Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որոշել են Ճապոնիայի հյուպատոսություն բացել

Փետրվար 12,2010 00:00

Քանի որ Հայաստանում չկա Ճապոնիայի հյուպատոսություն, այդ երկիր մեկնող ՀՀ քաղաքացիները ստիպված են դիմել Մոսկվայում գտնվող Ճապոնիայի դեսպանատուն:

Չնայած ճապոնական հյուպատոսություն կա նաեւ Բաքվում եւ Թբիլիսիում, միեւնույն է, հայերը այդ երկիր մեկնելու համար պետք է փաստաթղթեր ուղարկեն կամ մեկնեն Մոսկվա, որն ավելի ժամանակատար է:
 Սա, «Արմենիան բիզնես կենտրոնի» նախագահ Արա Խաչատրյանի մեկնաբանմամբ, մեր քաղաքացիների համար ավելորդ խնդիրներ է առաջացնում: Անցյալ տարի նա Ճապոնիա մեկնելու առաջարկ է ստացել: «Մինչեւ մեկնելը՝ ստիպված եղա իմ անձնագիրը համապատասխան լիազորագրի հետ միասին ուղարկել Մոսկվա, ստացա մուտքի թույլտվություն, ի դեպ, բավականին կարճ ժամանակահատվածում: Կարծում եմ, պատճառը նաեւ այն էր, որ նախ ճապոնական կողմից բավականին լուրջ կազմակերպություն էր ինձ հրավիրողը, եւ իմ կողմից ներկայացված փաստաթղթերը պատշաճ էին եւ անթերի: Դրանից հետո միայն տեղեկացա, որ Ճապոնիայի դեսպանատուն կա մեր հարեւան երկրներում»,- ասաց պարոն Խաչատրյանը: Նրա կարծիքով, դա նաեւ մեր արտաքին քաղաքականության բացն է, որ հայերը սպասարկվում են Մոսկվայում, այլ ոչ թե մեր հարեւան Թբիլիսիում. «Եթե մեր քաղաքացիները հաճախակի այցելեն Ճապոնիա, ակնհայտորեն կզարգանան մեր երկրի ինչպես տնտեսական, այնպես էլ գիտական կապերը»:
Այս առնչությամբ արտաքին գործերի նախարարության լրատվամիջոցների կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը «Առավոտին» պարզաբանեց, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անցյալ տարվա նոյեմբերին, երբ այցելել է Ճապոնիա, այնտեղ հայտարարել է, որ մեր երկիրը նպատակադրվել է այս տարի Ճապոնիայում Հայաստանի հյուպատոսություն բացել: Հետեւապես կարելի է ենթադրել, որ երբ Տոկիոյում բացվի Հայաստանի դեսպանատուն, փոխադարձաբար Ճապոնիան էլ մեր երկրում կունենա իր ներկայացուցչությունը, քանի որ եւ Ադրբեջանի, եւ Վրաստանի դեպքում հենց այդպես էլ եղել է:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի քաղաքացիները Ճապոնիա մեկնելու համար այժմ ստիպված դիմում Մոսկվայի ճապոնական հյուպատոսություն, այլ ոչ թե Վրաստանի, պարոն Բալայանը պատասխանեց. «Դա որոշել է Ճապոնիան, նրանց կարծիքով, Մոսկվայի դեսպանատան ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս մեր երկրի քաղաքացիներին էլ սպասարկել, իսկ Վրաստանինը՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել