Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՆ՝ ՉԵՆՔ ԹԱՆԿԱՑՆԻ

Փետրվար 12,2010 00:00

«Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Նոր ակունք» ընկերությունները օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խմելու ջրի սակագնի վերանայման համար հայտ են ներկայացրել: Նրանք ուզում են թանկացնել խմելու ջուրը՝ պատճառաբանելով, թե ծախսերի տակից չեն կարողանում դուրս գալ, թե աշխատավարձերն են ուզում բարձրացնել, էլեկտրաէներգիայի ծախսը մեծ է եւ այլն, չնայած հասկանալի է, որ այդ ընկերությունները հանձնաժողովին դիմել են «ՀայՌուսգազարդի»՝ գազի սակագների բարձրացման հայտից հետո:
Թե ինչու պետք է Շիրակի մարզի բնակիչներն ավելի թանկ վճարեն խմելու ջրի դիմաց, քան մինչ օրս, այն էլ՝ հանրապետությունում սպասվելիք գնաճային ճնշումների պայմաններում՝ «Շիրակ-ջրմուղկոյուղու» ներկայացուցիչները հայտում նշել են, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերն ուզում են պատշաճ սպասարկել եւ շահագործել, ինչպես նաեւ աշխատակիցներին ավելի բարձր աշխատավարձ վճարել: «Առավոտին» ընկերությունից պարզաբանեցին, որ իրենց աշխատակիցների աշխատավարձն իսկապես ցածր է, անհրաժեշտ է բարձրացնել եւ, բացի այդ, որոշ ծախսեր անել, ինչի համար 1 խմ ջուրը 120 դրամից մտադիր են դարձնել 214 դրամ, այսինքն՝ գրեթե կրկնակի թանկացնել:
«Նոր ակունք» ընկերությունն էլ պատճառաբանում է, թե «Ավելացված արժեքի մասին» օրենքով սահմանված արտոնությունները վերացել են, էլեկտրաէներգիան թանկացել է, բնապահպանական վճարների գծով արտոնությունները վերացել են, դրա համար էլ անհրաժեշտ է ջրի սակագինը՝ գործող 150 դրամից բարձրացնել 65,4%-ով: Նշենք, որ էլեկտրաէներգիան Հայաստանում թանկացել է նախորդ տարվա ապրիլի 1-ից, ուստի տարօրինակ է, որ «Նոր ակունքը» հիմա է հիշել այդ մասին: Ընկերությունը հանձնաժողովին ներկայացրած հիմնավորումներում նշել է, որ «մեր հաշիվներում դեռ չենք հաշվի առել 2010-ի գազի եւ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը», ուստի, թե դրանից հետո մարդիկ որքանով կգնեն ջուրը՝ պարզ չէ:
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն մտադիր է 1 խմ ջուրը 121 դրամից դարձնել 200 դրամ՝ հիմնավորելով, թե ցածր աշխատավարձի պատճառով լավ կադրեր են կորցնում. «Մեր աշխատողների միջին աշխատավարձը 52 հազար դրամ է, իսկ վիճակագրական տվյալների համաձայն, Լոռվա մարզում միջին աշխատավարձը 82 հազար դրամ է: Սակագները վերանայելուց հետո մեր աշխատողների միջին աշխատավարձը գոնե կդառնա 90 հազար դրամ»: Հանձնաժողովը 90-օրյա ժամկետում քննարկելու է այս հայտերը եւ կորոշի՝ թանկացնե՞լ ջուրը, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել