Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՓՈԽՎԵՑ TERT.AM-Ի ՊԱՏԿԵՐԸ

Փետրվար 12,2010 00:00

«Tert.am» քառալեզու կայքէջի լրահոսում վերջին 2 ամիսների ընթացքում շեշտակի պակասել են ընդդիմությանն առնչվող լուրերը: Ընդհանուր առմամբ՝ կայքն իր գործունեության շուրջ 2 տարիները նկատի առնելով՝ բովանդակային առումով բավական փոփոխություններ է ապրել՝ որոշակիորեն նմանվելով այլ՝ իշխանական վերահսկողության տակ գտնվող կայքերին: Այս ամենի պատճառը, մեր ունեցած տեղեկություններով, այն է, որ անցած տարեվերջին «tert.am»-ի հիմնադրի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով կայքից հեռացել են խմբագիրներ Արմեն Մելիքբեկյանը, Յուրի Մանվելյանը եւ Սոնյա Ապրեսովան, որոնք այնտեղ էին աշխատում կայքի ստեղծման օրվանից:
Նշենք, որ «tert.am»-ի հիմնադիրը «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ն է, որը նաեւ հրատարակում է «90 րոպե» ֆուտբոլային եւ «Կապիտալ» թերթերը, «Business Class» ամսագիրը, hayutyun.am սոցիալական կայքէջը: Այս ամենի սեփականատերը «Սովրանո» եւ «Պրես ստենդ» ընկերությունների տնօրեն Արման Սահակյանն է: Հիշեցնենք, որ նա դեռ 2008-ի մայիսին էր «Առավոտին» տված հարցազրույցում հաստատել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանն իր ընկերն է: Այսուհանդերձ «tert.am»-ի հիմնադրման օրվանից Արման Սահակյանը երբեւէ չի միջամտել կայքի լրատվական բավական չեզոք քաղաքականությանը: Սակայն մինչ 3 խմբագիրների հեռանալը՝ եղել են մի քանի փորձեր, որոնք ընկալվել են իբրեւ այս կայքէջը եւս իշխանամետ դարձնելու նպատակ ունեցող, նաեւ առաջարկվել է հրապարակել որոշ լուրեր, որոնք բխում էին իր բիզնես հետաքրքրություններից: Հայտնենք, որ մենք փորձեցինք այս տեղեկությունները ճշտել Արման Սահակյանից, նաեւ այն, թե արդյոք իրո՞ք իր վրա ճնշում է եղել՝ կայքի ուղղվածությունը փոխելու նպատակով: Սակայն Արման Սահակյանը հրաժարվեց մեկնաբանություններից:
Ինչեւէ, հենց միջամտելու այդ փորձերից հետո էլ խմբագիրներ Արմեն Մելիքբեկյանը, Յուրի Մանվելյանը եւ Սոնյա Ապրեսովան հեռացել են «tert.am»-ից, եւ կայքում այժմ հիմնականում նոր աշխատակիցներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել