Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ

Փետրվար 12,2010 00:00

\"\"Երեկ Իրանի անվտանգության ուժերը կրակ են բացել ու նաեւ արցունքաբեր գազ են կիրառել Թեհրանում Իսլամական հեղափոխության 31-ամյակի առիթով երկրի ընդդիմության կոչով կազմակերպված ցույցի մասնակիցների նկատմամբ՝ բողոքի ակցիան ցրելու նպատակով:
Բացի այդ, BBC-ի մատուցմամբ, հարձակման է ենթարկվել ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մեհդի Քարուբին, որը փոխանցել է, թե իր որդին ձերբակալված է:
Այդ օրը, երբ իրանցիները նշում են իրենց երկրի համար ամենանշանակալի տոնը, զանգվածային ցույցեր էին նախաձեռնել ե՛ւ կառավարության, ե՛ւ ընդդիմության կողմնակիցները: Թեհրանում BBC-ի թղթակիցը չի բացառել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ հերթական խոշորամասշտաբ բախման հավանականությունը:
Տոնի նախօրեին Իրանի ոստիկանապետ Իսմայիլ Մոհադդամը հայտարարել էր, թե Իսլամական հեղափոխության պահապանները եւ կամավորականներից բաղկացած կիսառազմականացված ոստիկանները պատրաստ են կասեցնել ցանկացած անկարգություն: «Մենք ուշադրությամբ հետեւելու ենք խռովության սադրանքի յուրաքանչյուր փորձի, եւ մի քանի մարդ, որոնք պատրաստվում էին խանգարել կառավարության միջոցառմանը, արդեն ձերբակալված են»,- հայտարարել էր ոստիկանապետը:
Ընդսմին, կառավարության կազմակերպած հանրահավաքը, որը տեղի է ունեցել Թեհրանի Ազադի հրապարակում, բացել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նա մեղադրել է Արեւմուտքին՝ միջուկային հարցը Իրանի զարգացմանը խոչընդոտելու նպատակով շահարկելու համար: Նա նաեւ հայտարարել է, թե Իրանում արդեն արտադրվել է 20% հարստացված ուրանի առաջին խմբաքանակը: Ահմադինեջադը շեշտել է, որ Իրանը հնարավորություն էր տվել Արեւմուտքին վառելիք մատակարարել Թեհրանի Ամիր Աբադ լաբորատորիայի համար, բայց մերժում է ստացել:
Նա նաեւ ասել է, որ Իրանը կարող է եռակի ավելացնել ուրանի արտադրության ծավալները, բայց դա չի անում, որովհետեւ դրա կարիքը չկա: «Եթե մենք ցանկանանք ատոմային զենք ստեղծել՝ կհայտարարենք այդ մասին եւ կստեղծենք»,- շեշտել է Իրանի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել