Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարադոքսալ իրավիճակի ելքերը»

Փետրվար 12,2010 00:00

Հ անրային խորհրդի երեկվա լիագումար նիստի օրակարգում կրկին քննարկման առանցքային հարցերն էին. ինտերնետի որակի բարձրացման եւ սակագների իջեցման խնդիրը, հեռուստաեթերի որակական եւ բովանդակային արժեհամակարգը:
Քննարկվեց նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-տնտեսական վիճակը: Վետերան Հրանտ Հովհաննիսյանի համոզմամբ, Հայաստանում վետերանները ամենաստորացված վիճակում են, եւ իրենց սերնդակիցների գնահատման խնդիր կա, որն էլ գնալով մեծանում է: Ժուռնալիստների միութան նախագահ Աստղիկ Գեւորգյանն էլ խնդրին անդրադառնալով՝ առաջարկեց, որ կառավարությունը վերանայի վետերաններին գույքահարկ արտոնելու որոշումը, եւ կարեւորեց՝ արտոնությունը սահմանել ոչ միայն երեւանաբնակ, այլեւ հանրապետության բոլոր վետերանների համար:
Խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Կառլոս Ղազարյանն էլ ընդգծեց, որ խնդիրը կարգավորելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը վերահսկելու է կառավարության որոշումները, ուսումնասիրելու է նախատեսվող ծրագրերն ու դրանց իրականացումը:
Խորհրդի անդամներ Արշակ Սադոյանը եւ Հովիկ Մուսայելյանն էլ ներկայացրին ինտերնետի հասանելիության, ծառայությունների սակագների իջեցման եւ որակի բարձրացման հարցերը եւ հանդես եկան առաջարկություններով: Պարոն Սադոյանի խոսքով, ոլորտում երրորդ օպերատորի մուտքը թեեւ արձանագրեց որոշակի սակագնային փաթեթների փոփոխություններ, սակայն առանձնապես հրաշքներ տեղի չունեցան. «Թվում էր, թե այդ փոփոխությունները որակի եւ գնի հետ կապված դրական տեղաշարժեր կբերեն, իրականում որեւիցե շարժ չկա: Մեր երկրում ինտերնետի հասանելիության ծառայությունները 8 անգամ ավելի թանկ են, քան Վրաստանում, իսկ որակի առումով շատ ավելի ցածր, քան նույնիսկ հետամնաց երկրներում է, եւ եթե Հայաստանը ցանկանում է բարձր տեխնոլոգիաների երկիր լինել, մենք պարտավոր ենք արագ ելքեր գտնել»: Հովիկ Մուսայելյանն էլ նշեց, որ Հայաստանը ինտերնետի հասանելիության հնարավորություններով աշխարհում 114-րդ տեղում է. «Սակագների կտրուկ նվազում ունեցանք ամիսներ առաջ, սակայն մի պարադոքսալ վիճակ է ստեղծվել. սակագներն իջեցվեցին մինչեւ 60%-ով, բայց դրան ուղիղ համեմատական՝ մենք ունեցանք ինտերնետի որակի կորուստ, իսկ ես հայտարարում եմ, որ եթե սակագները նվազելու են որակի հաշվին, մենք լուրջ կորուստներ կունենանք ու գուցե նույնիսկ ինտերնետ չունենանք, իսկ սրա համար ոչ ոք պատասխան չի տա»:
Խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանն էլ նշեց, որ, ի տարբերություն Հայաստանի, արտերկրում գերշահույթ հետապնդող կազմակերպությունների «կաշին քերթում են». «Մեզ մոտ ճիշտ հակառակն է, պետական մեխանիզմները չեն գործում: Հետաքրքիր է, եթե կառավարությունը նրանց գործելու հնարավորություն է տվել, պայմանագրում ծառայությունների որակի մասին պահանջներ կամ պարտավորություններ չի՞ սահմանել»:
Հեռուստաեթերի բովանդակային եւ որակային համակարգին անդրադառնալով՝ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ կազմվել է հանձնախումբ, որի հետ արդեն ունեցել են առաջին հանդիպումը եւ նախատեսել ստեղծված իրավիճակի մոնիտորինգ անցկացնել, անհրաժեշտության դեպքում նույնիսկ պատրաստ են խորհրդատվական ծառայություններ մատուցել հեռուստաընկերություններին:
Հայկ Դեմոյանն էլ ընդգծեց, որ հեռուստատեսային արտահայտչամիջոցների վերաբերյալ իրենց մտահոգությունները եւ հանձնախմբի ստեղծումը պատժիչ նախաձեռնություններ չեն. «Մենք որպես թիրախ չենք ընտրում որեւէ հեռուստաընկերության, մենք աշխատելու ենք բոլոր ուղղություններով: Հեռուստատեսային լեզուն, արժեհամակարգը, տարբեր երեւույթները, որոնք տեղ են գտել հայկական հեռուստաեթերում՝ հայոց լեզվի վերացման խնդրում լուրջ վտանգ են ներկայացնում, հեռուստատեսության նման ցածր մակարդակո՞վ ենք ներկայանալու Սփյուռքին եւ արտերկրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել