Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵԼՔ ԿԳՏՆԵՆ

Փետրվար 12,2010 00:00

Թուրքիայի իշխանությունները Վրաստանին կոչ են արել ազատ արձակել թուրքական այն հինգ նավերը, որոնք ավելի վաղ կալանվել էին՝ նավագնացության կանոնները խախտելու պատճառով: Այդ մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական «TRT» հեռուստաընկերությանը: Աղբյուրի փոխանցմամբ, հիշյալ հարցը թուրքական խորհրդարանի խոսնակ Մեհմետ Ալի Շահինը բարձրացրել է իր վրաց գործընկերոջ՝ Դավիթ Բաքրաձեի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Թուրք պաշտոնյայի ասելով՝ Անկարան ակնկալում է, որ նավերն ազատ կարձակվեն սեղմ ժամկետներում: Իր հերթին նրա վրաց գործընկերը խոստացել է, որ վրացական կողմը պատրաստ է «իրավիճակից դուրս գալու ընդունելի ելք գտնել»: Թե ի՞նչ նավերի մասին է խոսքը, ըստ աղբյուրի, չի հստակեցվել, բայց հայտնի է, որ թուրքական մի քանի նավեր, որոնք բեռներ էին տեղափոխել Աբխազիա, դեռ 2009-ին կալանավորվել էին վրաց ծովային սահմանապահների կողմից: Հիշեցնենք, որ, Վրաստանի օրենսդրությամբ, Աբխազիայի առափնյա շրջաններն ու նավահանգիստները հայտարարվել էին միջազգային նավագնացության համար փակ գոտիներ: Ու թեեւ Թուրքիան պաշտոնապես չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, բայց թուրքական նավերը բազմաթիվ անգամ եւ հակառակ վրացական իշխանությունների հայտարարած արգելքների, բեռներ, այդ թվում՝ վառելիք էին հասցրել Աբխազիա: Այդ նավերից որոշները տուգանքներ վճարելուց հետո բաց էին թողնվել, իսկ որոշները աճուրդի էին դրվել ու վաճառվել էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել