Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր բողոքի ալիք «Դինո գոլդ մայնինգում»

Փետրվար 12,2010 00:00

Կրճատումների արդյունքում աշխատանքը կորցրել են գործադուլ նախաձեռնած եւ աշխատավարձի բարձրացման համար պայքարում հաղթած հանքափորները:

Փետրվարի 10-ի երեկոյան Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ մի խումբ հանքագործներ դարձյալ աշխատանքի դուրս չեն եկել: Բայց եթե մինչ այս հանքափորների գործադուլը մեկ պահանջով էր՝ աշխատավարձերի բարձրացում, եւ կարծես համաձայնություն ձեռք բերվել է, այս անգամ հանքագործները գործադուլի էին դուրս եկել, ի ցույց դնելու իրենց դժգոհությունը նախօրեի կրճատումներից, աշխատանքից ազատված իրենց գործընկերների նկատմամբ վերաբերմունքից:
Ըստ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ արհեստակցական միության նախագահ Սուրիկ Թումանյանի՝ աշխատակիցների պահանջն արդարացի է, իսկ առանց նախազգուշացնելու գործադուլ անելը՝ անօրինական: Բայց մյուս կողմից էլ հանքափորները կրճատումներին օպերատիվ արձագանքելու խնդիր են դրել եւ ընկերության ղեկավարությանը գործադուլի մասին տեղյակ պահելու ժամանակ չեն ունեցել: «27 աշխատող է կրճատվել, որից միայն 3-ն էր նախօրոք ծանուցում ստացել: Կրճատումներ անելիս հիմնական շեշտը դրվել էր հերթափոխին չներկայացած եւ գործադուլ նախաձեռնած աշխատողների վրա՝ հետագա գործադուլներից խուսափելու համար: Գործատուն, ըստ Աշխատանքային օրենսգրքի, իրավունք ունի աշխատանքից ազատելու անկարգապահ աշխատողներին: Երեկ ես հանդիպեցի ընկերության ղեկավարության հետ, ինձ հիմնականում մտահոգում էր, թե ինչո՞ւ այնքան աշխատողներից կրճատվեց հենց այդ 27-ը: Տնօրենը նշեց, որ կրճատվել են այն մարդիկ, որոնց գործունեությունը ընկերության համար այնքան էլ արդյունավետ չէ: Սակայն ես համակարծիք չեմ, քանի որ կրճատվածների մեջ կային շատ ակտիվ աշխատողներ»,- պարզաբանում է Սուրիկ Թումանյանը եւ հավելում, որ նախկին գործադուլներն իրենց արդյունքը տվեցին՝ դրանից հետո աշխատավարձերի բարձրացումներ եղան:
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի՝ կառավարության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առավոտին» տեղեկացրին, որ կրճատումները երեկվա հերթափոխին չներկայանալու հետ կապ չունեն, դրանք նախապես աշխատանքից ազատվելու ծանուցագիր ստացած աշխատողների կրճատումներ են: Ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի՝ ընդհանուր առմամբ կրճատվելու է 50-55 աշխատատեղ: Ի տարբերություն Սուրիկ Թումանյանի, Նորայր Աղայանը պնդում է, որ 17 մարդ է կրճատվել: Իսկ ինչ վերաբերում է տարածված այն տեղեկություններին, որ երեկ երեկոյան հանք չմտած աշխատողները հնարավոր է «սեւ ցուցակում» հայտնվեն ու կրճատվեն, ապա Նորայր Աղայանը նկատեց, որ եթե նրանք շարունակեն բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները եւ պարտաճանաչ ներկայանան աշխատանքի, ամենայն հավանականությամբ չեն կրճատվի: «Երեկ երեկոյան գործադուլ չի եղել, հանքի մի խումբ աշխատակիցներն ուղղակի հերթական հերթափոխին չեն մտել հանք եւ կարճ ժամանակ անց գնացել իրենց տները»,- ավելացնում է Նորայր Աղայանը:
Անցած երկու օրերին ընկերության մոտ հաճախ կարելի էր տեսնել իրավապահների եւ լուրեր կային, թե «Դինո գոլդ մայնինգ քամփնիից» գողություն է կատարվել: Նորայր Աղայանը հերքեց այս լուրերը, պնդելով, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով են ներկա եղել, իսկ հանքի աշխատողները առավոտյան հերթափոխին ներկայացել են աշխատանքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել