Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՑԻՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 12,2010 00:00

Այս սկզբունքով են վրաց իշխանությունները տրամադրված Ջավախքի հայ աշակերտների հանդեպ

\"\"

«Առավոտը» ջավախահայերի հիմնախնդիրներին բազմիցս է անդրադարձել: Մեր նախորդ հրապարակումներում ահազանգել էինք, թե Ջավախքի այն դպրոցներում, որտեղ կան հայկական սեկցիաներ, վրացերենի մասնագետ անվան ներքո շրջում են մասնագետներ, որոնց հիմնական նպատակն է ամեն կերպ խոչընդոտել հայերենի կիրառությանը:  Ջավախքի հայկական դպրոցներում տիրող իրավիճակի մասին փորձեցինք ինֆորմացիա ստանալ «առաջին ձեռքից»՝ այդ դպրոցների նախկին աշակերտներից, որոնք այժմ սովորում են ՀՀ տարբեր բուհերում: Հանդիպեցինք Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող, Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ջիգրաշեն գյուղի բնակիչ Հարություն Շաշվերդյանին եւ նույն բուհի ուսանող, Գանձա գյուղի բնակիչ Արմեն Թանգամյանին:
Երկու երիտասարդների խոսքից էլ պարզ դարձավ, որ Ջավախքում երիտասարդները, մեղմ ասած, բազում խնդիրներ ունեն՝ թե՛ կրթական, թե՛ սոցիալական: Խոսելով դպրոցներում տիրող իրավիճակի մասին՝ Արմեն Թանգամյանը նշեց. «Գանձայում գործում է երկու միջնակարգ դպրոց, որտեղ ուսուցումը հայերեն է: Բայց վերջին 2-3 տարիների ընթացքում հայոց լեզու եւ գրականության, հայոց պատմության դասաժամերը գրեթե կրկնակի, եռակի կրճատվել են, փոխարենը ավելացել են Վրաստանի պատմության ժամերը: Լուրեր կան նաեւ, որ պատմությունն ու հումանիտար մյուս առարկաները պիտի դասավանդվեն վրացերեն, սակայն դա դեռ տեղի չի ունեցել, քան որ Ջավախքի բնակչության 90%-ից ավելին հայ է եւ չի տիրապետում վրացերենին: Եթե հայոց լեզվի, հայ գրականության եւ պատմության համար հատկացված է շաբաթական 1 դասաժամ, ապա վրացերենը դասավանդվում է առաջին դասարանից՝ երկու անգամ շատ ժամով»: Որպես դպրոցի տնօրենի ընտրության համար պարտադիր պայման՝ վրացերենի գերազանց իմացությունը եւս լուրջ արգելք է դարձել հայազգի թեկնածուների՝ այդ պաշտոնում ընտրվելու համար: Սա էլ է թերեւս պետական քաղաքականություն, որպեսզի Ջավախքի դպրոցները որքան հնարավոր է կտրվեն հայության նշույլներից: Արմենը նաեւ նշեց. «Ձեր նշած վրացերենի մասնագետները կրկնակի ավելի են վարձատրվում ջավախահայ ուսուցիչների համեմատությամբ: Մի խոսքով, ամեն բան անում են մեր մեջ հայեցիությունը կոտրելու համար: Օրինակ՝ երբ 10-րդ դասարանում սովորում էինք վրացերեն ինքնակենսագրություն գրել, ես փոխանակ գրեմ Վրաստանի քաղաքացի, գրել էի, որ Ջավախքի քաղաքացի եմ, ուստի այդ պատճառով ինձ ուզում էին նույնիսկ հեռացնել դպրոցից: Նշեմ նաեւ, որ Վրաստանի պատմության դասագրքերում պատմությունը խեղաթյուրված է, ՀՀ-ն նշված է ուրիշ տարածքներով ու քարտեզներով, որը չի համընկնում մեր դասագրքերին: Սա եւս հակահայկական քաղաքականություն է»:
Երիտասարդների խոսքով՝ ամեն կերպ խոչընդոտվում է նաեւ հայ ակտիվ երիտասարդների գործունեությունը: Արմենը պատմեց. «Ախալցխայում, որտեղ 40%-ը հայ բնակչություն է, 20-ը՝ վրացի, 20-ը՝ այլազգիներ, հայ եւ վրացի երիտասարդների հարաբերությունները լարված են: Ակտիվ հայ երիտասարդները մեղադրվում են իբր Ջավախքը անկախացնելու համար զենք-զինամթերք ներմուծելու մեջ: Այդ պատրվակով ձերբակալվել են մի շարք ակտիվիստներ»: Մեր այն հարցին, թե իր ապագան տեսնում է ավելի շատ ՀՀ-ո՞ւմ, թե՞ Ջավախքում, Արմենը մտահոգ ծիծաղով պատասխանեց. «Ոչ այնտեղ է, ոչ էլ այստեղ: Հայաստանում ինձ աշխատանքի չեն վերցնում, քանի որ ՀՀ քաղաքացի չեմ: Իսկ Ջավախքում աշխատանք չկա, թափուր տեղերի համար էլ վրացերենի լավ իմացություն է պետք, այնինչ, մենք տիրապետում ենք 10%-ով»: Հարություն Շաշվերդյանն էլ ցավով նշեց. «Հայ ուսուցիչներն ու տնօրինությունը դպրոցում չունեն ինչ-որ բան փոխելու իշխանություն: Հետո, ինչպես ընկերս նշեց, հայոց պատմության, գրականության եւ մայրենի լեզվի դասաժամերը շատ քիչ են, նույնիսկ պատահում է, որ դասավանդում են ոչ մասնագետներ: Օրինակ՝ մեր քիմիայի ուսուցչուհին նաեւ հայոց պատմություն էր պարապում, ինչ արած: Մինչեւ Վրաստանում իշխանափոխությունը՝ Հայաստանից գրքեր գալիս էին, բայց այժմ դա թույլ չեն տալիս՝ պատճառաբանելով, թե Վրաստանի իշխանությունը կարող է քայլեր ձեռնարկել, որպեսզի իր քաղաքացիներին ապահովի համապատասխան գրքերով: Բայց մյուս կողմից էլ միայն վրաց իշխանությանը մեղադրել ճիշտ չէ, հաճախ մենք էլ, ուսուցիչներն ու ծնողներն էլ այնքան ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաների հայեցի դաստիարակության վրա: Օրինակ՝ մեզ մոտ հայրենասիրություն գաղափարը հաճախ չկա, գերիշխում է այն գաղափարը, որ լավ ապրենք, փող աշխատենք ու վերջ»:
Ջավախքում լուրջ խնդիր է արտագաղթը, գյուղերի երիտասարդության մեծամասնությունը մեկնում է ՌԴ եւ այլ երկրներ աշխատելու, Ջավախքի տներն էլ՝ վաճառում, իսկ վրաց իշխանությունները օգտվում են այս հանգամանքից՝ ինչպես որ հարկն է Ջավախքը վերաբնակեցնելու համար: Արմենը փաստեց. «Դատարկ տները վերաբնակեցվում են Վրաստանի քաղաքացիներով, որոնց տրվում են մի շարք արտոնություններ: Օրինակ՝ եթե մենք վարկ ենք վերցնում 10%-ով, ապա նրանց տրվում է առանց տոկոսադրույքի: Վրաց իշխանության հիմնական նպատակն է Ջավախքում կատարել գենի փոփոխում. նրանց համար կապ չունի Ջավախքում վրացի, ռուս, թե քուրդ կամ այլազգի կապրի, միայն հայերն այստեղ մեծամասնություն չկազմեն»: Հարությունն էլ նշեց. «Անձամբ իմ աչքով եմ տեսել, որ մարդիկ մեծ գումար են տվել, մեր գյուղում մի տուն գնել, որի վրա այդ գումարը ծախսելն անիմաստ էր: Նրանց պետությունն է աջակցում, միայն թե տուն գնեն հայերով բնակեցված գյուղերում»:
Երբ տղաներից հետաքրքրվեցինք՝ թե հե՞շտ են իրենց դրսեւորում հայաստանյան կրթական հաստատություններում, Հարությունը նշեց. «Ինձ միշտ մի բան է հետաքրքրել, սակայն չեմ իմացել ում հարցնել: Ինչո՞ւ են ջավախահայ ուսանողներին սփյուռքահայ մյուս ուսանողների շարքերը դասում եւ ուսման վարձը տեղացիների համեմատությամբ ավելի բարձր գանձում: Ախր մեր ու, ասենք, ԱՄՆ-ից ժամանած հայ երիտասարդի պայմաններն ու հնարավորությունները շատ տարբեր են: Հետո Ջավախքը Սփյուռք չէ, այլ մեր հայրենիքն է»: Երիտասարդների հետ զրույցում պարզ դարձավ, որ մի մտահոգիչ փաստ էլ է գրանցվել: Արմենը նշեց. «Այս տարի մեր գյուղից 6 հոգի մեկնել է Թբիլիսի՝ սովորելու, ոչ թե եկել է Հայաստան, մինչդեռ նախկինում ոչ մեկը Թբիլիսի չէր գնում սովորելու: Դա նաեւ ունի դրական կողմ, որ այդ երիտասարդները հետագայում կկարողանան իրենց տեղը զբաղեցնել Վրաստանի քաղաքական համակարգում, բայց մյուս կողմից էլ կտրվում է կապը հայրենիքի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել