Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռավար ուսուցման կարգը հաստատվեց

Փետրվար 12,2010 00:00

Երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել եւ հաստատվել է նաեւ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական լրահոսից՝ ՀՀ ԿԳ նախարարը պարտավորեցվել է եռամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հեռավար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալ չի թույլատրվում, քառամսյա ժամկետում հաստատել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության  մասնագիտությունների հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդական ուղեցույցը:
Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հեռավար ուսուցման կարգը բազմակողմանի քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ: Կասկածից վեր է, որ այն կնպաստի կրթության նոր մշակույթի ձեւավորմանը, ուսուցման որակի բարձրացմանը: Վարչապետի համոզմամբ, նոր կարգի ընձեռած հնարավորությունից կարող են օգտվել նաեւ մասնավոր բուհերը, որոնք ավելի ճկուն են եւ նոր գաղափարների հանդեպ՝ ընկալունակ: Տիգրան Սարգսյանը վերահաստատել է  մասնավոր բուհերի ռեկտորների հետ  հանդիպման ժամանակ արած իր այն հավաստիացումը, թե ՀՀ կառավարությունը բուհերի համար ապահովում է մրցակցային հավասար պայմաններ:
Բացի այդ, երեկվա  նիստում կառավարությունը իր նախկին  որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով սահմանվել են «Մասնագիտական  կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի ձեւավորման նոր սկզբունքներ: Որոշումը հնարավորություն կտա  հիմնադրամի գործունեության համար ապահովել բավարար անկախություն եւ դրա աշխատանքի արդյունքների ճանաչում՝ եվրոպական կառույցների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել