Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄՔԵՐ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Փետրվար 12,2010 00:00

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանն ընդառաջ՝ ՀՅԴ խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել մի օրենսդրական նախաձեռնություն, որով ԱԺ-ին հնարավորություն է ընձեռվում առնվազն
վերապահումներ անելու դրանց վերաբերյալ:

\"\"

ՀՅԴ խմբակցության պատգամավորները երեկ պաշտոնական շրջանառության մեջ են դրել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքում իրենց առաջարկած լրացումներն ու փոփոխությունները: Մասնավորապես առաջարկվում է մի լրացում, որի անհրաժեշտությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ի վեր բազմիցս շեշտադրում էին ՀՅԴ գործիչները: Ըստ այդմ՝ վավերացման փուլում միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում կարող է սահմանել ոչ միայն ՀՀ նախագահը, այլ նաեւ Ազգային ժողովը: Համանման փոփոխություն է առաջարկված նաեւ ԱԺ կանոնակարգում: Օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ ԱԺ-ին վերապահում անելու հնարավորության առնչությամբ նշված է. «Գործող օրենսդրությամբ այդպիսի իրավունք տրված չէ ՀՀ ԱԺ-ին, ինչն առնվազն թուլացնում է օրենսդիր մարմնի դերակատարությունը երկրի կարեւորագույն հարցերում մասնակցություն ունենալու, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությանն առավել ճկունություն հաղորդելու սահմանադրական լիազորությունների իրագործումը: Մյուս կողմից, եթե գործող օրենսդրության համաձայն՝ ԱԺ-ն նույնիսկ տեսականորեն ցանկություն արտահայտի ՀՀ նախագահի կողմից ներկայացված միջազգային պայմանագրի վավերացման ժամանակ արտահայտել դիրքորոշում՝ այն չվավերացնելու կամ որոշ վերապահումներով վավերացնելու ձեւով, ապա այն կարող է արտահայտվել միայն միջազգային պայմանագրի վավերացումը մերժելու միջոցով: Սա ոչ միայն նշանակում է սկզբից սկսել պայմանագրային հարաբերությունների գործընթացը, այլեւ ձեւավորում է կոնֆլիկտային իրավիճակ երկրի ներսում, հետեւաբար նաեւ թուլացնում է ՀՀ միջազգային դիրքերը: Մինչդեռ, եթե ՀՀ ԱԺ-ի համար վերականգնվի վերապահում սահմանելու իրավունքը, ապա այդպիսի հակադրության անհրաժեշտություն չի առաջանա, եւ ՀՀ արտաքին քաղաքականությունը կլինի առավել նպատակային, ճկուն»:
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքն առաջարկում են լրացնել նաեւ հետեւյալ հոդվածով. «Մինչեւ ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագիրը՝ դրա կնքման ցանկացած փուլում Հայաստանի Հանրապետության կողմից կարող է միակողմանիորեն չեղյալ հայտարարվել, եթե
– պայմանագրի մյուս կողմը հայտարարում է այնպիսի նախապայմանների մասին կամ ձեռնարկում է այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են պայմանագրի առարկայի եւ նպատակների հետ, կամ այդպիսին կդառնան հետագայում,
– կատարել է խարդախություն,
– կաշառել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին,
– ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով գործադրել է հարկադրանք կամ անհիմն խախտել է պայմանագրի կնքման ընթացակարգերին առնչվող ժամկետները»:
Նաեւ նշվում է, թե մինչ միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը՝ այն Հայաստանի կողմից կարող է միակողմանիորեն չեղյալ հայտարարվել, «եթե այն կնքելու ընթացքում չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ սույն օրենքի պահանջները»:
ՀՅԴ պատգամավորները նաեւ առաջարկել են օրենքի 42-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Հայկական կողմը միջազգային պայմանագիրը վավերացնում կամ հաստատում է վերապահումով (հայտարարությամբ), եթե
-մինչեւ երկկողմ միջազգային պայմանագրի վավերացումը կամ հաստատումը՝ մյուս կողմը կատարել է այնպիսի վերապահում կամ հայտարարություն, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ՀՀ Սահմանադրությանը կամ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշմանը,
-դրանում ամրագրված դրույթները ձեւակերպված են ոչ պարզ, ոչ հստակ եւ ոչ մատչելի լեզվով, օգտագործված են հնացած, բազմիմաստ բառեր, արտահայտություններ, պատկերավոր համեմատություններ, այլաբանություններ, չափազանցություններ, փոխաբերական իմաստով բառեր կամ արտահայտություններ, որոնք պայմանագրի մյուս կողմի համար տվյալ պահին կամ հետագայում կարող են դառնալ պայմանագրի իրական առարկային կամ նպատակներին ուղղակիորեն չվերաբերող մեկնաբանման կամ այդպիսի մեկնաբանմամբ պայմանագրի կիրառման հիմք,
-իրավական նորմի որոշակիության ու միջազգային իրավունքին համապատասխան մեկնաբանության ապահովման համար անհրաժեշտ է հստակեցնել պայմանագրի առարկան ու նպատակը, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները»:
Եվս մի առաջարկված լրացում՝ եթե միջազգային պայմանագրի գործողության ընթացքում ի հայտ են եկել վերոհիշյալ հիմքերը՝ միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել: Նշենք, որ գործող օրենքի համաձայն՝ պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել մասնավորապես, եթե «պատերազմական կամ ռազմական դրության, տնտեսական կամ այլ շրջափակման կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ անհաղթահարելի այլ ուժի կամ օբյեկտիվ այլ պատճառների բերումով Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարելու ստանձնած պարտավորությունները», կամ եթե՝ «միջազգային պայմանագրի մյուս կողմը էականորեն խախտում է այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ վտանգում պայմանագրի կատարումը»:
Եվ վերջապես, առաջարկվում է օրենքը լրացնել նոր պարբերությամբ. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաեւ, եթե ողջամիտ ժամկետում չեն վերացել միջազգային պայմանագրի կասեցման հիմքերը»:
Այս փոփոխությունները՝ ընդունվելու դեպքում, կտարածվեն նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վրա, քանի որ նախագծով սահմանված է, որ դրա դրույթները կիրառվում են նաեւ «մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքման համապատասխան փուլում գտնվող միջազգային պայմանագրի նկատմամբ»: Օրենքի հիմնավորման մեջ եւս նշված է, թե առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ՍԴ 2010թ. հունվարի 12-ի որոշմամբ նախատեսված պահանջների մի մասի կատարումը:

Հ. Գ. Ըստ այս նույն օրենքում երեկ կառավարության հավանությանն արժանացած փոփոխությունների՝ ՀՀ նախագահը կարող է կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը եւ հանձնարարական տալ արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին։ Կառավարության նախաձեռնությամբ՝ ՀՀ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը եւ իրավասու գերատեսչությունը։ Դժվար չէ կանխատեսել, թե այս նախագծերից հատկապես ո՛ր մեկը կընդունվի խորհրդարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել