Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՈՌՎԱ ՁՈՐԸ»՝ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ

Փետրվար 12,2010 00:00

«Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւս իր միջոցառումների շարքը կունենա՝ նվիրված իր մեծանուն հայրենակցի՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին: Մասնավորապես, մեր օժանդակությամբ կձգտենք իրականություն դարձնել «մաթեւոսյանական» մոտիվներով մոնոներկայացման բեմադրությունը: Այն, մեր համոզմամբ, պետք է լինի ներկայացում, որը կճամփորդի երկրով մեկ՝ ժողովրդին հասցնելով Հրանտ Մաթեւոսյանի արձակի ոսկե էջերը: Սկսելով Լոռուց՝ այդ ներկայացումը կցուցադրվի երկրի մեծ ու փոքր բնակավայրերում:
«Լոռվա ձորում» ընդունված կարգ է՝ ճանաչված եւ անվանի մարդկանց հիշատակը հավերժացնել աղբյուր-հուշարձաններով: Այս տարի մտադիր ենք մի այդպիսի հուշարձան կառուցել իրեն շատ հարազատ «Լոռվա ձորի» անկյուններից մեկում:
Ավանդական դարձող ճանաչված գեղանկարիչների ստեղծագործական այցելությունը Մոտկոր եւ Ահնիձոր նվիրված կլինի մաթեւոսյանական բնաշխարհին, նրա ստեղծագործությունների հերոսներին եւ նրանց հետնորդներին: Բնականաբար, այս ամենի արդյունքը կլինի «Մաթեւոսյանական աշխարհը» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը Երեւանում, Վանաձորում, Ալավերդիում: Մտադիր ենք կազմակերպել մաթեւոսյանական ընթերցումներ բուհերում, ինչպես նաեւ սահմանել անվանական կրթաթոշակ՝ մանկավարժական բուհերից մեկում: Միջոցառումները կեզրափակենք ուխտագնացությամբ՝ դեպի Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայր Ահնիձոր, ժողովրդական տոնախմբությամբ:

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
 «Լոռվա ձոր» հայրենակցական
միության նախագահ,
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել