Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՐԿԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԵՌԸ ՉԵ՞Ն ԱՎԵԼԱՑՆԻ

Փետրվար 12,2010 00:00

\"\"Նոր օրինագիծը Ազգային ժողով ներկայացրած պաշտոնյաները գտնում են, որ քննադատություններն անտեղի են

Վերջերս Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացրած «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը բուռն քննադատության արժանացավ թե՛ իշխանական թեւի եւ թե՛ ընդդիմադիր պատգամավորների կողմից: Որոշ պատգամավորներ փոփոխությունների այդ փաթեթը որակեցին կուլակաթափության նման մի բան, այսինքն՝ այդ օրենքները հարկային նոր բեռ կլինեն հայաստանցիների համար, իսկ որոշ պատգամավորներ էլ այն համարեցին անհեթեթ ու ռեկետ անելու օրենքներ: Մինչդեռ կառավարության ներկայացուցիչները օրինագիծը համարում են դրական եւ համայնքները զարգացնելու ու դրանց իսկապես ինքնուրույնություն տալու նոր մեխանիզմ:
Թե ինչպիսի՞ն է իրականում նոր օրինագիծը, «Առավոտը» պարզաբանելու համար զրուցեց օրինագծի փաթեթը ԱԺ ներկայացրած տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ: Նրա խոսքերով՝ առաջարկվող փոփոխությունով փորձ է արվում կանոնակարգել եւ հստակեցնել համայնքային հարկային վարչարարությունը: Փոխնախարարի ներկայացմամբ՝ այսօր գոյություն ունի 2 հարկատեսակ՝ գույքահարկ եւ հողի հարկ, որոնց հավաքագրումը, որպես պատվիրակված լիազորություն, տրված է համայնքներին. «Այսօր համայնքներն ունեն 100% պլանավորված բյուջեի հարկերի հավաքում, բայց բովանդակային առումով այդպես չէ: Համայնքի ղեկավարը ծախսերը պլանավորում է այնքան, որքան կարողանում է հարկ հավաքել, որովհետեւ, եթե ծախսերը 100% պլանավորի, բայց հավաքի 60%, ապա 40% ավելի բեռ կունենա եւ փաստորեն համայնքի ղեկավարը չի էլ ոգեւորվում, որ 100% հավաքի: Եվ որպեսզի հարկահավաքման մաքսիմումին հասնենք, փորձում ենք նոր վարչարարություն մտցնել: Մենք համայնքի ղեկավարին՝ ընդամենն իրենց պարտավորությունները չկատարող հարկատուների հետ վարչարարություն իրականացնելու հնարավորություն ենք տալիս: Այսինքն՝ համայնքի ղեկավարը ոչ պարտաճանաչ եւ անբարեխիղճ հարկատուին իրավունք ունի դատի տալ, բայց, ի տարբերություն հարկայինի, նա իրավունք չունի մտնել բնակարան, հողատարածք կամ իրավաբանական անձի տարածք: Այսօր ոչ ոք չի զարմանում ու զայրանում, երբ հարկայինը որեւէ անբարեխիղճ բիզնեսմենի տուգանում է, ապա ինչո՞ւ են զարմանում, որ նույնը կարող է համայնքի ղեկավարը կիրառել: Այս ամենը բխում է եվրոպական խարտիայից եւ տեղական ինքնակառավարման տրամաբանությունից»:
Օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկն էլ, որը եւս արժանացավ քննադատության, անավարտ շինարարության համար վճարվող հարկատեսակն է: Այս կետի մասով պատգամավորները մտավախություն ունեն, որ այն կարող է կիրառվել աղքատ գյուղացու հանդեպ, ասենք՝ խեղճ գյուղացին կիսատ է թողել իր գոմի շինարարությունը՝ գումար չունենալու պատճառով: Փոխնախարարը վստահեցրեց, որ այս օրինագիծը, իհարկե, չի տարածվելու նման մարդկանց վրա: Վ. Տերտերյանի խոսքերով՝ այսօր քաղաքում բազմաթիվ  խոշոր կիսակառույց շենքեր կան, ինչի արդյունքում խեղաթյուրված է քաղաքի տեսքը, դրան էլ գումարած՝ շինարարական աղբն ու փոշին. «Ասում են՝ ճգնաժամ է, չեն կարողանում շինարարությունն ավարտել: Ես էլ ասում եմ՝ թող ավելի թանկ վարկ վերցնեն, գերշահույթից հրաժարվեն, բայց ավարտեն կառույցը, քաղաքն էլ մաքուր կլինի: Կամ էլ՝ ավելի շատ գույքահարկ վճարեն, որպեսզի քաղաքը լրացուցիչ մեքենա ունենա՝ շինաղբն ու փոշին մաքրելու համար: Բայց սա դեռ գաղափար է: Այ, երբ օրենքը ավարտուն կներկայացնենք ԱԺ, դիտարակումներ լինելու դեպքում, նոր թող քննադատեն այն»:
Օրենքում նախատեսված մյուս լրացումը հանրային տարածքները զբաղեցնելու համար հարկատեսակն է: Այս առնչությամբ Վ. Տերտերյանը վստահեցրեց, որ այս եւ մյուս հարկատեսակները ամենեւին էլ չեն վնասի հասարակ քաղաքացուն եւ դրանք ոչ մի կապ չունեն սոցիալական խնդիրների հետ, քանի որ Հայաստանում այսօր չկան շարքային քաղաքացիներ, որոնք 10-15 հեկտար գյուղնշանակության հող ունեն եւ չեն մշակում. «Հեկտարներով գյուղնշանակության հող են վաճառում: Մենք էլ ասում ենք՝ դա պետք է օգտագործվի գյուղնշանակությամբ: Բացի այդ, եթե 5-6 հա հող չեն մշակում, ապա բարի լինեն չմշակելու համար էլ հարկ վճարեն»: Այս օրինագծի տրամաբանությունը հետեւյալն է. քանի որ այդ հողերը մշակելով օգուտներն ավելի մեծ կլինեն, բայց եթե չեն օգտագործում, գոնե հարկ վճարվի, որ բյուջեում գումար լինի:
Որպես նոր հարկատեսակ է առաջարկվում «Հյուրանոցային հարկը»: Սա էլ սոցիալական խնդրի հետ ամենեւին կապ չունի: Շտապենք տեղեկացնել, որ այս հարկերը վճարվելու են զբոսաշրջիկի գրպանից. «Մի քննադատելի բան կարող է ունենալ այս օրենքը. մի կողմից ուզում ենք զարգացնել զբոսաշրջությունը, մյուս կողմից՝ հարկ ենք դնում: Ուստի պետք է զգույշ լինել, որ այդ բեռը դոզավորված լինի: Դրանից գոյացող միջոցներն ուղղվելու են զբոսաշրջության զարգացմանը: Ասենք, եթե համայնքի բյուջեին «հյուրանոցային հարկ» է վճարվելու, համայնքն էլ պարտավորվելու է, օրինակ՝ Հանրապետության հրապարակը հատուկ միջոցներով մաքրել, զարդարել, որպեսզի զբոսաշրջիկը արեւածաղկի աղբի չհանդիպի: Կամ, ասենք, այլ տուրիստական հատվածները՝ Արին-Բերդը, Կարմիր բլուրն ու «Էրեբունի» թանգարանը կարգի բերելու, մաքրելու ու զարգացնելու ուղղությամբ կծախսվեն այդ հարկերը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք գումարը վերցնելու, ինչպես՝ ծախսելու: Նախ քաղաքապետն էլ պետք է թափանցիկ աշխատի եւ հաշվետու լինի: Մեր առաջարկվող օրինագծերը վերցրել ենք միջազգային պրակտիկայից, եւ բոլոր երկրներում դրանք հիանալի աշխատում են»:
Նշենք, որ կառավարության կողմից առաջարկվող օրինագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է 15 օրով: Ըստ Վ. Տերտերյանի. «ԱԺ-ում ասում են՝ սա անգրագետ համայնքապետերին նոր լծակներ է տալիս, իսկ ես ասում եմ՝ համայնքապետերի մեծ մասն ունի նույն կրթությունը, ինչ ԱԺ-ում ու կառավարությունում, նույն տպած դիպլոմներով անգրագետներ կան ամենուր, թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում, թե՛ լրատվամիջոցներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել