Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարը սխալ են հասկանում

Փետրվար 12,2010 00:00

«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում երեկ տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում փաստաբան-փորձագետ Արա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ կոռուպցիան վերացնելու համար մեր պետությանը նախեւառաջ անհրաժեշտ են գրագետ կադրեր՝ սկսած տաքսու վարորդներից մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, բացի այդ, հարկավոր է, որ մարդիկ նորմալ աշխատավարձ ստանան: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) եւ ԱՄՆ ՄԶԳ «Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացիայի» ծրագրի հետ համատեղ: Արդեն քանի օր է՝ aysor.am եւ panorama.am էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղադրված են այս թեմայի շրջանակներում այլ լրատվամիջոցներում՝ այդ թվում եւ «Առավոտում», տպագրված նյութերը, որոնք հիմնականում առնչվում են դատական գործընթացների ժամանակ տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերին: Փաստաբան Ա. Զոհրաբյանի խոսքերով. «Բարձր ամբիոններից գոչում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, դրանք կազմակերպող անձինք այլ կերպ են հասկանում, եւ հիմա փաստաբանները շատ են դժգոհում նրանից, որ դատախազը կոռուպցիայի հետ իր առնչությունը բացառելու նպատակով առավելագույն մեղադրանք է ներկայացնում, իսկ դատավորն էլ, նույն դրդապատճառով, փորձում է առավելագույն պատիժ սահմանել այդ մեղադրյալի համար եւ, ի վերջո, այս ամենը ջարդվում է խեղճ ժողովրդի գլխին: Պետք է նպաստել կոռուպցիայի դեմ «պատվերով» պայքարից՝ ռեալ պայքարի անցնելուն»:
APRA-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանն էլ ներկաներին ասաց, որ մոտ ժամանակներս հեռուստատեսային գործընկերներին կներկայացվի ինտերնետային հեռուստատեսային տարբերակը՝ մի շարք սերվերներում տեղադրված տեսանյութերով. «Կարծում ենք՝ սա բավականին լավ մեխանիզմ է, որ էլ ավելի մեծ ծածկույթ, հնչեղություն ունենան այն բոլոր նյութերը, որոնք պատրաստվում են: Արդեն իսկ բավականին լավ արձագանքներ կան»:
Ա. Զոհրաբյանի տվյալներով, այսօր Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ 7-10 վճիռ է կայացրել: Պարոն Զոհրաբյանն իր մեխանիզմն է առաջարկում կոռուպցիայի դեմ պայքարի համար. «Եվրոդատարանը որոշեց, որ կա կոնվենցիայի խախտում, պետությունը պետք է 10 հազար եվրոյի բարոյական փոխատուցում տա X-ին, ֆինանսների նախարարությունը պետք է գնա այդ դատավորի մոտ ու ասի, որ քո աշխատավարձից այդ 10 հազար եվրոն պետք է պահենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել