Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՐՀԻ 8-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ ՍՏԵՂԾԵԼ»

Փետրվար 12,2010 00:00

Ասում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործադիր տնօրեն Կառլեն Թորոսյանը

Օրեր առաջ «Թե ինչպես են «աջակցում» դատապարտյալին» հրապարակմամբ անդրադարձանք ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումներին, որոնք անցկացվել էին «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում:
2001թ. սեպտեմբերի 22-ից ՀՀ կառավարության թիվ 888 որոշմամբ ստեղծված «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի նախագահը 2007թ. ապրիլից ՆԳ նախկին փոխնախարար Կառլեն Թորոսյանն է: Վերահսկիչ պալատի հաշվետվությունում խոսք էր գնացել 2007թ. փետրվարի 27-ին հիմնադրամի եւ Քրեակատարողական վարչության միջեւ 129.420.0 հազ. դրամի գյուղմթերքների մատակարարման պայմանագրի կնքման, գյուղմթերքի արտադրության, հիմնադրամի արդարացումների, մասնավորապես, արտադրության նվազումը՝ կապված «վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների» հետ, Մեղրու 148 հա հողատարածքի օգտագործման խնդրին:
Կ. Թորոսյանը «Առավոտի» հետ զրույցը սկսեց «վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթներից», մեզ տրամադրելով ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության տնօրենի, Սյունիքի մարզպետի, Նռնաձորի գյուղապետի՝ իրենց ուղղված պաշտոնական գրությունները: Վերահսկիչի նշած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում (ոչ թե Մեղրիում) օդերեւութաբանական դիտարկումներ չեն կատարվում: «Ինչ վերաբերում է կարկտահարությանը, այն լոկալ երեւույթ է, եւ կարող է դիտվել որոշակի տարածքներում»: Վերահսկիչը, ըստ պարոն Թորոսյանի, ուսումնասիրել է իրենց ներկայացրած փաստաթղթերը, իսկ իրականության մեջ ծագում են բազմաթիվ խնդիրներ, քանի որ հիմնադրամը աշխատում եւ աշխատավարձ է տալիս դատապարտյալներին:
Միայն 2008 թվականին աշխատող դատապարտյալներին հիմնադրամը վճարել է 9 մլն 324 500 դրամ աշխատավարձ, իսկ 2009-ին՝ 6 մլն 336 869 դրամ:
Վերահսկիչը պարզել էր, որ հիմնադրամը Նռնաձոր համայնքի 148 հա հողատարածքից չի օգտագործել 131 հեկտարը կամ 88,5 տոկոսը եւ միջոցներ չի ձեռնարկել այն մշակելու համար: Կ. Թորոսյանը տեղեկացրեց, որ Մեղրու Նռնաձոր գյուղում ներկա պահին օգտագործվում են 21,8 հա մակերեսով նռան, թզի, խաղողի այգիներ, իսկ անցյալ տարի լրացուցիչ մշակել է 3.35 հա նորատունկ նռան եւ արքայանարինջի այգիներ: 1.08 հա վարելահողում էլ ցանվել են սանիտարական մաքրման ավելներ:
Ի դեպ, հիմնադրամի գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ դեռ անցյալ տարվա օգոստոսին զեկույց է ներկայացրել Հոգաբարձուների խորհրդի նախագահին, հիմնավորելով, որ ի վիճակի է օգտագործել միայն նշված տարածքի 53.5 հա հողատարածքը, քանի որ պետք է ներդնել խոշոր չափերի ֆինանսական միջոցներ, ինչը հիմնադրամը չունի: Հետեւաբար, առաջարկվել է, որ մնացած ծառազուրկ բլուրներն ու ժայռերը տնօրինի ՀՀ կառավարությունը՝ համապատասխան որոշմամբ:
Հիմնադրամի գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ ամեն օր քրեակատարողական հիմնարկներին մատակարարում են 2500-2800 կգ հաց: Հացամթերման 7 արտադրամաս կա: Միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հացի արտադրամասը մատակարարում է 5 ՔԿՀ-ի:
ՔԿՀ-ներին հիմնադրամը մատակարարում է որոշակի քանակությամբ կարտոֆիլ, գործում է թզի ջեմի արտադրություն: Մեր ակնարկին, թե հնարավո՞ր է, որ թզի ջեմը վաճառվի դրսում, այնպես, ինչպես ՊՆ կնիքով նախորդ օրը խանութներում հայտնված «Արաքս» թռչնաբուծարանի հավկիթները, պարոն Թորոսյանը բացառեց, ասելով, որ ջեմը միայն ՔԿՀ-ների համար է:
«Աբովյան» ՔԿՀ-ի կարի արտադրամասը ապահովում է ՔԿՀ-ների սպիտակեղենը: Այստեղ գործում են նաեւ գորգագործական, ատաղձագործական արտադրամասեր, դատապարտյալ կանայք զբաղվում են խոզաբուծությամբ: Ինչ վերաբերում է «Աբովյան» ՔԿՀ-ի 13 հա հողատարածքում (ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության) 1 հա խնձորի այգուց ընդամենը 350 կգ խնձոր հավաքելուն, պարոն Թորոսյանն ասաց. «Անցյալ տարի ստացել ենք 745 կգ խնձոր: Չնայած, համաձայն Կոտայքի մարզպետարանի մասնագիտական եզրակացության, այգին հիմնվել է վաղուց՝ քարքարոտ, անմշակ հողերի վրա: Ծառերը եղել են բարձրաճ եւ քիչ բերքատու սորտեր, որոնք վատ խնամքի հետեւանքով տարիների ընթացքում վարակվել են տարբեր հիվանդություններով: Ուստի նպատակահարմար է նշված այգին դուրս գրել եւ ցանկության դեպքում հիմնել նոր այգի, նորագույն բարձր բերքատու տեսակի գաճաճ ծառերով»: Հիմնադրամը վերափոխել է այգին նոր տնկիներով: Միայն «Աբովյան» ՔԿՀ-ին պատկանող տարածքում 350 բալենու շիվեր են դրվել: Ոռոգման ջրի հարցը լուծվել է: Այնտեղ ցանվել է ծխախոտ: Հիմնադրամին այդ գործում օգնում է գործարար Հրանտ Վարդանյանը:
«Առավոտին» տրամադրված տեղեկանքի համաձայն՝ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի մասնաճյուղեր կան քրեակատարողական հիմնարկներից՝ «Աբովյանում», «Արթիկում», «Էրեբունիում», «Գորիսում», «Կոշում», «Մեղրիում», «Սեւանում», «Վարդաշենում», «Նուբարաշենում», «Վանաձորում» եւ «Ախուրյանում»: Երեկվա տվյալներով՝ հիմնադրամը աշխատավարձ է տալիս 212 դատապարտյալի, որոնք ներգրավված են արտադրական, գյուղատնտեսական, հացաթխման աշխատանքներում: Մինչեւ այս տարվա մարտի 25-ը՝ հիմնադրամը իր հաշվետվությունը կներկայացնի Հոգաբարձուների խորհրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել