Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջ դրվեց Լ. Քոչարյանի բարոյական տառապանքներին

Փետրվար 12,2010 00:00

«Հայկական ժամանակը» երեկ վճարել է 3 միլիոն 600 000 դրամը

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցը ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի, որով նա օրաթերթից պահանջում էր հերքել Դուբայում հարբած վիճակում իր ձերբակալության վերաբերյալ տպագրած լուրն ու վճարել 12,5 միլիոն դրամ տուգանք, դատարան մտավ անցյալ տարվա ապրիլին: Մայիս ամսին արդեն կայացվեց դատավճիռը, որով «Հայկական ժամանակ» օրաթերթից եւ թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից պահանջվեց վերոնշյալ տեղեկության հերքում տպագրել եւ հօգուտ Լեւոն Քոչարյանի բռնագանձել 3 միլիոն 600 000 դրամ՝ իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում: Երեկ այդ գումարը թերթը վճարել է միանգամից՝ պատահաբար պարզելով, որ իրենց թերթը հրատարակող «Դարեսկիզբ» ընկերության գույքի վրա կալանք է դրվել, եւ թերթը կարող է լույս տեսնել միայն գումարը վճարելուց հետո։ Երեկ օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք բավականին դժվարությամբ վճարել են տուգանքը: Տարաժամկետ վճարման առիթով բանակցություններն ի սկզբանե դատապարտվել են, այդ առիթով փաստաբանի բոլոր ջանքերն ապարդյուն են անցել, մինչդեռ թերթը պատրաստակամություն է հայտնել տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում՝ ամսական վճարելով 300 հազար դրամ: «Հարկադիր կատարողները երբ եկել էին խմբագրություն, քննարկում էինք, եւ իրենք ինչ-որ թղթեր էին լրացնում՝ անգամ հարկ չհամարեցին մեզ տեղյակ պահել, որ թերթի հաշիվներն արդեն արգելքի տակ են: Ընթացիկ գործերի հետ կապված փոխանցում կատարելու անհրաժեշտություն առաջացավ, միայն այդ ժամանակ պարզվեց, որ չենք կարող»: Երբ «Հայկական ժամանակի» ներկայացուցիչը փորձել է կապվել ԴԱՀԿ-ի հետ՝ հասկանալու համար, թե ինչն ինչոց է, հայտնաբերել է, որ պատրաստվում են արգելանք դնել նաեւ դրամարկղի վրա: Դա, ըստ էության, նշանակում է դադարեցնել թերթի գործունեությունը: «Արդեն անիմաստ էր դառնում քննարկել տարաժամկետ վճարումների հարցը, ուստի ստիպված եղանք ինչ-որ միջոցներ ձեռնարկել, միանգամից այդ գումարը տալ, որպեսզի թերթը կարողանա իր բնականոն աշխատանքը շարունակել»,- ասաց Աննա Հակոբյանը: «Հայկական ժամանակի» տնօրենի փոխանցմամբ, իրենք դիմելու են Եվրոպական դատարան:
Հարցին անդրադառնալով քաղաքական տեսանկյունից՝ Աննա Հակոբյանը նշեց. «Սա մեր նկատմամբ տարվող ճնշումների շղթայի մի մասն է ընդամենը: Եթե անգամ մի փոքր հնարավորություն կա մեզ ճնշելու՝ իրենք երկար չեն մտածի, անպայման կիրագործեն: Սա դրա վառ ապացույցն է: Այլ հարց է՝ այդ  ճնշումները նպատակին հասնում են, թե ոչ, ինչքանով են արդյունավետ, մենք դրանից ճնշվում ենք, թե ոչ, բայց իրենք անում են»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել