Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՌԻՈՒՄ ՀՀԿ-Ի «ԾԱՌԵՐԸ» ԾԱ՜ՂԿՈՒՄ ԵՆ

Փետրվար 12,2010 00:00

Ի տարբերություն Կոտայքի մարզում ամրացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որը հաղթարշավ է իրականացնում գրեթե առանց ընտրարշավի, ու հանրապետականն էլ կարծես առանձնապես չի դիմադրում, լոռեցի նժդեհականներն իրենց «մարտական» դիրքերը գրավում են լուրջ եւ ուժեղ ընտրապայքարների արդյունքում:

2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պայքարի էին դուրս եկել անկուսակցական Արկադի Համբարձումյանը եւ «Դաշինք» կուսակցությունից Վահան Մադաթյանը: ՀՀԿ-ն այստեղ պաշտպանում էր Արկադի Համբարձումյանին, սա էլ իր հերթին, իր քարոզարշավին զուգընթաց՝ աշխատում էր ՀՀԿ-ի համար: Արդյունքում՝ ձայների զգալի տարբերությամբ, Արկադի Համբարձումյանը հաղթեց, ՀՀԿ-ի համամասնական ձայներն էլ այստեղ քիչ չէին: Թիվ 31 ընտրատարածքում առաջադրվել էր 4 թեկնածու՝ ՀՀԿ-ական Կարեն Սարիբեկյանը, ՕԵԿ-ական Վիկտորյա Հարությունյանը, «Դաշինք» կուսակցությունից Կորյուն Ղարաքեշիշյանը, եւ ՀԺԿ-ական Լարիսա Փարեմուզյանը: Պատգամավոր դարձավ հանրապետականը:
Թիվ 32 ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց Սուրիկ Պողոսյանը, որը, ի տարբերություն իր գործընկերների, պատգամավոր դարձավ առանց «գլխացավանքի». նա առաջադրվել էր միայնակ: Այսպիսով, Լոռու մարզի 4 ընտրատարածքներից երեքում պատգամավոր ընտրվեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Չորրորդ՝ թիվ 30 ընտրատարածքում ընտրվեց անկուսակցական Վիկտոր Դալլաքյանը:
Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն ամենաշատ քվեները՝ 53 720 ձայն, ստացավ Լոռու մարզում: Հանրապետականի հաղթարշավը շարունակվեց նաեւ ՏԻՄ ընտրություններում: Միայն մի քանի փոքր համայնքներում ՀՀԿ-ականներն իրենց տեղը զիջեցին, այն էլ՝ անկուսակցական թեկնածուներին: Ալավերդիում ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը հաղթեց ՀՅԴ-ական Ալբերտ Սարգսյանին: Լարված ընտրապայքար էր Սպիտակ քաղաքում, որտեղ առաջադրված թեկնածուներից երկուսը հանրապետական էին՝ նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը եւ Գագիկ Սահակյանը: Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնին էին հավակնում նաեւ ԲՀԿ-ական Արտյոմ Մակարյանը, անկուսակցականներ Սերժիկ Թադեւոսյանը, Սամվել Գաբրիելյանը, Աշոտ Դանիելյանը եւ Միհրան Սիսակյանը: Հիմնական ընտրապայքարը՝ «հանրապետականն ընդդեմ հանրապետականի» ձեւաչափով էր: Գագիկ Սահակյանը, ստանալով 2154 քվե, հաղթեց 1657 քվե հավաքած նախկին քաղաքապետին: Ախթալայում էլ հանրապետական Սուրեն Թամազյանը ելավ հանրապետական, սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի հանրապետական եղբայր Հայկազ Խաչիկյանի դեմ: Խաչիկյանը ձայների կրկնակի առավելությամբ հաղթեց: Ստեփանավանում վերընտրվեց ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Լուրջ ընտրապայքար էր նաեւ Վանաձոր քաղաքում, որտեղ առաջադրվել էր վեց թեկնածու՝ անկուսակցականներ Սեյրան Հարությունյանը եւ Գագիկ Ղազարյանը, «Ժառանգությունից»՝ Գառնիկ Սահակյանը, ՀԱՄԿԿ-ից՝ Սենիկ Էվինյանը, եւ ՀՀԿ-ականներ Էդվարդ Խլղաթյանն ու գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Չնայած ընտրապայքարի լարված ընթացքին, ընտրության հաջորդ օրը բոլոր թեկնածուներն ընդունել են Դարբինյանի հրավերը եւ «մաղարիչի» սեղանի շուրջ շնորհավորել են 4-րդ անգամ վերընտրված՝ ՀՀԿ-ական քաղաքապետին:
Ճոճկանում հաղթեց անկուսակցական Սամվել Գիգուլյանը, Քարկոպում, որտեղ իշխանափոխության հարցը վաղուց հասունացել էր՝ գյուղապետին ավագանու հայտնած անվստահության արդյունքում, ՀՀԿ-ական Կամո Ռամազյանը գյուղապետի աթոռը զիջեց անկուսակցական Ժորա Այբեկյանին: Բազում համայնքում, բացի անկուսակցական Սեյրան Պլուզյանից եւ Անդրանիկ Հովհաննիսյանից, պայքարի էին դուրս եկել նաեւ երկու կանայք՝ ՀՀԿ-ական Էվելինա Իշխանյանը եւ անկուսակցական Սրբուհի Հարությունյանը: ՀՀԿ-ական թեկնածուն այստեղ ստացավ ամենաքիչ քվեն: Համայնքի ղեկավար ընտրվեց անկուսակցական Սրբուհի Հարությունյանը:
Նախագահական ընտրությունների ժամանակ նույնպես ՀՀԿ-ի քվեների ամենաբարձր ցուցանիշը պաշտոնապես գրանցվեց Լոռու մարզում՝ 92 070 ձայն:
ՀՀԿ-ի նման հաղթարշավն այս մարզում պայմանավորված է մի շարք գործոններով. այս մարզից են կուսակցության մի քանի հայտնի ներկայացուցիչներ՝ Էդուարդ Շարմազանով, Վազգեն Խաչիկյան, Կարեն Կարապետյան: Ի տարբերություն այլ մարզերի, ուր մարզպետները քաղաքական եղանակ չեն ստեղծում եւ «ասողներն» այլ քաղաքական ֆիգուրներ են, Լոռու մարզում Հանրապետականի օգտին է կուսակցության մարզային կառույցի ղեկավար՝ մարզպետ Արամ Քոչարյանի գործոնը: Ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ Լոռիում, հավանաբար, նույնպես եղել են՝ ինչպես բոլոր մարզերում: Բայց, ի տարբերություն որոշ՝ կրիմինալ «փայլուն» համբավ ունեցող մարզպետների եւ «վետերոկներում» ու կազինոներում հրազեններով հարցեր լուծող ՀՀԿ-ական պատգամավորների, Լոռու մարզպետի անունը երբեւէ չի կապվել որեւէ կրիմինալ ու աղմկոտ պատմության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել