Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԷԼ ԿԹԱՆԿԱՑՆԻ

Փետրվար 12,2010 00:00

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը «Առավոտի» խնդրանքով վերլուծում է գազի թանկացման հնարավոր հետեւանքները՝ մեր տնտեսության վրա:

Ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդ» ընկերությունը մտադիր է բնակիչների համար գազը թանկացնել 40 դրամով եւ 1 խմ գազի դիմաց, 96 դրամի փոխարեն, գանձել 136 դրամ, իսկ խոշոր սպառողների համար թանկացնել 16 դրամով՝ 81-ից դարձնելով 97 դրամ: «ՀայՌուսգազարդի» առաջարկը գազի թանկացման ողջ ծանրությունը գցում է շարքային սպառողի վրա եւ արտադրական ձեռնարկություններ ունեցող բիզնեսմենների հոգսը թեթեւացնում, ինչը հարուցել է բնակչության լայն զանգվածների լուրջ դժգոհությունը: Թե որքանո՞վ է արդարացված «ՀայՌուսգազարդի» այդ քաղաքականությունը եւ այն ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության տարբեր ոլորտների վրա՝ «Առավոտի» հետ զրույցում իր տեսակետները ներկայացրեց տնտեսագետ Մանուկ Հերգնյանը: Նրա համոզմամբ՝ գազի սակագների բարձրացման հետեւանքով Հայաստանում միանշանակ կթանկանա արդյունաբերական արտադրանքը եւ կբարձրանա շինանյութի՝ ցեմենտի, գաջի գինը. «Դա նշանակում է, որ շինարարության արժեքը կբարձրանա, ինչը կփոխանցվի անշարժ գույքի շուկա, այսինքն՝ շինանյութերի թանկացման հետեւանքով կթանկանան նաեւ նորակառույցների գները»:
Այն, որ գազի թանկացումից ավելի շատ օգտվելու են խոշոր սպառողները, այդ թվում՝ ռուսական կապիտալով ընկերությունները, քանի որ սակագների բարձրացման հիմնական բեռն ընկնում է բնակիչների վրա, Մ. Հերգնյանի կարծիքով, տնտեսության մեջ, մեծ հաշվով, ոչ մի էական փոփոխություն կամ ազդեցություն չի ունենալու. «Միանշանակ դժվար է ասել՝ ճի՞շտ էր «ՀայՌուսգազարդի» այդ քաղաքականությունը, թե՞ սխալ, որովհետեւ, եթե գազի թանկացումն անխուսափելի է, ապա երկարաժամկետ ազդեցության տեսանկյունից միեւնույն է՝ ում համար այն կթանկանա՝ բնակչի՞, թե՞ խոշոր սպառողների: Զուտ գների հնարավոր բարձրացումը մեղմելու տեսանկյունից այդ բեռն առայժմ բնակչի վրա թողնելն արդարացված է, քանի որ, եթե սակագինն ավելի շատ բարձրանա արտադրողների համար, նրանք, բնականաբար, իրենց արտադրանքը միանգամից կթանկացնեն, եւ դրա համար նորից վճարելու է բնակիչը՝ սպառողը: Այնպես որ, բնակչի համար գազն ավելի շատ թանկացնելով, այսպես ասած, ժամանակ են շահում, քանի որ հարմարեցումը գների նոր մակարդակին՝ որոշակի ժամանակ է պահանջելու»: Մ. Հերգնյանի խոսքերով՝ մի քանի երկրներում, օրինակ՝ Բելառուսում, Ուկրաինայում, վերլուծություններ են արել՝ պարզելու, թե գազի այս կամ այն չափով թանկացումն ինչ ազդեցություն կունենա տնտեսության ՀՆԱ-ի վրա. «Բելառուսում տնտեսական մոդել կա, ըստ որի, եթե գազը 50%-ով թանկանա՝ երկրի ՀՆԱ-ն աճի տեմպը 2.5%-ով կնվազի: Ուկրաինայում գազը 60%-ով թանկացնելու դեպքում այդ ցուցանիշը կկազմի 5.5%: Բնականաբար, Հայաստանի դեպքում չենք կարող միանշանակ ասել, որ ազդեցությունը նույնը կլինի, քանի որ մեր երկրի տնտեսական կառուցվածքը այլ է, եւ նման մոդել դեռ չկա, բայց կարող ենք ասել, որ մեզ մոտ էլ ՀՆԱ-ի վրա բավականին մեծ ազդեցություն կունենա այդ թանկացումը»:
«ՀայՌուսգազարդը» վստահեցնում է, որ այն սակագինը, որն առաջարկվում է Հայաստանի բնակչության համար, էապես ցածր է այն սակագնից, որն անհրաժեշտ է տնտեսագիտորեն հիմնավորված բոլոր ծախսերի փոխհատուցման համար: Այս առնչությամբ մեր հարցին՝ ինչքանո՞վ է հիմնավորված «ՀայՌուսգազարդի» առաջարկած սակագինը՝ Մանուկ Հերգնյանը պատասխանեց. «2010-ին «ՀայՌուսգազարդը» 1000 խմ գազը գնելու է 180 դոլարով: Գազը նավթի նման բորսայական ապրանք չէ,  գազի գինը սահմանվում է բանակցությունների միջոցով: Կան երկրներ, որոնց համար 200-250 դոլար է սահմանվել: Այստեղ մեծ է քաղաքական գործոնը, ուստի տնտեսական տեսանկյունից սակագինը չենք կարող վերլուծել»:
Պարոն Հերգնյանը պատմական էքսկուրս կատարեց՝ մատնանշելու, թե նախկինում Հայաստանում գազի գնի բաձրացումը սպառողական շուկայում քանի՞ տոկոս գնաճ է ապահովել. «Վերլուծությունները ցույց են տալիս, որ երբ գազը թանկացել է, դրան նախորդող տարվա նույն ամիսների գնաճի ինդեքսի համեմատությամբ, միջինում մոտավորապես 4% ավելի սպառողական գների աճ է արձանագրվել: Գազի թանկացումն ուղղակիորեն տեղափոխվում է սպառողական շուկա: Հաշվի առնելով, որ Հայաստանում տնտեսությունը խիստ մոնոպոլիզացված է, գազի գնի բարձրացումն արագ փոխանցվում է այլ ապրանքային շուկաներ: Կենտրոնական բանկն արագ ռեակցիա տվեց եւ, հասկանալով, որ երկրում գնաճային իրավիճակ է սպասվում, որոշեց, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է կոշտացվի: Այնուամենայնիվ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է վարկային ռեսուրսների թանկացում եւ վարկային գործունեության սահմանափակում, ինչը շատ կարեւոր է այսօր մեր տնտեսության համար»:
ԿԲ-ն նախօրեին հրապարակել էր 2010-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը եւ կանխատեսել, որ մեր երկիրը նույնիսկ տնտեսական աճ կունենա՝ առնվազն 0.5-2%: Ըստ այդ կանխատեսումների, գյուղատնտեսությունից սպասվում է 2-4% աճ եւ ծառայությունների ոլորտից՝ 1-3% աճ, արդյունաբերության ոլորտում սպասվում է 0-2% աճ, միայն շինարարության ոլորտում է ակնկալվում 2-5% անկում: Մեր հարցին՝ ԿԲ-ի այդ կանխատեսումները որքանո՞վ են իրատեսական՝ տնտեսագետը պատասխանեց. «2010-ի համար պետք է բավականին չափավոր եւ զգույշ գտնվել կանխատեսումների մեջ: Իմ կանխատեսումներով՝ ՀՆԱ-ն 2010-ին կլինի +3-ի սահմաններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել