակ է գտել՝ ցանկապատել փշալարերով եւ զուգահեռ՝ մոշի թփեր տնկել: ՀՀ մշակույթի նախարարությանն ուղղված նամակում առաջարկել են այդ «մասով» աջակցություն խնդրել պաշտպանության նախարարությունից:
Չանտեսելով հուշարձանների պահպանության եվրոպական փորձը՝ Գ. Գյուրջյանն առաջարկում է այդ ոլորտում համագործակցել Իրանի հետ. «Ես ծանոթ եմ իրենց հուշարձանների պահպանության կառավարման համակարգին, որը հետաքրքիր է եւ ուսանելի… Իրանական բանակում կան հատուկ ստորաբաժանումներ, որոնք պահպանում են պատմամշակութային ժառանգության կարեւորագույն նմուշները: Նման ստորաբաժանումներում ընդգրկված են բուհերի, օրինակ՝ պատմական, թատերական, քանդակագործական եւ այլ ֆակուլտետների ուսանողները»:
Երբ ի վերջո հստակեցվի արգելոց-հնավայրի կարգավիճակի հարցը, պիտի փոխվեն տոմսերի գները եւ էքսկուրսավարների վարձատրության ձեւը: Չէ՞ որ նույն աշխատանքը չեն կատարում թանգարանի ներսում մի 40 րոպե այցելուին զբաղեցնող էքսկուրսավարն ու ամռան ճռճռան արեւի տակ, դիցուք՝ Խալդի եւ մյուս տաճարները մի քանի ժամ ներկայացնող մասնագետը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը այլ խնդիր էլ ունի. Նուբարաշեն տանող ավտոճանապարհով՝ ով պատահի մեքենայով մտնում է հնավայր: Նույնիսկ հայկական քրեական սերիալներից մեկի որոշ տեսարաններ այստեղ են նկարահանվել: Զբոսաշրջային ընկերությունները, զբոսաշրջիկներից նախապես գանձած լինելով գումարները, էքսկուրսիաներ են կազմակերպում այդ վայրում՝ առանց արգելոց-թանգարանի գիտության եւ թույլտվության: Բարձիթողի այս վիճակը շտկելու համար առաջիկայում անցակետեր են ստեղծվելու, ու ամեն ինչ վերահսկելի է դառնալու:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը վերջերս համաձայնագիր է կնքել Էրեբունի համայնքի թիվ 64, 45, 123 դպրոցների տնօրենների հետ. երեխաներն իրենց պատմության դասերի մի մասը կանցկացնեն թանգարանում, էքսկուրսավարները ավելին կփորձեն մատուցել, լավագույն աշակերտները կընդգրկվեն պեղումներում կամ իրենց հասակակիցների համար էքսկուրսիաներ կկազմակերպեն: «Լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը միշտ հպարտանում էր, որ ժամանակին Վահանավանքում պեղումների է մասնակցել»,- հիշում է Գ. Գյուրջյանը: Այստեղ երախտավորներին էլ չեն մոռանա: Ովքեր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմնադրման ու կայացման գործում ներդրում են ունեցել, իրենց կենսագրականներով ու լուսանկարներով «կհյուրընկալվեն» ճեմասրահում: «Առաջին մարդը, ով այստեղ գտել է առաջին սեպագիրը, Պապաք Տեր-Ավետիսովն է եղել, արժե՝ նրա եւ մյուսների մասին տեղեկացնել այցելուներին»,- ասում է Գյուրջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել