Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել եւ առգրավվել է 7 կգ հերոին

Փետրվար 12,2010 00:00

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության, Երեւանի վարչության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի ափիոն եւ հերոին տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք: Քրեական գործի նախաքննությամբ ի հայտ եկած տվյալների իրացման արդյունքում՝ փետրվարի 8-ին Արտաշատ-Երեւան մայրուղուց բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ քուրդ Հուսեին Մոհամանդ Ամին Կալեկանի Տազեհ Կանդը, որի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,750 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց: Նույն օրը ձերբակալվել է նաեւ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Հովհաննես Դավթյանը, ում կողմից վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի՝ 08ՍՏ705 պետհամարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 7 կգ հերոին տեսակի թմրամիջոց՝ նկարների փայտյա 9 շրջանակների մեջ:
Առանձնապես խոշոր չափերի՝ նշված խմբաքանակի թմրամիջոցներն իրացնելու նպատակով ձեռքբերումը բացահայտվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Հովսեփ Տերտերյանի կողմից Երեւան քաղաքի բնակիչ Ռ. Մարտիրոսյանին, Նոր Գեղի գյուղի բնակիչ Ն. Մկրտչյանին 15-ական գրամ ափիոն տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու արդյունքում: Քննությամբ բացահայտվել եւ ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակի հասնող անձինք՝ սկսած օգտագործողներից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող խմբաքանակի իրացնողներ:
Հարկ է նշել, որ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է նախադեպը չունեցող քանակությամբ հերոին տեսակի թմրամիջոց, որը Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ ճանապարհով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատմամբ: Հայտնաբերված հերոին եւ ափիոն տեսակի թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ $2 մլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել